Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՆԱՅԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳԱԶ ԵՆՔ ՆԵՐԿՐՈՒՄ

Մարտ 11,2011 00:00

Մեր երկիրը էներգախնայողության մեծ պոտենցիալ ունի,  որը չի օգտագործում

\"\"
«Arevas»-ի տնօրենը հավաստիացնում էր, որ էլեկտրաէներգիա ստանալու համար արեւից էժան տարբերակ չկա:

\"\"
«Կոսմոս» լամպերի ներկայացուցիչը  վստահեցնում էր, որ խնայողության ամենալավ միջոցը իրենց լամպերն են:

\"\"
Այս կոնվեկցիոն էլեկտրակայանի միջոցով հնարավոր է մեր երկրում էլեկտրաէներգիա ստանալ՝ օդից արհեստական քամի ստեղծելու միջոցով:

Երեկ Մոսկվայի տանը Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC-ն, կազմակերպել էր «Էներգաարդյունավետության էքսպո-2011» ցուցահանդեսը, որի նպատակն էր հայ գործարարներին ցույց տալ վերջին ժամանակակից միջոցներն ու ապրանքները՝ էներգիայի խնայողության համար: IFC-ն ուսումնասիրություններ էր արել ու պարզել, որ մեր երկրում, եթե արդյունաբերողներն ավելի խելացի վարվեին, կարող էին էներգետիկ ծախսերը կրճատել մինչեւ 14,5%: Ցուցահանդեսի տաղավարներից մեկը զբաղեցրած «Էկոպեռլիտ» ընկերության նախագահ Համլետ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց պեռլիտներով հնարավոր է էներգախնայողություն անել ոչ թե 14,5, այլ՝ 60-70%. «Մեր պեռլիտները էժան ծախսերով կօգնեն պաշտպանվել ձմռան ցրտից ու ամռան տապից: Ցավոք, մեր հիմնական խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում ուշադրություն չի դարձվում շինարարական նորմերի պահանջներին, որի արդյունքում էներգիայի մեծ ու անիմաստ ծախսեր են կատարվում: Էս էլիտար շենքերը սարքում են ահավոր թերություններով, ջերմամեկուսացման պակասով, որը բերում է նրան, որ առ այսօր կորուստները կազմում են 1100 ՄգՎ, դա 3 ատոմակայանի հզորություն է: Դրանք նաեւ սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացնում, որովհետեւ մարդը բնակարանի ջեռուցման համար 15 հազար դրամի փոխարեն, ամսական 30-40 հազար դրամ է ծախսում: Պատերն այնպես են կառուցում, որ 70% ջերմային կորուստ է լինում: Պետությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի, որ իր հաստատած շինարարական նորմերը պահպանվեն ու գործեն: Առաջ այդ նորմերը խախտողները քրեորեն պատժվում էին, իսկ այսօր թքած ունեն այդ նորմերի վրա, այստեղ է, որ կառավարությունը պետք է խառնվի: Ամբողջ աշխարհում էներգախնայողություն են անում, գիտական ողջ պոտենցիալն աշխատեցնում են դրա համար, իսկ Հայաստանում առաջին քայլերն էլ չեն անում էներգախնայողության համար»: «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ» նախագծի կառավարիչ Սուրեն Շատվորյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում էներգախնայողության համար: Նրա խոսքերով՝ «Մի քանի տարի առաջ հիդրոարտադրության պոտենցիալը 0 էր, իսկ անցյալ տարի 400 մլն ԿՎտ/ժամ փոքր ՀԷԿ-երն են արտադրել, իսկ 6,5%-ն արտադրվել է այլընտրանքային էներգետիկ աղբյուրների միջոցով»: Քամու պոտենցիալը մեր երկրում 1000 ՄգՎ է գնահատվել եւ նախատեսվում է հողմակայաններ կառուցել՝ այդ պոտենցիալն օգտագործելու համար: Թե երբ կլինեն այդ հողմակայանները եւ կոնկրետ որտեղ՝ դեռ որոշում են: Ըստ էներգետիկ Ս. Շատվորյանի՝ սխալ է ասել, որ էներգախնայողության լավ առաջարկներ կան, որ պահանջարկ չունեն, քանի որ պետությունն էլ չի պրոպագանդում խնայել էներգիայի ծախսերը. «Ցանկացած մարդ ինքը պետք է գիտակցի ու անցնի խնայողության, մենք չենք կարող ձեզ խեղդել ձեր տան մեջ ու ասել՝ խնայիր: Մարդ կա՝ ուրախանում է, երբ իր տան մեջ 10 լամպ է վառվում, եթե բյուջեն թույլ է տալիս՝ թող վառեն: Մենք դաշտ ենք ընդամենը ստեղծում, թե մարդիկ որքանով կկիրառեն՝ իրենց գործն է: Մեր հաշվարկներով՝ Հայաստանը հնարավորություն ունի մոտ 25-30% էներգախնայողություն իրագործելու: Սա շատ մեծ բան է, որովհետեւ անցյալ տարի մենք 6,5 մլրդ ԿՎտ/ժամ հոսանք արտադրեցինք, իսկ դրա 30%-ը մեծ ծախս է, մենք ավելի քիչ կարտադրեինք կամ կխնայեինք ներկրվող էներգակիրների հարցում, ինչը թանկ հաճույք է մեզ համար: Էներգախնայողությունը գումարներ է պահանջում, պիտի ներդնես, որ ստանաս օգուտ: Առայժմ պետական կառույցներում էլ չեն կարողանում անցնել նման խնայողության, որովհետեւ բյուջեին է հարում»:

Ցուցահանդեսում ներկայացված բոլոր ապրանքանշանների ներկայացուցիչներն էլ այցելուներին վստահեցնում էին, որ հենց իրե՛նց առաջարկն է ամենաարդյունավետը՝ էներգիայի ծախսերը կրճատելու համար: Ըստ «Կոսմոս» լամպեր արտադրող «Լայթ ընդ մոր» կազմակերպության տնօրեն Խոսրով Մխիթարյանի՝ «Մեր լամպերը խնայում են էլեկտրաէներգիան 80%-ով: Դրանք 5 անգամ շատ լուսավորություն են տալիս, քան սովորական լամպերը»: Մեր դիտարկմանը, որ լամպերի վրա հաճախ նշում են, որ կաշխատի 8000 ժամ, բայց 8 ժամ էլ չեն աշխատում՝ Խ. Մխիթարյանը պատասխանեց. «Դա միջազգային ստանդարտներով է, մեզ մոտ կախված է լույսի տատանումից, պատրոնի որակից: Մեր երկրում երաշխիք չենք տալիս, բայց միջինը 2 տարի պետք է աշխատի»:

«Arevas» ընկերությունն էլ առաջարկում էր խնայողություն անել՝ արեւի հաշվին: Տնօրենի խոսքերով՝ «Մարդիկ կարող են մի անգամ վճարել արեւային ջրատաքացուցիչի համար, տեղադրել այն տանիքին եւ ողջ տարվա ընթացքում անվճար տաք ջուր ունենան: Հաշվարկները ցույց են տվել, որ գազի փոխարեն օգտագործելու դեպքում մարդիկ 3-4 տարվա ընթացքում կհանեն դրա գինը, իսկ հոսանքի միջոցով նույն էներգիան ստանալու դեպքում մոտ 2 տարուց գինը կհանեն, մնացած տարիները անվճար ջուր կունենան՝ մի 20 տարի: Եթե հաշվի առնենք, որ գազի գինն էլ գնալով բարձրանում է՝ շատ ձեռնտու տարբերակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031