Լրահոս
Օրվա լրահոսը

«Վասպիտած, վդախնավլյած, սաբլազնիծ»

Մարտ 11,2011 00:00

Մանկավարժություն՝ ըստ ՀՀ գլխավոր մարքսիստի

\"\"Պարզվում է, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը դժգոհ է հայկական մանկավարժական դպրոցից. «Մանկավարժական դոկտրինն ունի 4 կարեւորագույն խնդիր՝ «վասպիտած», վդախնավլյած, «սաբլազնիծ» եւ վերջում՝ նոր կրթել: Այս երեքից հատկապես առաջինի վրա ամեն օր Պուտինը հատուկ ուշադրություն է դարձնում՝ նա ամեն մի ելույթում հիշեցնում է այդ խոսքը՝ «վասպիտածը»: Դա խորհրդային իշխանության հենց սկզբնական շրջանի առաջին կարգախոսներից էր: Անտոն Մակարենկոն մի ֆիլմում այսպիսի մի ելույթ ունի՝ «Գլավնայա զադաչա սավեցկոյ վլաստի նի ռաստապտած ֆսյակույու կրիմինալնույու պալիծիչեսկույու սվոլըչ, ա իխ պերեվասպիտած, սդելած իզ նիխ չեսնիմի տրուժիննիկըմի վա բլագա օբշեստվա, վա բլագա գասուդարստվա»: Սա մարքսիստական մանկավարժության կոնցեպցիան է՝ ոչ թե պատժել, այլ դաստիարակել, ոգեշնչել, հավատ ներշնչել իր ուժերի, ապագայի, պետության նկատմամբ: Հիշու՞մ եք՝ դպրոցում ասում էին՝ երեխայի աչքը այս առարկայից վախեցած է: Այսինքն՝ վստահ չէ, որ այդ առարկայի բարիերը կարող է հաղթահարել: Ոգեշնչման առանցքային հարցը սրանով է կարեւոր: Երրորդ կարեւորագույն խնդիրը՝ «սաբլազնիծ պրեդմետոմ»: Ուսուցիչը պետք է կարողանա գայթակղել առարկայով: Երեխան պետք է հրապուրվի գիտությամբ, ուսումով, տվյալ առարկայով»,- ներկայացնում է Հայաստանի գլխավոր մարքսիստը: Դ. Հակոբյանը գտնում է, որ այդ ամենից հետո միայն պիտի գա կրթելը. «Գերմանական տրադիցիոն դպրոցում ուսուցիչների ատեստացիան կատարվում է դասալսման պրոցեսում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասում է՝ եթե բանավոր նյութը մատուցելուց հետո ուսուցչի կամ դասախոսի աուդիտորիայի 50 տոկոսը նյութը յուրացնում է, ուրեմն ուսուցիչը համարվում է բարձր որակավորման: Մեզ մոտ ամեն ինչ այլ է՝ ուսուցչի որակը որոշում են համակարգչային մանիպուլյացիոն խաբեությունների միջոցով՝ թեստավորման եւ այլնի…»:

Ըստ բանախոսի, բարձր որակավորման ուսուցիչ համարվելու համար հարկավոր է ունենալ որոշակի արտիստիզմ, արտաքին հագուկապի իմիջ, արվեստի կատարելության աստիճանի հասնող հռետորություն, նյութի ձեւավորման գեղագիտական շնորհք, նյութի մատուցման վարպետություն. «Ուսուցիչը պետք է կարողանա արագ նյութը ներարկել երեխաների երակների մեջ: Դա ամբողջ մի հոգեբանական պրոցես է, երբ ուսուցիչը կարողանում է աուդիտորիան միացնել ուղեղի հետ»: Դ. Հակոբյանը դժգոհում է, որ հայկական մանկավարժական դպրոցին պակասում են դաստիարակելը, ոգեշնչելը եւ հրապուրելը:

Բանախոսը չցանկացավ մանրամասնել մանկավարժական արվեստի ատրիբուտները, այս մասով միայն նշեց. «Այսօր կրթական համակարգի բարեփոխումների մեջ մենք չենք տեսնում, թե ինչպիսի մեթոդներ եւ տեխնոլոգիաներ են առաջարկում մեր իշխանական այրերը, բացի համակարգչային մանիպուլյատիվ խեղկատակություններից: Ուսուցիչը համակարգչից՝ որպես գիտելիքների էնցիկլոպեդիա, տարբերվում է նրանով, որ կարողանում է նյութը մատուցել: Ուսուցիչները մարդկային հոգիների հոգեկերտվածքային ճարտարապետներն են: Ասացեք, ինչպիսի՞ ուսուցիչ ունեք, ասեմ՝ ինչպիսին է ձեր քաղաքակրթությունը…»:

Դ. Հակոբյանը խոսեց նաեւ 10-ից 12-ամյա կամ, ինչպես ինքն անվանեց՝ ինտենսիվ կրթությունից էքստենսիվի անցման մասին: Նրա ձեւակերպմամբ, 12-ամյա՝ էքստենսիվ կրթությունը վտանգավոր է մեր հասարակության համար. «Տասը տարի շարունակ «Օրինաց երկրի» ավազակախմբի կողմից ներդրվեց, այսպես կոչված, էքստենսիվ կրթական համակարգը, որը կատարյալ հանցագործություն է ազգի հանդեպ: Այսօր աշխարհի բոլոր հզորագույն դպրոցները աշխատում են կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով նյութ մատուցել աշակերտներին: 10 տարին փոխարինել 12-ով՝ ամերիկյան տրադիցիա է, որն արդեն անցավ: Էքստենսիվ կրթական համակարգը խփում է բանակաշինությանը, գենոֆոնդի ռեպրոդուկցիոն անվտանգությանը եւ աշխատուժի հերթափոխությանը: Եթե մենք հասունության ատեստատը ստանում էինք 10 տարվա մեջ՝ 10-րդ դասարանն ավարտելուց հետո, եւ արդեն 18-ում կարող էինք ամուսնանալ, այժմ հասունության ատեստատը ստանում են 18-19 տարեկանում: Եվ սա այն պարագայում, երբ նվազագույն ծննդաբերության հասակը 18-22-ն է: Եթե սրան ավելացնում ենք նաեւ 8 տարի բարձրագույն կրթությունը, ամուսնության հավանական տարիքը դառնում է 28-30 տարեկանը: Տեսեք, թե այս պայմաններում ինչքան ենք հարվածում ռեպրոդուկցիոն անվտանգությանը»:

Բանախոսն անդրադարձավ նաեւ դպրոցների տնօրենների հավաստագիր ստանալու համար քննություններին ու նոր կարգին: Նա այդ ամենը որակավորեց՝ տխրահռչակ հիմարություն. «Տնօրենը հայեցակարգային, բարոյահոգեբանական ֆլագման է: Նա առաջին հերթին մարդկային փոխհարաբերությունների դիվանագետն է, կոլեկտիվ սինթեզողը: Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք համակարգչով որոշել նրա բարոյահոգեբանական ատրիբուտները: Տնօրենը պետք է կոլեկտիվում ազդեցություն ունենա, կարողանա «մանիպուլիրըված կադրամի», իսկ դա ժամանակի հարց է: Նա ժամանակ պետք է ունենա այդ դպրոցում իրեն դրսեւորելու՝ որպես բարձր բարոյահոգեբանական կոնտեքստով մարդ: Սա բացարձակ նախարարության ֆունկցիան լինել չի կարող, քանի որ մենք գործ ունենք ժողովրդավարական կառույցի հետ»:

Հ. Գ. Մարքսիստը անդրադարձավ նաեւ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա համոզմամբ, ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական փուլն արդեն տանուլ ենք տվել. «Գավառների հանձնումը հանուն Ղարաբաղի ինքնորոշման՝ մանկական միամտություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել