Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գտան գնաճը զսպելու ճանապարհը

Մարտ 11,2011 00:00

Եթե մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը գերազանցի 30%-ը, ՀՀ կառավարությունը գործի կդնի գնային կարգավորման իր գործիքները: Կառավարության երեկվա նիստում որոշվեց ԱԺ ուղարկել «Առեւտրի ու ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծը:

«Այս գործիքը հազվադեպ է օգտագործվում եւ ցանկալի է, որ չօգտագործվի, բայց նման գործիքի առկայությունն ինքնըստինքյան ունենում է ազդեցություն շուկայի մասնակիցների վրա, գիտակցում են, որ հենց սպեկուլյատիվ միջավայր ստեղծեն՝ պետությունը կարող է կիրառել կոշտ գործիք: Մենք գտնվում ենք բարձր գնաճային փուլում եւ պետությանը գնաճը զսպելու գործիքները խիստ անհրաժեշտ են»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գնային կարգավորման քաղաքականությունը կգործի 20 ապրանքատեսակների համար՝ տավարի միս, հավ, ձուկ, կաթ, կարագ, պանիր, ձու, կարտոֆիլ, սոխ, գազար, թեյ, ցորեն, բրինձ, հնդկաձավար, ալյուր, արեւածաղկի ձեթ, մարգարին, շաքար, հաց եւ կերակրի աղ: Մեկ ամսվա ընթացքում գների 30%-ից ավելի բարձրանալու դեպքում կառավարության լիազոր մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի գների վերին շեմը կամ առեւտրային վերադիրի չափը՝ 90-օրյա ժամկետում:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ նկատեց, որ նախագիծը հստակեցման կարիք ունի. «Պարզ չէ, թե գյուղացիական ապրանքների գնային կարգավորումը ինչպե՞ս է գործելու սոխի, կարտոֆիլի վրա: Մեխանիզմները պետք է հստակեցնենք»:

Վարորդները կաշխատեն եվրոպական կանոններով

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարներում այսուհետեւ պետք է տեղադրվեն հսկիչ սարքեր (տախոգրաֆներ): Կառավարությունը ընդունել է համապատասխան որոշում: «Այսուհետեւ մեր վարորդները պարտավոր են աշխատել եվրոպական կանոններով: Ով չունենա տախոգրաֆ, կունենա խնդիրներ Եվրամիություն ապրանք տեղափոխելիս»,- զգուշացրեց վարչապետը՝ նշելով, որ այս որոշումը բեռի ու վարորդի անվտանգության նկատառումներով են կատարում:

Վերջը համակերպվեցին

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ, վրացական պետհամարանիշներով մեքենաները մաքսազերծելու համար կառավարության նախատեսած վարկերը ստանալու կապակցությամբ արդեն 1800 սեփականատեր է հերթագրվել: Քիչ չեն նաեւ այն վարորդները, ովքեր ստացել են վարկերը: Նախարարի խոսքով, արդեն 60 վարկ է փոխանցվել՝ մոտ 70 միլիոն դրամի չափով:

Կվերականգնեն

Գործարարները կվերականգնեն պետությունների պաշտոնական անվանումներով ապրանքանիշեր գրանցելու իրենց հնարավորությունը: Կառավարությունը երեկ քննարկեց «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Գործարարները բանտից կազատվեն

Այն գործարարները, որոնք մեկ անգամից ավելի ու 2 միլիոն դրամը գերազանցող խախտումներ են կատարել՝ կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ պայմանով, եթե հատուցեն պետությանը հասցված վնասները: Կառավարության առաջարկով փոփոխություններ կարվեն Քրեական օրենսգրքում: Վարչապետի համոզմամբ. «Փաստորեն, բավականին մեղմացում է տեղի ունենում, ինչը էական ազդեցություն պետք է թողնի բիզնես միջավայրում, որովհետեւ հիմնական շեշտադրումը ոչ թե քրեական, այլ նյութական պատասխանատվությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031