Այս տարվա հունվարի 26-ին «Վարդաշեն» ՔԿՀ այցելեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հանդիպումից 1 օր հետո նախարարի ներկայացուցիչ Նիկոլայ Առուստամյանը հանդիպեց դատապարտյալների հետ: Հանդիպման ժամանակ դատապարտյալները նրան հանձնեցին 104 ստորագրությամբ մի նամակ: «Մեզ հավատացրին, թե կարճ ժամանակ անց մեր կողմից բարձրացված հարցերին անպայման կտրվի լուծում, սակայն 40 օրից ավելի գրեթե ոչ մեկից չենք լսել որեւէ ձայն»,- ասում է դատապարտյալ, Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: «Նախարարի այցին հետեւած օրերին՝ հունվարի 31-ին մեր մոտից 18 բախտակից-դատապարտյալի հենց մեր գտնված հիմնարկում ներկայացրին «Պայմանական վաղաժամկետ ազատման» վարչական հանձնաժողովին, եւ նրանցից միայն 4-ը «հասավ» միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին: Միայն 1-ը դրական պատասխանի արժանացավ, մնացածը՝ մերժվեց»,- շարունակում է դատապարտյալը:
Ի դեպ, փետրվարի 28-ին «Վարդաշենից» 16 անձ ներկայացվեց պայմանական վաղաժամկետ ազատման, «երջանիկները» 2-ն էին, սակայն միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասին այդպես էլ չտեղեկացանք, որպեսզի հայտնեինք, թե ինչ որոշում է կայացվել:
ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները գալիք երկուշաբթի կհայտարարեն անժամկետ հացադուլ՝ կհրաժարվեն պետության տված հացից: «Ինտերնացիոնալ հացադուլին» միանալու են ՔԿՀ-ում գտնվող իրանցի, ռումինացի դատապարտյալները: Ինչո՞ւ:
Ըստ Քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին մասի, նախատեսված պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունենալու, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Դատապարտյալներն օրենքով սահմանված կարգով դիմել եւ մերժվել են: Նախարարին դիմած դատապարտյալները խնդրել են օգնել, թե ինչն է եղել իրենց մերժման պատճառը, քանի որ երբեք հնարավորություն չեն ունեցել մերժման հիմքում դրված պատճառները իմանալ: Դատապարտյալները պահանջում են իրենց տրամադրել վարչակազմի բնութագրերը, «որպեսզի բնութագրից իմանանք՝ մեր բնութագրման հիմքում գոյություն ունեցող չափորոշիչներով լավ, վատ, միջին, ցածր, թե բարձր ռիսկայնությունը որքա՞ն է»:
Դատապարտյալները նախարարին գրել էին. «Մեր մասին ընթացիկ գնահատումների արդյունքները ձեզնից պահանջելու պատճառը դատական պաշտպանության դիմելու որոշումն է, որով ցանկանում ենք օրենքի պահանջով մեր մշտապես խախտվող իրավունքները վերականգնել»:
Երեկվա դրությամբ, մեր տեղեկություններով, մի քանի օր է, որ «Վարդաշենի» դատապարտյալներից դիմում են ամեն օր ՔԿՀ աշխատակազմին, պահանջելով իրենց անձնական գործերից «դատապարտյալի ընթացիկ բնութագրման գնահատականները»:
Հ. Գ. Երեկ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Սարգիս Հացպանյանը հայտնեց, որ մարտի 1-ից սկսած, դիմել է վարչակազմին, խնդրելով հանդիպում տողերիս հեղինակի հետ:
«Առավոտը» նման բովանդակությամբ որեւէ նամակ «Վարդաշենից» մինչ երեկ չի ստացել: Մենք պատրաստ ենք մինչ հացադուլը հանդիպել «Վարդաշենի» դատապարտյալների հետ, եթե հրապարակավ տրվի մեզ այդ հնարավորությունը: