Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԶԳՈՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Մարտ 11,2011 00:00

\"\"Մոնիտորինգի խումբը այցելում է ու գիշերն անցկացնում հիվանդանոցներում

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մարզերի առողջապահական ոլորտներում ներդրված համավճարային նոր կարգի արդյունավետությունն ուսումնասիրելու, առկա կոռուպցիան ու բարձիթողի վիճակը ֆիքսելու նպատակով սկսել է անսպասելի այցեր կատարել բուժհիմնարկներ:

Լոռու բուժհիմնարկներն ուսումնասիրելուց հետո, պարոն Քուշկյանի՝ երկու հոգուց բաղկացած մոնիտորինգային խումբը մարտի 6-ին այցելել է Շիրակի մարզի հիվանդանոցներ, եղել Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում, «Սամարիթերում», ինֆեկցիոն հիվանդանոցում, ծննդատանը, Արթիկի ու Ամասիայի հիվանդանոցներում: Հետաքրքիրն այն է, որ մոնիտորինգային խումբը աշխատել է կեսգիշերին՝ իր անսպասելի այցելությունները սկսելով երեկոյան ժամը 19.00-ից ու ավարտելով հաջորդ օրը՝ ճիշտ նույն ժամին:

Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նախարարական խմբի ուշադրության կենտրոնում է գտնվել ինչպես համավճարման նոր կարգը, այնպես էլ պատին փակցված գնացուցակներն ու հիվանդանոցների սանիտարահիգիենիկ վիճակը: Նախարարի ուղարկած մարդկանց հետաքրքրել է, թե ինչ ձեւով է գործում համավճարման կարգը, նոր կարգի առկայության պայմաններում շարունակո՞ւմ են, արդյոք, բժիշկները հիվանդներից գումարներ կորզել, անկետաներում կատարված մուծումները ճի՞շտ են արված, դրսից հո դեղորայք ձեռք չե՞ն բերում, հիվանդներին դեղորայքով լիարժեք ապահովո՞ւմ են, թե՝ ոչ: Այս նպատակով վերջիններս մտել են պալատներ, քննել հիվանդներին, ֆիքսել բողոքները, այնուհետեւ հետաքրքրվել են բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձով, համոզվել, թե, արդյոք, վերջիններս ստանում են ճիշտ այնքան, որքան ֆիքսված է աշխատավարձի ցուցակում, թե, այնուամենայնիվ, տնօրենները մի գումարի դիմաց ստորագրել են տալիս ու մեկ այլ գումար վճարում: Նախարարական խումբը նաեւ հնարամիտ մեթոդների է դիմել, օրինակ՝ հանձնարարականներ է տվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, ցտեսություն ասել ու հեռացել է, սակայն մեկուկես ժամից նորից է այցելել տվյալ բուժհաստատություն՝ համոզվելու, թե ինչպես են վերաբերվում վերադասների հանձնարարականներին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախարարական խումբը ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանին հորդորել է նկատողություն տալ երկու բուժքույրերի, պատճառն այն է, որ տարեց հիվանդներից մեկը պառկած է եղել մանկական բաժանմունքի պալատներից մեկում, մոնիտորինգային խումբը ասել է, որպեսզի հիվանդին տեղափոխեն, սակայն չեն տեղափոխել, ինչից խումբը դժգոհ է մնացել:

Դժգոհ են մնացել նաեւ Արթիկի հիվանդանոցից, ընդունարանում երեկոյան ժամին ընդհանրապես մարդ չի եղել: Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցում էլ խումբը սանիտարական ռեժիմի խախտումներ է հայտնաբերել: Մեզ հետ զրույցում «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը հայտնեց, որ հերթապահ մասում աղբամանը թափված չի եղել, սեղանին ներարկիչները են եղել: «Ես շատ եմ ափսոսում, որ այդպես է ստացվել, մեր հիվանդանոցը նախարարությունում միշտ աչքի է ընկել իր մաքուր սանիտարահիգիենիկ վիճակով, բայց ինչ արած՝ մարդիկ ֆիքսել են փաստը, ո՞ւմ է հաճելի այդպիսի վիճակը, իհարկե՝ մեծ դժբախտություն չէ, բուժքույրերը նկատողություն կստանան ու ավելի զգոն կլինեն»,- ասաց «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրենը: Թե ո՞րն էր նախարարության մոնիտորինգային խմբի այցելության նպատակը, Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչությունից մեզ հայտնեցին, որ այն կապված է համավճարային բժշկական ծառայության նոր կարգը մեկնաբանելու հետ. այն հասկանալու կարիք ունեն ինչպես բժիշկները, այնպես էլ հիվանդները, մի խոսքով, ըստ վարչության, այցը գործնական է եղել եւ եկել են օգնելու:

Այդ դեպքում ինչո՞ւ է մոնիտորինգային խումբը հարկադրում նկատողություն տալ բուժքույրերին, դժգոհ է մնում որոշ հիվանդանոցների աշխատաոճից, սանիտարահիգիենիկ վիճակից, առողջապահության վարչությունում մեկնաբանում են, որ դա լիարժեք գործնական պրոցես է, եթե պահի տակ թերություններ են նկատվում, ապա դրանք ֆիքսվում են՝ շտկելու նպատակով: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախարարական խումբը այցելել է նաեւ այնպիսի բուժհաստատություններ, որտեղ համավճարային կարգ չի գործում, օրինակ՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել