Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՎ ՉՊԱՏԺՎԱԾ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՈՎ

Մարտ 11,2011 00:00

\"\"Այսպիսին է ՀՀ կրթահամակարգը՝ ըստ «Սիվիլիթասի» զեկույցի

«Սիվիլիթաս» հիմնադրամը Նորվեգիայի ԱԳՆ-ի օժանդակությամբ վերջերս հրատարակել է «Հայաստան-2010. Անորոշության տարի» վերնագրով զեկույց, որտեղ անդրադարձ կա նաեւ ՀՀ կրթության համակարգին: Զեկույցում նշված է, որ 2010 թվականն աչքի է ընկել ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» ընդունմամբ, ինչպես նաեւ մի քանի համակարգային փոփոխություններով:

Ըստ զեկույցի, այդ փոփոխությունները եւ կառավարության ծրագիրը կառուցված էին կրթության մասին բոլոր բանավեճերի հիմքում եղած մի քանի խնդիրների շուրջ. կրթության մատչելիություն ու սոցիալական բոլոր խմբերի համահավասար հնարավորությունների ստեղծում, կրթության որակի բարելավում եւ արդյունավետ կառավարում: «Կառավարության ծրագիրը որեւէ քաղաքականություն չի առաջարկում երկրում օտար լեզուների դասավանդման ուղղությամբ, այնինչ հենց այդ խնդրի շուրջ էր կրթության բնագավառում տարվա ամենաթեժ բանավեճը: Մարտին խորհրդարան ներկայացվեց հապշտապ եւ առանց հանրային քննարկումների մշակված «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է, ըստ էության, Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման համար օրինական ճանապարհ բացելը»,- ասվում է «Հայաստան-2010. Անորոշության տարի» զեկույցում: Այնտեղ նաեւ նշվում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի մասին ու հավելվում, որ կես տարուց ավելի տեւած բանավեճը այդպես էլ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ չտվեց՝ արդյո՞ք Հայաստանն ունի հանրակրթության համակարգում օտար լեզուների ուսուցման հայեցակարգ, ինչպե՞ս են սեփական լեզու ունեցող այլ փոքր ազգերը լուծել այս խնդիրը, ինչպե՞ս կարելի է խնդիրը դիտարկել հետեւյալ հարթությունների վրա. ուսուցանել եւ ուժեղացնել մայրենի լեզուն ու ազգային ինքնությունը եւ, միեւնույն ժամանակ, ուսուցանել օտար լեզուներ՝ առանց վտանգելու պետական լեզվի դիրքերը՝ երկրի միջազգային ինտեգրումն ու մրցունակությունն ապահովելու համար: Զեկույցի «կրթական» մասում շեշտված է՝ Հայաստանում նախադպրոցական կրթական համակարգի վերականգնումը եւ նրա հասանելիության ապահովումը բոլորի համար դեռեւս լուրջ խնդիր է: Ուսումնասիրության մեջ փաստվում է նաեւ, որ համակարգային այլ մարտահրավերների հետ մեկտեղ, կրթական համակարգում լուրջ խնդիր է մնում կոռուպցիան: Վկայակոչվում է 2010-ին դիպլոմների ու գնահատականների «վաճառքի» ավելի քան 4 տասնյակ դեպք ու, ընդ որում, դարձյալ ըստ զեկույցի, միայն մի քանի դեպքում են մեղավորները պատժվել: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության անցյալ տարվա տվյալներով եւս ամենակոռումպացվածը ՀՀ կրթական համակարգն էր ճանաչվել: Իսկ «Հայաստան-2010. Անորոշության տարի» զեկույցում կոռուպցիային «ընկերակցում» է նաեւ բարոյականության անկումը. «Կոռուպցիայի խնդիր դարձավ նաեւ բարոյականությունը: 2010-ին մեծ արձագանք ստացավ դեռեւս նախորդ տարվանից սկսված ու հասարակությանը ցնցած հատուկ դպրոցի դեպքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել