Սփյուռքի նախարարությունը չի ասում, թե որքան գումար է ծախսվելու ճարտարապետների համահայկական երկրորդ համաժողովի վրա եւ չկա երաշխիք, որ Նարեկ Սարգսյանը նորից չի նեղացնի սփյուռքահայ ճարտարապետներին:
Փոխնախարար Սարգսյանը ջո՞ւրն է գցում նախագահ Սարգսյանի եւ նախարար Հակոբյանի ջանքերն ու հարկատուներիս փողերը:
2009թ. ապրիլի 21-24-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ անցկացվեց Ճարտարապետների համահայկական առաջին համաժողով, որը կրում էր «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» խորագիրը: Համաժողովին մասնակցում էին ավելի քան 100 սփյուռքահայ ճարտարապետներ աշխարհի 15 երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա եւ այլն: Ռուսաստանցի ճարտարապետներ Հրաչյա Արմենակյանը եւ Կարեն Բալյանը դժգոհել էին Երեւանի այսօրվա տեսքից: Հրաչյա Արմենակյանն ասել էր. «Քաղաքում առանց այդ էլ քիչ են ծառերը, իսկ եղածներն էլ հատվում են: Կարծում եմ՝ դա լուրջ խնդիր է Երեւանի համար»: Կարեն Բալյանն էլ նշել էր, որ Երեւանը վերջին ժամանակներս փոխվել է. «Մայրաքաղաքում տիրող քաոսը ապօրինի կառույցների հետեւանք է: Երեւանը կորցրել է սիմետրիան: Դա մայրաքաղաքի արհեստական աճի հետեւանք է» («Առավոտ», 22.04.2009՝ «Սփյուռքահայ ճարտարապետները հիացած չեն»): Սրանից հետո ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանին հարցրինք, թե սփյուռքահայերի քննադատությունից ի՞նչ հետեւություն է արել: Պարզվեց՝ չի արել: «Խոսքը չի գնում հետեւություններ անելու մասին: Ֆորումի նպատակն է՝ մեր գործընկերների աչքերով ընկալել Երեւանը: Դա մեզ կօգնի կողքի աչքերով հասկանալ, ի վերջո, ուր ենք հասել: Այդ կարծիքները մեզ հնարավորություն կտան շատ ավելի զգոն լինել»,- ասել էր Նարեկ Սարգսյանը («Առավոտ», 24.04.2009՝ «Ընդամենը կողքի աչք»):
Սա այն դեպքում, երբ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ՀՀ նախագահը նկատել էր. «Հուսով եմ, որ այս համաժողովը սկիզբ կդնի մեր ճարտարապետների միջեւ որակական նոր մակարդակի համագործակցության: Սա է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները խորացնելու եւ այն ավելի գործնական, իրատեսական հիմքերի վրա դնելու ճանապարհը: Ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում առանց պետական մոտեցման անհնար է լուրջ արդյունքներ արձանագրել»: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ասել էր. «Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, համախմբել հայկական ճարտարապետական ներուժը եւ այն օգտագործել Հայաստանի ճարտարապետական հիմնախնդիրների լուծման գործում»:
Թե ինչու է քաղաքաշինության փոխնախարարը շեղվում հանրապետության նախագահի նախաշնած եւ սփյուռքի նախարարի հայտարարած գծից, մնաց անհայտ, Նարեկ Սարգսյանը շարունակեց պաշտոնավարել:
Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովի համար ՀՀ պետական բյուջեից՝ հարկատուներիս հաշվին ծախսվեց 2,8 միլիոն դրամ: Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների առաջին համահայկական համաժողովի ժամանակ որոշվել էր 2 տարին մեկ անգամ անցկացնել համաժողով եւ հիմա ՀՀ սփյուռքի նախարարությունը զբաղված է Ճարտարապետների համահայկական երկրորդ համաժողովի կազմակերպման աշխատանքներով: Նախարարությունից տեղեկացանք, որ երկրորդ հավաքին կհրավիրվեն եւ առաջինի մասնակիցները, եւ կլինեն նոր հրավիրյալներ: Մեր հարցմանն ի պատասխան, նախարարությունից չասացին, սակայն, թե այս անգամ ինչքան գումար կծախսվի: Հիշեցնելով Նարեկ Սարգսյանի վերը բերված արտահայտությունը, որը չի տեղավորվում նախագահի խոսքի տրամաբանության մեջ, սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեցինք, ի՞նչ տպավորություն կթողնի Հայաստանը սփյուռքում, եթե պետական մի պաշտոնյայի ասածը հակասում է պետական այլ պաշտոնյայի ասածին: «Ըստ էության, ՀՀ սփյուռքի նախարարի եւ ՀՀ գլխավոր ճարտարապետի ասածները միմյանց չեն հակասում: Պարզապես՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է համաժողովի նպատակը՝ ամբողջության մեջ, իսկ ՀՀ գլխավոր ճարտարապետը՝ համաժողովի նպատակներից միայն մեկը: Ինչ վերաբերում է հետեւություններ անել-չանելուն, ապա ՀՀ գլխավոր ճարտարապետի այն խոսքը, որ նրանց կարծիքները հնարավորություն կտան ավելի զգոն լինել, դա նշանակում է, որ նրանց ասածները հաշվի կառնվեն: Ձեր բառերը հակադրելը ոչինչ չի տալիս, ընկալման խնդիր է»,- պատասխանեցին նախարարությունից: Կարծում ենք, բոլորի համար էլ ընկալելի է, որ կողքից աչք ունենալու համար պետք չէ ծախսել 2,8 միլիոն դրամ: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում հեռու գտնվող մեկի կարծիքը կարող է լսելի եւ տեսանելի լինել այլ, շատ ավելի էժան ձեւով: Օրինակ՝ ինտերնետով:
Նախարարությունից հետաքրքրվեցինք նաեւ, թե Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովը ի՞նչ գործնական հետեւանքներ է ունեցել: «Ստեղծվել է «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն»՝ իր մասնաճյուղերով, ճարտարապետների համահայկական ցանց, 2010թ. Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված «Շանհայ EXPO 2010»-ին Հայաստանը հանդես է եկել «Աշխարհի քաղաք» նախագծով, որի վերաբերյալ ընկերակցության անդամների կողմից ներկայացվել է մոտ 30 նախագիծ, որոնք հաշվի են առնվել նախագծի ամբողջացման ընթացքում: Երեւանում Երիտասարդական պալատի տեղում համալիրի կառուցման համար կազմակերպված մրցույթին սփյուռքի ճարտարապետներից 100-ից ավելի նախագիծ ստացվեց»,- եղավ պատասխանը: Փորձեցինք ավելի կոնկրետանալ եւ հարցրինք. Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովի որեւէ մասնակից որեւէ նախագիծ ներկայացրե՞լ է Հայաստանի Հանրապետությանը: Եթե այո, ի՞նչ ճակատագիր է ունեցել առաջարկը: Այս հարցին նախարարության պատասխանը, այն էլ մի քանի շաբաթ մտածելուց հետո, խուսափողական էր, ինչը խոսուն փաստ է. «Այդ մասին արդեն ընդհանրական ներկայացրինք, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցությունից»:
Լրագրողի հարցերում ընկալման խնդիր տեսնող նախարարության այս վերջին պատասխանում ընկալելի է ասելիքի բացակայությունը: Իսկ սա նշանակում է, որ մեր մտավախությունը, թե փոխնախարար Նարեկ Սարգսյանի պահվածքը կարող է նեղացրած լինել զգայուն սփյուռքին՝ տեղին էր: Եվ, ի դեպ, չկա երաշխիք, որ երկրորդ համաժողովում հնարավոր քննադատությունն էլ Նարեկ Սարգսյանի պետքը չի լինի ու կա մտավախություն, որ սփյուռքը էլի կնեղանա: Իրերի այս դրության պարագայում արժե՞, արդյոք, ռիսկի դիմել, պետական փողեր ծախսել եւ երկրորդ համաժողովը անցկացնել: Հարցը հռետորական չէ: