Ասում է «Հայրենիք ու պատիվ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը
Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքում հրապարակված հայտարարությունը, որում երկրի իշխանություններին ուղղված ավելի քան տասը կետ պարունակող պահանջներ կային, իշխանությունների կողմից այդպես էլ լրջորեն չընկալվեց եւ նույնիսկ քննարկման, հեռակա երկխոսության ու բանավեճի առարկա չդարձավ: Տպավորությունն այն էր, թե իշխանությունը կամ լավ չի ընկալել այդ պահանջների լրջությունը, կամ ձեւ է անում, թե իր դիրքերն այնքան ամուր են, որ նման «մանր-մունր» «ուլտիմատումային» պահանջներին անդրադառնալ չարժե: Իզուր: Մարտի 1-ի հանրահավաքից անցել է տասը օր, ու ինչպես եւ ակնկալում էին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, 15 պահանջներից որեւէ մեկը դեռեւս բավարարված չէ: Իսկ դա կարող է նշանակել, որ հասարակությունը մարտի 17-ին նախատեսված հանրահավաքում ընդդիմությունից կոնկրետ քայլեր ու գործողություններ է ակնկալելու: Թե ի՞նչ իմաստ ուներ իշխանություններից պահանջել բաներ, որոնք նա ակնհայտորեն չէր բավարարելու, եւ ի՞նչ հնարավոր քայլեր կարող են հետեւել ընդդիմության կողմից այդ պահանջների չկատարմանը՝ մարտի 17-ից հետո, փորձեց պարզաբանել Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նախ՝ նա հայտարարեց, որ մարտի 1-ի հանրահավաքում հրապարակված հայտարարությունը բավականին լուրջ քաղաքական քայլ էր, ու այն, որ ընդդիմությունը գիտակցելով հանդերձ, որ այդ պահանջները իշխանությունները չեն կատարելու, բայց էլի մի հնարավորություն ընձեռեց ռեժիմին՝ եւս մեկ անգամ վկայում էր, որ «ՀԱԿ-ը չի ուզում երկրի ներսում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել եւ գնում է իշխանափոխության՝ շատ քաղաքակիրթ ճանապարհով»: Ընդդիմադիր գործիչն արձանագրեց, որ «ռեժիմը սպառել է իրեն, մեր երկրում այլեւս անելիք չունի ո՛չ տնտեսական, ո՛չ արտաքին քաղաքական ոլորտներում կամ Արցախի հարցում, ո՛չ սոցիալական հարցերի լուծման իմաստով: Այդ առումով Կոնգրեսի հայտարարությունը իշխանություններին խոհեմ լինելու եւ ընդդիմության պահանջները բավարարելու շատ դասական տարբերակ ու հաշվենկատ առաջարկ էր»:
Կուսակցության նախագահի համոզմամբ՝ «Հայաստանի քաղաքական դաշտում վերջին 20 տարիներին, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ձեւավորվել է քաղաքական մի ուժ, որը լուրջ քաղաքական քայլեր կատարելով հանդերձ, միաժամանակ երբեւէ չի ուզում ո՛չ բացասաբար ազդել երկրի միջազգային վարկի վրա, ո՛չ էլ երկրում անկայուն իրավիճակ ստեղծել: ՀԱԿ-ը շատ լրջորեն ու հաշվենկատ կերպով ներկայացնում է իրավիճակի գնահատականն ու իշխանություններին առաջարկում է խաղաղ հեռանալ»,- ասաց Գ. Մարգարյանը: Անդրադառնալով մարտի 17-ի հանրահավաքին եւ ընդդիմության կողմից հետագա հնարավոր քայլերին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե մարտի 1-ի հանրահավաքն արդեն ցույց տվեց, որ երկրում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, որի համար ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր բոլոր նախադրյալները կային ու կան. «Մեր ժողովուրդը, կարծում եմ, քաղաքացիական բարձր աստիճանի գիտակցություն ունի ու հստակորեն գնում է իշխանափոխության, իսկ դրա համար պետք է, որ ՀԱԿ-ը նրան միայն առաջնորդի»: Այսինքն՝ Գ. Մարգարյանի համոզմամբ, իշխանությունների կողմից ընդդիմության առաջադրած պահանջները չկատարելուն հաջորդելու են արդեն գործնական քայլեր, եւ «այդ մասին հստակ է ասված»: «Հստակ է ու փաստ, որ հասարակությունը շատ ակտիվորեն է մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, որ ժողովուրդը կանգ չի առնում, տեղի չի տալիս սադրանքներին, ոստիկանության ահաբեկչություններին, Երեւան բերող մայրուղիները փակելուն եւ ռեժիմի կողմից իրականացվող այլեւայլ քայլերին: Այս ամենը՝ ե՛ւ երկրում առկա ներքաղաքական՝ տնտեսական, սոցիալական վիճակը, ե՛ւ հասարակության ըմբոստությունը, բոլորը հենց հեղափոխական իրավիճակը բնութագրող տարրեր են: Այդ բոլորը ապացույց է այն բանի, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ ազատվելու է ռեժիմից»,- նկատեց ընդդիմադիր գործիչը: Մեր հարցին, թե ինքն անձամբ ինչպե՞ս է պատկերացնում այդ՝ «ոտքի կանգնելու» ու «ռեժիմից ազատվելու» գործընթացը, արդյոք նոր պահանջնե՞ր են առաջադրվելու իշխանություններին, թե՞ նոր թափ են հաղորդվելու զանգվածային բողոքի ակցիաներին, պարոն Մարգարյանը հստակորեն շեշտեց. «Պահանջներ, կարծում եմ, այլեւս չեն լինելու: Դրանք դրվել են մինչեւ այսօր, ու դրանք առավել քան լուրջ եւ հիմնավոր են եղել: Իշխանությունները դրանք կատարելու համար երկար ժամանակ են ունեցել՝ ոչ միայն մարտի 1-ից 17-ն ընկած ժամանակահատվածը նկատի ունեմ, այլեւ վերջին երեք տարիները: Հիմա արդեն իշխանություններին ժամկետ է տրվելու հեռանալու համար»:
Մեր դիտարկմանը, թե՝ նման պահանջներ էին են եղել, բայց իշխանությունները չեն հեռացել, ու եթե այս անգամ էլ չհեռանա՞ն: «Այ, այդտեղ է վտանգը: Ռեժիմը պիտի հասկանա, որ իր միակ փրկությունը խաղաղ հեռանալն է: Որքան խաղաղ եւ արագ՝ այնքան լավ հենց ռեժիմի ու նաեւ մեր պետության համար: Ի՞նչ է՝ մենք չե՞նք տեսնում աշխարհում ինչ է կատարվում: Խոսքը միայն արաբական աշխարհի մասին չէ: Նույն ԱՊՀ տարածքում էլ հեղափոխությունների թարմ օրինակներ կան: Մոռացե՞լ ենք այդ մասին»:
Կարծիք կա, թե հայ ժողովուրդը հեղափոխական չէ ու սոցիալական հողի վրա չի ապստամբի: Գ. Մարգարյանն ամենեւին համաձայն չէր այդ դիտարկումների հետ. «Երբ դանակը հասնում է ոսկորին՝ հասարակությունը կարող է ամեն ինչ անել»: