Երեկ, ժամը 13.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 22 հասցեում գտնվող «Ռադիո Ավրորա» կայանից հայտնել են, որ մի անծանոթ տղամարդ սպառնում է պայթեցնել ռադիոկայանը:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի, քննչական խումբը պարզել է, որ ժամը 13.10-ի սահմաններում 65-ամյա Լեւոն Ղասաբյանը մուտք է գործել նշված ռադիոկայան, իր դժգոհությունն արտահայտել հեռարձակվող երաժշտության վերաբերյալ եւ պահանջել վերափոխել աշխատանքները, հակառակ դեպքում՝ սպառնալով մոտը եղած ռումբանման սարքով պայթեցնել ռադիոկայանը: Ղասաբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Սարքն առգրավվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: