Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է Վրաստանը միջնորդ լինել

Մարտ 11,2011 00:00

Մարտի 9-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղի «Բորչալի» սրճարանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները քննարկեցին «Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում» թեման: Թեքալին հարավկովկասյան երեք հանրապետությունների սահմանին մոտ է: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը կատակով ասաց, որ Թեքալին մի հրաշալի օր կդառնա Հարավային Կովկասի մայրաքաղաքը: Միջոցառումը կազմակերպել էին Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան), «Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսը» (Ադրբեջան) եւ «Թեքալի ասոցիացիան» (Վրաստան): Լսումները վարում էր Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը, ներկա էր Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին:

Լսումները խորհրդանշական դատի ձեւով էին, որի ժամանակ վրացի երկու փորձագետներ, կոնֆլիկտոլոգներ Գեորգի Խուցիշվիլին եւ Մամուկա Արեշիձեն ներկայացրին հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում Վրաստանի միջնորդության վերաբերյալ իրենց տեսակետները: Ըստ հայ-ադրբեջանական հակամարտությանը վրացական միջնորդության օգտին խոսող փորձագետի, արդեն քանի տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերն անարդյունավետ են, Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միջպետական վեճ չունի, ինչը կնպաստի միջնորդի նրա դերակատարմանը, Վրաստանը ինքն էլ տուժել է ազգամիջյան հակամարտությունից եւ սեփական սխալներից օգուտ քաղած՝ կարող է կողմերին օգտակար լինել: Մամուկա Արեշիձեն՝ ընդհակառակը, ասաց, որ Վրաստանն ազգամիջյան կոնֆլիկտներին առնչվող իր սխալներից դասեր չի քաղել, որ սովորաբար միջնորդ հրավիրում են նրան, ով հեղինակավոր է կամ հարուստ: Վրաստանը ոչ մեկն է, ոչ մյուսը: Նրա կարծիքով՝ Վրաստանի միջնորդական առաքելությունը կարող է առաջացնել Ռուսաստանի հակազդեցությանը, բացի այդ՝ նույնիսկ Վրաստանին բարեկամ երկրները ոգեւորությամբ չեն ընդունի այս նախաձեռնությունը: «Առավոտի» թղթակիցը հարց ուղղեց Մամուկա Արեշիձեին, թե Վրաստանը կարո՞ղ է լինել միջնորդ, միջնորդությունը ենթադրում է անկողմնակալություն, մինչդեռ Վրաստանը Ադրբեջանի հետ ռեգիոնալ զանազան ծրագրեր է իրականացնում, մեծ շահույթներ ստանում ադրբեջանական էներգառեսուրսների փոխադրումներից: Վրաց փորձագետն անկեղծ պատասխանեց, որ աշխարհում ոչ մի միջնորդ անկեղծ եւ անշահախնդիր չի լինում:

«Դատի» վերջում կազմակերպվեց քվեարկություն: Ներկաներից 27-ը կողմ էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Վրաստանի միջնորդությանը, 8-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել