Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ

Մարտ 11,2011 00:00

\"\"

1962թ. նոբելյան մրցանակի դափնեկիրների պատվին ճաշկերույթ տալիս Ջոն Քենեդին ասել է. «Սպիտակ տանը դեռ երբեք տաղանդի ու հանճարի այսքան բարձր կենտրոնացում չի եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ այստեղ միայնակ ճաշում էր Թոմաս Ջեֆերսոնը»:
ԱՄՆ սահմանադրության հայր ու 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն իր հերթին ասել է. «Եթե ստիպված լինեի ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի, թե թերթեր առանց կառավարության, առանց մտածելու կընտրեի երկրորդը»:
Բնականաբար, Ջեֆերսոնը թերթեր ասելով նկատի ուներ ազատ մամուլը, որը կարող է քննադատել, «հայհոյել», երկրում առկա խնդիրները վեր հանել… Մի խոսքով՝ խոսքի ազատությունից օգտվող ազատ մամուլը:
Ի՞նչ է արվում մեզ մոտ այդ ուղղությամբ եւ ինչի՞ կարող է հանգեցնել դա:

Հեռուստաեթերի համատարած «պատասխանատուացումից» հետո կարծես թե հերթը հասել է գրավոր մամուլին:

Դրա հիմքը դրվեց 2010թ.-ին, երբ վիրավորանք եւ զրպարտություն հանցակազմերն ապաքրեականացնելու պատրվակով ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը հատուցում է նախատեսում անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը հրապարակային ձեւով վիրավորելու եւ զրպարտության միջոցով արատավորելու համար:

Թե ինչու են օրենքի հեղինակները գտնում, որ, օրինակ, բռնաբարության զոհ դարձած անձը չի կարող իր արատավորված պատվի եւ արժանապատվության համար բարոյական վնասի հատուցում ստանալ, կարծում եմ՝ պարզ է, դա դժվար թե նպաստեր գրավոր մամուլի համատարած «պատասխանատուացմանը» (մամուլը չի՞ բռնաբարում): Այժմ՝ ավելի կոնկրետ: Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով անձի արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, մարդու իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմք եւ երաշխավորվում, հարգվում ու պաշտպանվում է պետության կողմից:

Քաղօրը, սակայն, բարոյական վնասի փոխհատուցում չի նախատեսում: 2010թ.-ին ընդունված 1087.1 հոդվածն էլ, իրականում, այդ բացը լրացնելուն չէր ուղղված, այլ՝ ազատ մամուլի «պատասխանատուացմանը»:

Օրերս լրագրողական կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, արտահայտելով իրենց մտահոգությունը վերը նշված հոդվածին հղումով, մամուլի դեմ բազմաթիվ հայցերի հարուցմամբ ու միլիոնավոր դրամների հասնող պահանջներով:

Դա ակնհայտորեն կհանգեցնի նման հարձակման թիրախ դարձած լրատվամիջոցների սնանկության ու գործունեության կազմալուծման: Այժմ փորձեմ հիմնավորել, թե ինչու եմ պնդում, որ օրենսդրական նման փոփոխությունը ոչ թե անձի արժանապատվության պաշտպանությանն է ուղղված, այլ՝ ազատ եւ ընդդիմադիր մամուլի «պատասխանատուացմանը»:

Ողջ քաղաքակիրթ աշխարհում անձի արժանապատվությունը ոտնահարելու համար բարոյական վնասի նյութական փոխհատուցում է նախատեսված, որը, սակայն, չի սահմանափակվում միայն վիրավորանքի կամ զրպարտության դեպքերով, ինչպես ՀՀ-ում է:

ՌԴ քաղաքացիական օրենսգրքով, օրինակ, բարոյական վնասի նյութական փոխհատուցման հիմքերն են՝ առավել վտանգի աղբյուրով անձի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասը, ապօրինի դատապարտման, քրեական պատասխանատվության ենթարկելով, կալանավորելով, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով, ապօրինի վարչական կալանքի կամ ուղղիչ աշխատանքների ենթարկելով պատճառված վնասը, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելով պատճառված վնասը, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Ինչպես տեսնում ենք, մեր օրենսդրությամբ արհեստականորեն սահմանափակել են բարոյական վնասի դեպքերն ու պատասխանատուների շրջանակը եւ միայն այն դեպքի համար է վնասի փոխհատուցում սահմանվել, որով կարող է հարված հասցվել անկախ եւ ընդդիմադիր մամուլի միջոցներին: Նշվածով էլ հիմնավորվում է, որ օրենքի իրական նպատակը ոչ թե անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն է, այլ՝ մամուլի «պատասխանատուացումը»: Սա արդեն ոչ միայն խոսքի ազատությունն է սահմանափակում, այլ նաեւ խտրականության դրսեւորում է: Հարց է ծագում, եթե անձի արժանապատվությունից ելնելով բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտն է ներմուծվում, ապա ինչո՞ւ միայն խոսքի ազատությունը չարաշահելու դեպքերի համար եւ ոչ, ասենք, շատ ավելի վտանգավոր դեպքերի համար: Պետությունն ինչո՞ւ չպետք է հատուցի այն անձի բարոյական վնասը, որին մեղադրել է անչափահաս աղջկա բռնաբարության մեջ, դատապարտել է այդ հոդվածով, որն ավելի քան 6 տարի անազատության մեջ է անցկացրել (երեւակայել կարելի է, թե նման մեղադրանքով անձն ինչի միջով է անցել ազատազրկման վայրում), որից հետո պարզվել է, որ նա անմեղ է եւ արդարացվել է: Ինչո՞ւ այդ մարդը պետք է բավարարվի միայն «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը ստանալով, իսկ այն անձը, որին թերթով «չոռ» են ասել, պետք է միլիոններ ստանա:

Ի տարբերություն ազատ մամուլի դերի վերաբերյալ Թոմաս Ջեֆերսոնի վերաբերմունքի, որն ԱՄՆ-ում ավանդույթի վերածվեց, ՀՀ նախագահները կարծես թե հակված չեն մամուլի կողմից քննադատություն հանդուրժել եւ միգուցե դա է պատճառը, որ առաջին նախագահը փակեց «Հայլուրն» ու դաշնակցական լրատվամիջոցները, հիմնելով մեր ավանդույթը, 2-րդ նախագահը եթերազրկեց «Ա1+»-ը, «Նոյյան տապանը» եւ «պատասխանատու» դարձրեց ողջ եթերը, իսկ 3-րդ նախագահի օրոք կարծես թե փակման կամ «պատասխանատուացման» վտանգի առջեւ են կանգնել դեռեւս առկա անկախ կամ ընդդիմադիր գրավոր լրատվամիջոցները:

Ստացվում է, որ առաջին նախագահի ժամանակներից բռնել ենք երկրում ազատ մամուլից ազատվելու ճանապարհը, եւ յուրաքանչյուր հաջորդ նախագահ իր ներդնումն ունի այս գործում, իսկ ազատ մամուլ չունենալ՝ կնշանակի ընդհանրապես մամուլ չունենալ, կասեմ ավելին, ավելի լավ է ընդհանրապես մամուլ չունենալ, քան ունենալ միայն «պատասխանատու», մի կետից ուղղորդվող մամուլ, որովհետեւ դա արդեն գեբելսյան պրոպագանդան է: Ի դեպ, այսօր էլ պետություններ կան, որոնց, ինչպես հեռարձակվող, այնպես էլ տպագիր մամուլը միայն «պատասխանատու» է: Նախկինում այդպիսիք էին նացիստական Գերմանիան, ԽՍՀՄ-ն ու սոցճամբարի երկրները, ինչի վախճանը տեսել ենք, այդպիսին են արաբական շատ երկրներ, ինչի հետեւանքը (վախճանը) տեսնում ենք, այդպիսին են Կուբան, Հյուսիսային Կորենան եւ այլն, ինչի հետեւանքը տեսնում ենք եւ դեռ կտեսնենք, այդպիսին է նաեւ Ադրբեջանը, որը հեղափոխականության ռիսկով աշխարհի առաջին տասնյակում է:

Մի՞թե մենք էլ ենք դրան ձգտում:

Արդեն անդրադարձել ենք այն փաստին, որ ազատ ու ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ ֆինանսական ճնշամիջոցների կիրառմամբ հարձակում է սկսվել, որի իրավական հիմքը դրվեց զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելու «վեհ» պատրվակով 2010թ.-ին կատարված օրենսդրական փոփոխություններով, ինչի արդյունքում զրպարտությունն ու վիրավորանքը դադարեցին հանցագործություն համարվել ու դրանց համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանվեց՝ առաջինի դեպքում մինչեւ 1 միլիոն դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ մինչեւ 2 միլիոն դրամ հատուցման չափով: Նշել ենք նաեւ, որ Քաղօրում նման նորամուծությունն ամենեւին ուղղված չէ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրմանը, այլ դրա իրական թիրախը ազատ եւ ընդդիմադիր մամուլն է, իսկ նպատակը՝ ֆինանսական ճնշամիջոցներով դրանց «պատասխանատու» դարձնելը: Որպես նման պնդման հիմնավորում՝ նշվել է, որ եթե բարոյական վնասի փոխհատուցումը օրենսդրորեն սահմանելու խնդիր ունեինք, ինչը ողջ քաղաքակիրթ աշխարհում առկա է, ուրեմն պետք է նման փոխհատուցում նախատեսվեր ոչ միայն մամուլով «չոռ» ասելու, այլ անձի արժանապատվությունը ոտնահարող շատ ավելի վտանգավոր արարքների համար, կլինի դա բռնաբարություն, ապօրինի ազատազրկում, անձի կյանքին ու առողջությանը հասցվող վնաս եւ այլն: Մեր մոտեցումը հաստատվում է նաեւ մամուլի դեմ ահագնացող թափ ստացող ֆինանսական պահանջներով դատական հայցերով, ինչն իրենց հայտարարությամբ օրերս փաստեցին նաեւ լրագրողական կազմակերպությունները: Նման պնդման դեմ կարող է առարկություն ներկայացվել այն առումով, որ զրպարտություն եւ վիրավորանք հանցակազմերն ապաքրեականացնելու պահանջը գալիս էր եվրոպական կառույցներից եւ դրանք ապաքրեականացնելով պետք է գոնե քաղաքացիաիրավական պատասխանատվություն նախատեսվեր, ինչն էլ արվել է: Հարց է ծագում, եթե Քրօրի 135 հոդվածի համաձայն՝ զրպարտությունը ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելն էր, իսկ 136 հոդվածի համաձայն՝ վիրավորանքն ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելն է, եւ այս արարքներն ապաքրեականացնելու խնդիր էր դրված, ապա ինչու՞ Քաղօրի 1087.1 հոդվածով զրպարտության ու վիրավորանքի սահմանումներից հանվեցին ակնհայտ սուտ եւ անպարկեշտ ձեւով հասկացությունները:

Փոփոխված ձեւակերպումների տակ կարող է մտնել համարյա ցանկացած (ենթադրյալ) փաստական անճշտություն, որոնցից պաշտպանության միջոց արդեն իսկ գործում էր, մասնավորապես, ԶԼՄ օրենքի 8 հոդվածը սահմանում է հերքման եւ պատասխանի իրավունքը, որի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Նշվածից հետեւում է, որ պետք է հստակորեն սահմանազատել «զրպարտություն» եւ «վիրավորանք» հասկացությունները, մի կողմից եւ անձի իրավունքը խախտող փաստացի անճշտությունը, մյուս կողմից, որոնցից առաջինի դեպքում կարող է պահանջվել դրամական փոխհատուցում, իսկ երկրորդի դեպքում նման իրավունք առկա չէ եւ խոսք կարող է գնալ միայն հերքման եւ պատասխանի մասին, հակառակ դեպքում, ցանկացած քննադատական եւ դժվար ապացուցելի փաստերի վրա հիմնված հոդված կարող է համարվել զրպարտություն կամ վիրավորանք եւ նյութական պատասխանատվություն առաջացնել:

Այն, որ իշխանության ճյուղերի միջեւ համաձայնեցված որոշում է կայացվել տպագիր մամուլի «պատասխանատուացման» հարցը լուծելու համար դիմել ֆինանսական ճնշամիջոցների, հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ օրենսդրական փոփոխությամբ բարոյական վնասի փոխհատուցում է նախատեսվում անձի պատվի եւ արժանապատվության ոտնահարման դեպքերից միայն մեկի (հրապարակային արատավորում) համար, որով, որպես կանոն, պատասխանատու են լինում լրատվամիջոցները, արհեստականորեն սահմանափակելով պատճառված բարոյական վնասի հատուցման դեպքերն ու պատասխանատուների շրջանակը, այլ նաեւ նրանով, որ մինչ օրենսդրական նման փոփոխությունն էլ սկսեց գործել ֆինանսական ճնշման ձեւը, պարզապես այժմ դա օրենսդրական մակարդակով է արվում:

Նախ նշեմ, որ մամուլում հրապարակված նյութերով վեճերի դեպքում ապացուցման պարտականությունը կրում է լրատվամիջոցը, այսինքն՝ հայցվորը կարող է երկու տողանոց հայց գրել այն մասին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ խախտում է իր իրավունքը, իսկ դրա իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականությունը կրում է լրատվամիջոցը:

Հայցվորի համար նման պարզ գործերով, անգամ, դատարանները որպես դատական ծախս (փաստաբանին վճարված գումար) ողջամիտ են համարում ընդհուպ 3.000.000 դրամը եւ լրատվամիջոցից այդքան գումար բռնագանձում հօգուտ հայցվորի (ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի քաղգործ N ԵԿԴ/0565/02/09):

Օրինակի համար նշեմ, որ կադաստրի դեմ հայցով մոտ մեկ տարի ընթացած դատաքննության եւ փաստաբանին վճարված 150.000 դրամի պայմաններում դատարանը ողջամիտ է համարում 50.000 դրամը եւ այդքան գումար բռնագանձում կադաստրից (վարչական գործ հ. ՎԴ/4479/05/08): Կարծում եմ, որ 3.000.000-ի ու 50.000-ի տարբերությունն ահռելի է (60 անգամ) եւ հերքման պահանջի պես պարզ գործով այդ 3.000.000 դրամն ակնհայտորեն անողջամիտ գումար է:

Առանց այն էլ ֆինանսական ծանր պայմաններում գտնվող մամուլի «պատասխանատուացման» համար ֆինանսական ճնշամիջոցներ կիրառելու եւ որպես փաստաբանի ծախս նման ճչացող գումարների փոխարեն բարոյական վնասի հատուցման գումարներ բռնագանձելու համար էլ, կարծում եմ, կատարվել է օրենսդրական փոփոխությունը, ինչը մամուլի դեմ ֆինանսական ճնշամիջոցներ գործադրելու լայն հնարավորություն է տալիս եւ դատարաններն էլ դա կիրառում են հատուցման առավելագույն չափը սահմանելով (տես ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ) մեկ այլ գործ՝ ԵԿԴ/2347/02/10):

Ի դեպ, եթե կա մեկը, որն այնուամենայնիվ շարունակում է կասկածել, որ օրենքը հատկապես ուղղված է ԶԼՄ-ների դեմ, կարող է ԱԺ կայքում ծանոթանալ օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորումին, որն ամբողջությամբ վերաբերում է ԶԼՄ-ներին ու լրագրողներին եւ նրանց կողմից խոսքի ազատության չարաշահումներ թույլ չտալու նպատակին:

Ի դեպ, այդ հիմնավորումներում թեեւ նշված է, որ «խոսքի ազատության որեւէ դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով չի համարվում համաչափ», այսինքն անհամաչափ խիստ պատասխանատվություն է, եւ նկատի ունենալով այդ հանգամանքը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, սակայն նկատենք, որ Քրօրով վիրավորանքի համար տուգանք էր նախատեսված 100.000-ից 800.000 դրամի չափով, իսկ զրպարտության համար՝ 100.000-ից 1.000.000 դրամի չափով, որը օրենքի ոչ համաչափ, խիստ լինելու պատճառաբանությամբ վերացվել է, սակայն Քաղօրով շատ ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց, վիրավորանքի համար՝ 1.000.000, զրպարտության համար՝ 2.000.000 դրամի չափով:

Հ. Գ. Թեմայի վերաբերյալ հրապարակումներով ամենեւին չեմ պաշտպանում իր խոսքի արժեքն ու պատասխանատվության որեւէ չափ ու սահման չճանաչող եւ անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող հերյուրանքը որպես տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցների գործելակերպը: Սակայն գտնում եմ, որ դրա դեմ չպետք է պայքարել խտրականորեն եւ դա չպետք է որպես առիթ օգտագործել լրատվամիջոցները «պատասխանատու» դարձնելու կամ փակելու համար:

Եթե նման օրենքների ընդունումը հիմնավորվում է անձի արժանապատվությունը պաշտպանելու ցանկությամբ, ապա առաջին հերթին պետք է բարոյական վնասի հատուցման իրավունք սահմանել պետական մարմինների ապօրինի գործողություններից (ապօրինի ազատազրկում, կալանավորում եւ այլն) տուժած անձանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել