Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ»

Մարտ 11,2011 00:00

Շատ է խոսվում Արեգակի ակտիվացումներով պայմանավորված՝ մագնիսական փոթորիկներից, որոշ կանխատեսումներով՝ դրանցից մեկը կարող է շատ ուժեղ եւ վտանգաբեր լինել Երկրի համար: Որպես մասնագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտահետազոտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին խնդրեցինք մեկնաբանել:

«Գեոմագնիսական փոթորիկները վնասակար են եւ կարող են լուրջ ազդեցություն ունենալ մարդու առողջության եւ ինքնազգացողության վրա, հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար դրանք առավել վտանգավոր են: Ավելի հզոր փոթորիկները նույնիսկ կարող են շարքից հանել էլեկտրականության եւ հաղորդակցությունների համակարգերն ու լուրջ տնտեսական վնասներ հասցնել: Դրանք առաջանում են Արեգակի ակտիվության (մասնավորապես՝ բռնկումների արդյունքում տեղի ունեցող արեւապսակից նյութի արտանետումների) հետեւանքով առաջացած արեգակնային քամու ազդեցության տակ Երկրի մթնոլորտի վերին շերտերում մագնիսական դաշտի՝ մագնիսոլորտի խոտորումների պատճառով: Ի դեպ, Արեգակի ակտիվությունն էլ Արեգակի մագնիսական դաշտի էներգիայի արձակման հետեւանք է: Երկրի մագնիսական դաշտը թեթեւակի տատանումներով մշտապես առկա է, եւ փոթորիկ են կոչվում դրա առավել ուժեղ փոփոխությունները, հատկապես՝ դաշտի լարվածության աճի դեպքում: Սակայն գեոմագնիսական փոթորիկները հնարավոր չէ այդքան վաղօրոք կանխատեսել, առավելագույնը՝ 3 օր առաջ, քանի որ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել Արեգակի ակտիվության դրսեւորումները, մասնավորապես՝ արեգակնային քամու ուժգնությունը, որի հետեւանքը Երկրին է հասնում 3 օր հետո: Սովորաբար մագնիսական փոթորիկները տեւում են 1-2 օր, իսկ շատ հազվադեպ՝ ավելի երկար: Դրանք հատկապես վտանգավոր են բեւեռամերձ շրջաններում»,- պարզաբանեց պարոն Միքայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել