«Դար 21»-ը հեռուստաընկերության գործարար ծրագրի այն մասը, որտեղ ներկայացված էին իրենց պայմանագրերը՝ ՀՌԱՀ-ը չի տրամադրել, ուստի հնարավոր չէ ներկայացնել՝ որքանով են պատշաճ կազմված դրանք:
Մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 9 մրցույթի միակ մասնակցի՝ «Դար-21» հեռուստաընկերության մրցութային առաջարկը, որն անվանել են «գործարար ծրագիր», բավական գրագետ է կազմված, եւ անգամ քննախույզ ուսումնասիրության դեպքում չհայտնաբերեցինք անհամապատասխանություններ:
Կարող ենք անել ընդամենը փոքրիկ դիտողություններ: Ասենք, որպես հեռուստադիտողի հետ անմիջական կապ ապահովող հաղորդում ծրագրում նշված է մասնավորապես «Ալո, Գարիկ»-ը: Հիշեցնենք՝ այն վարում էր «Վիտամին ակումբի» դեմքերից մեկը՝ Գարիկ Պապոյանը: Սակայն 2010 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՌԱՀ-ին ներկայացնելով իրենց մրցութային առաջարկը՝ «Դար 21»-ի տնօրեն Թամարա Սարգսյանն արդեն իսկ ասել էր, որ նպատակահարմար չեն գտել շարունակել «Ալո, Գարիկ» հաղորդաշարը:
Մեկ այլ դիտարկում՝ «Դար 21»-ը ներառել է տվյալներ, որոնց չէինք հանդիպել որեւէ այլ հեռուստաընկերության մրցութային առաջարկում: Նրանք աղյուսակում ներկայացրել են այլ հեռուստաընկերությունների հաղորդումներ, որոնք նման են իրենց ծրագրերին, եւ համեմատական վերլուծություններ անցկացրել դրանց ուժեղ կողմերի միջեւ: Ասենք, նշել են, թե իրենց «Հայ 5»-ը շատ նման է Հ1-ի «Թոփ 10»-ին եւ «Ա-ԹԻՎԻ»-ի «7 երգին»: Այդ երկու ծրագրերի մասին նշված է, թե հիմնական մեխը «հաղորդավարի հմայքն է»: Ու թեեւ «Դար 21»-ի այդ ծրագիրը վարողն էլ պակաս հմայիչ չէ, որպես ծրագրի առավելություն ամրագրված է. «Մեր հաղորդավարն ունի շատ սուր մեկնաբանություններ, սարկազմ, յուրահատուկ սցենար»: Կամ նշել են, որ իրենց «Երաժշտական խաչմերուկը» քիչ նման է «Երեւան ԹԻՎԻ»-ի «Ավտոշուկային», եւ որպես վերջինիս ուժեղ կողմ՝ մասնավորապես առանձնացված է. «Մատչելի գնային քաղաքականություն»:
Հեռուստաընկերությունն իր եկամտի աղբյուրները ներկայացնելով՝ ցուցակով է շարադրել իր հիմնական գովազդատուներին ու հիշատակել, թե մի քանիսի հետ պայմանագրերը ներկայացված են հավելվածում: Մրցութային առաջարկում նշված է. «Ապագայում հավանական երկարաժամկետ վարկային միջոցների կարիք առաջանալու դեպքում հեռուստաընկերությունը ֆինանսական կայունության երաշխիքներ է ստացել հայաստանյան բանկային հատվածի երկու խոշոր ներկայացուցիչներ հանդիսացող «Արդշինինվեստ» բանկից եւ HSBC-ից, ինչի վերաբերյալ համապատասխան նամակներն առկա են սույն գործարար ծրագրի հավելվածում»: Սակայն այդ հավելվածները ՀՌԱՀ-ը մեզ չի տրամադրել, ուստի չենք կարող նշել, թե վերոհիշյալ պայմանագրերն ու հավաստագրերը որքանով են անթերի:
Եվ այս կապակցությամբ վերստին հրատապ են հարցադրումները, թե արդյոք մրցութային առաջարկը խորհրդապահակա՞ն փաստաթուղթ է, կամ արդյոք գաղտնի՞ նյութեր են գովազդային պայմանագրերը: