Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանապետն էլ է «դոսյե» հավաքում

Մարտ 11,2011 00:00

Որ մայրաքաղաքում «մոլեգնողներին» արժանի  հակահարված տա

Մինչ ՀՀ վարչապետի նշանակած ծառայողական քննությունը կպարզի, արդյոք ոստիկանները բռնությո՞ւն են կիրառել վերջերս կառավարության առջեւ ցույցի դուրս եկած մարդկանց եւ նրանց սատարող «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ, թե՞ պատգամավորներն իրենք իրենց նկատմամբ են բռնություն գործադրել, երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց. «Ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ չեն կատարել»: Նա այդ ամենն ասաց հավաքված ցուցարարներին ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Պարոն Սարգսյանը հերքեց, որ ոստիկանները հայհոյել ու ծեծել են ցուցարարներին ու պատգամավորներին, հետո էլ հավաքվածներին հորդորեց ոստիկանի խաթրին այլեւս չկպչել. «Ոչ մեկի թույլ չեմ տա վիրավորել ոստիկանին՝ անկախ ձեր պատգամավորական մանդատներից: Ձեր մանդատները այլ նպատակին ծառայեցրեք, ոչ թե համազգեստ եւ երկրի զինանշանը կրող մարդկանց էս տիպի խոսքեր ու այլանդակ վերաբերմունք ցուցաբերեք: Ոստիկանին քավության նոխազ եք դարձրել ու նրանց մեջ լիցքաթափող գործիք եք միայն տեսնում, երբ նյարդայնացած եք կամ խնդիրներ ունեք ու ինչ-որ հարց եք ուզում լուծել՝ անպայման ձեր վերաբերմունքը ոստիկանո՞վ պետք է ցույց տաք: Ինձ համար արդեն նշանակություն չունի՝ ինչ դիրք եք զբաղեցնում՝ պատգամավո՞ր եք, թե՞ ինչ…»: Որ ոստիկանապետը համոզվի՝ ոստիկանները անցած շաբաթ ծեծել ու հայհոյե՞լ են փողոցային առեւտրականներին, հավաքվածները խնդրեցին լավ ուսումնասիրել ինտերնետում հայտնված տեսանյութերը, ըստ որոնց՝ ոստիկանները հրել ու վայր են գցել ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Պարոն Սարգսյանն էլ պատասխանեց. «Անցել են այն ժամանակները, երբ բոլոր հնարավորությունները ձեր ձեռքն էին՝ նկարել ու ցույց տալ այն կադրերը, որոնց մեջ մի փոքր շարժ էիք նկատում, հիմա մենք էլ ենք բոլոր իրադարձությունները նկարում: Ձեր ցանկացած ցուցադրածի դիմաց ես արդեն հնարավորություն ունեմ տասնապատիկը ցուցադրել: Աշխատեք ոստիկանի հետ քիչ շփվել: Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին, հրել գցելու պահը չկա, հստակ երեւում է, թե ինչպես են նրան տանում ոստիկանություն»:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հարցրեց, թե կարո՞ղ են ոստիկանությունից վերցնել դեպքի նկարահանումները: Մի քանի անգամ հարցը անտեսելուց հետո՝ ոստիկանապետը վերջապես պատասխանեց. «Իսկ ես ուզո՞ւմ եմ ձեզնից ձեր նկարահանած կադրերը, որ դուք եք նկարել, ամբողջ տեսանյութը ինտերնետային կայքում տեղադրված է, գնացեք, նայեք, ինչո՞ւ եք ուզում մեզ հետ ամբողջ օրը հարաբերվել, ի՞նչ եք ուզում մեզնից»:

Տիկին Փոստանջյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի ոստիկանապետը հեղափոխության վերաբերյալ՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, թե «բռնության ոտքերը խեղդելու է հենց բնում»: «Սրանք ուղղակի բռնության կոչեր են ոստիկանապետի շուրթերից, տարածում եք ու ձեզ հերոս դարձնում»,- ասաց Զ. Փոստանջյանը, ինչին ի պատասխան՝ ոստիկանապետը բարկացած ասաց. «Նորից ասեմ, հեղափոխությունը նորմալ երեւույթ չեմ համարում, որովհետեւ բոլոր հեղափոխություններից հետո այդ երկրները կործանվում են առնվազն 30-50 տարի: Այսինքն՝ ի՞նչ եք պատրաստվում անել՝ զենքերով զինված մոլեգնել մայրաքաղաքում, եւ ես դա չկանխե՞մ, դուք դա՞ եք ուզում, միգուցե փորձե՞ք մի անգամ, եւ իմ վերաբերմունքը կտեսնեք այդ պահին: Ձեզ հետ հավասար կարող եմ խոսել ու իմ ձայնային տվյալներն էլ հերիքում են, մեկ ա, չեմ թողնելու ինձնից շատ խոսեք: Պրովոկացիայի եք գնում, տիկին Զարուհի, խոսք եք ման գալիս, որ կազմեք ձեր ողջ ֆանտազիան: Մեր ոստիկանները ձեզ շատ լավ ճանաչում են, փորձեք այլեւս էդ մեթոդներով մեզ հետ չգործել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել