Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՄԵՐ ՔՐԴԱՏԸ ՈՏՔԵՐ ՈՒՆԵՆԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՓԱԽՉԵՐ

Մարտ 11,2011 00:00

\"\"Հայաստանի Հանրապետության գործող քրեական դատավարության օրենսգիրքը փոխվելու է, իսկ երեկ, երբ հրավիրվել էր Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից միջազգային գիտաժողով՝ «Դատավարությունների մոնիտորինգի զեկույցի առաջարկությունների կատարման ամփոփում» թեմայով, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հայեցակարգին:

Գիտաժողովի առաջին մասը ներկայացուցչական էր այն իմաստով, որ մասնակցում էին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Սակայն նրանք ողջույնի իրենց խոսքն ասելուց հետո հեռացան, եւ դահլիճում մնացին մեկ-մեկ ցածր ձայնով զեկուցումներ կարդացողների վրա բղավող թարգմանիչները, փաստաբանները, հասարակական կազմակերպությունների սակավ ներկայացուցիչները…

Դեսպան Յանեշ Լենարչիչը նախ հայտարարեց, որ իրենց գրասենյակը չունի հետաքննչական մարմնի գործառույթ: Նա ասաց, որ հետեւել են հայաստանյան դատավարական գործընթացներին, նշել մի շարք բացեր, ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեին մարդու իրավունքների պաշտպանությանը. «Նպատակը չէ զեկույցը քննարկել: Գիտենք, որ առաջարկներն ընդունվել են, տեղյակ ենք, որ մշակվում է քրեական դատավարության նոր օրենսգիրք»: Մեր հյուրը մտահոգիչ համարեց մինչդատական վարույթում սանկցիաների, մասնավորապես՝ միայն կալանքի «հեշտությամբ տալը»: Նա ասաց, որ առաջարկել են, որպեսզի, բացի կալանքից, դատարանները ընտրեն խափանման այլընտրանքային միջոցներ:

Դեսպանը անդրադարձավ խոշտանգումների խնդրին, առաջարկելով, որ «Հայաստանի իշխանությունները ձեւավորեն անկախ մարմին՝ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ»: «Չունենք տեղեկություններ, թե ինչպես է գործում առկա մարմինը»,- ասաց նա՝ հավանաբար նկատի ունենալով հատուկ քննչական ծառայությանը:

Անդրադառնալով դատական իշխանության անկախությանը, դեսպանը ընդամենը նշեց. «Լսել եմ, թե ինչքան մեծ է ցանկությունը, որպեսզի իշխանությունների տարանջատում լինի», նաեւ ակնարկելով, որ մի գիշերվա ընթացքում հնարավոր չէ հասնել դատական անկախությանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2006-ից մեր քաղաքացիներն իրավունք ունեն դիմել Սահմանադրական դատարան: 3,5 տարվա ընթացքում միայն քրեական գործերով հակասահմանադրական են ճանաչվել 42-ը, իսկ 12 գործով էլ քրեական դատավարության առանձին հոդվածներն են ճանաչվել հակասահմանադրական: «Սա նույնիսկ մեր իրավական անվտանգությունն էր ապահովում»,- ասաց նա եւ մեր թերություններից մեկը համարեց այն, որ օրենքն ու օրենսգրքերը մշակվում են առանց հայեցակարգերի:

Գլխավոր դատախազի կարծիքով՝ ակնհայտ է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը կարկատան է հիշեցնում, որը դժվարացնում է աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ մեր պետությունը գործնական քայլեր է անում խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի օրենքի գերակայության բաժնի ղեկավար Վասիլի Վաշչանկան ասաց, թե հետեւում է իրավական գործընթացներին, միեւնույն ժամանակ առաջարկեց, որ վկաների ինստիտուտը վերանայվի, հնարավորություն տրվի «ապացույցների հավաքմանը տալ մեծ հնարավորություն»:

Հայեցակարգի մշակման մասին այլ կարծիք ուներ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նա անդրադարձավ Սարիբեկ Սուքիասյանի գործին, երբ փաստաբանին թույլ չէին տվել մտնել ոստիկանության բաժին, եւ կասկածյալը չի կարողացել օգտվել իր իրավունքներից, ավելին, երբ ոստիկանության բաժնի դուռը եղել է փակ: Չշեշտելով դեսպանատան անունը, նա հայտնեց, որ զարմացել էին, թե ինչպես կարող է ոստիկանության դուռը փակ լինել, իսկ հաղորդման դեպքում ի՞նչ կլինի…

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբիկ Սահակյանն իր հերթին նշեց Ասլան Ավետիսյանի գործը: Վերջինս պատիժը կրել էր, հետո միայն ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում էր կայացրել: «Ինձ ամեն օր դիմում են մեր փաստաբանները: Դատավորները լկտիացել են: Ես զսպում եմ, որպեսզի մերոնք գործադուլ չանեն»,- հայտարարեց նա: Պալատի նախագահը բերեց մի օրինակ, երբ մեղադրյալի փաստաբանը եղել է հիվանդ, ու երբ մեղադրյալը հրաժարվել է իր պաշտպանական ճառից, դատավորը համարել է նրա ճառը ավարտված: Մեղադրյալը նորից է պնդել իր պահանջը՝ պաշտպան ունենալու համար եւ դատավորը դա դիտել է որպես վերջին խոսք ու մտել խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նկատեց, որ օրենսդիրը չի հետեւում վճռաբեկ դատարանի որոշումներին, եւ, ըստ էության, առկա է երկու տիպի «դաշտ»՝ «իրավական դաշտ» եւ «օրենսդիրի կողմից մեկ այլ իրավական դաշտ»: Նա տեղեկացրեց, որ տարեկան իրենց պալատը քննում է 20 000 գործ եւ միայն 3 տոկոսն է դիմում վճռաբեկ դատարան:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ներկայացրեց Լեւոն Գուլյանի, Վահան Խալաֆյանի գործերը, որոնք կանչվել էին ոստիկանության բաժիններ եւ խոշտանգվել: Նա ասաց, որ հստակ չէ վկայի կարգավիճակը, որը խոշտանգումների հետեւանքով փոխվում է, եւ վկան հանկարծ դառնում է մեղադրյալ: Իշխանյանի կարծիքով, մեր ազատազրկման վայրերը թաքցնում են եւ չեն արձանագրում, թե ինչպես են քաղաքացուն ընդունում մեկուսարան, ինչ հետքեր են լինում նրա մարմնին եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության կամ հետաքննության ժամանակ մարդիկ չեն ունենում ոչ միայն պաշտպանի հնարավորություն, այլ բուժօգնություն ստանալու: Կար մեկ այլ մտահոգիչ երեւույթ էլ. քրեական գործերը կազմվում են «ինքնախոստովանական» ցուցմունքների վրա: Մինչդեռ առաջարկվում է հարգել նաեւ կասկածյալի «լռելու» իրավունքը նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել