Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 11,2011 00:00

\"\"ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հիգշաբթի օրը քննարկելու էին Լիբիայում ծագած հակամարտության վերաբերյալ հնարավոր ծրագրերը, մասնավորապես՝ Լիբիայի տարածքի վրա թռիչքային գոտու արգելք սահմանելու հնարավորությունը, նաեւ ռազմական հնարավոր միջամտությունը: BBC-ի մատուցմամբ, ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, թե այդպիսի արգելք սահմանելու համար անհրաժեշտ է նախ Լիբիայի հակաօդային պաշտպանության դեմ գործողություն իրականացնել, ինչն արդեն իսկ կնշանակի պատերազմական գործողություն: Բացի այդ, Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ պաշտոնապես կքննարկեն նաեւ Եվրամիության արտգործնախարարները:

Ընդսմին, Ֆրանսիան արդեն պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների ղեկավար մարմինը՝ Լիբիայի ազգային խորհուրդը որպես երկրի օրինական կառավարություն: Այդ մասին մարտի 10-ին Փարիզում հայտարարել է նախագահ Նիկոլա Սարկոզիի վարչակազմը: Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ից պահանջել են ճանաչել ապստամբների օրինական պահանջներն ու նրանց ձեւավորած իշխանությունը: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնն ասել է, թե ինքը լիազորված չէ նման որոշումներ ընդունել՝ կարեւորելով այդ հարցում Արաբական պետությունների լիգայի հետ համագործակցությունը: Լիբիայի Ազգային խորհուրդն աջակցություն ստանալու խնդրանքով արդեն դիմել է Եվրոպային՝ Լիբիայի օդային տարածքը փակելու հարցում:

Հինգշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել է Լիբիայի դեմ պատժամիջոցներին միանալու իր որոշման մասին: ՌԴ-ն արդեն իսկ արգելք է դրել Լիբիային զենքի մատակարարման վրա: Միաժամանակ ՌԴ-ն շեշտել է Լիբիայում եւ աֆրիկյան այլ պետություններում ուժային միջամտության անթույլատրելի լինելու հանգամանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել