ՀՀ կառավարության՝ գնաճը կարգավորելու երեկ կայացրած որոշման առիթով «Առավոտին» իր վրդովմունքը հայտնեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա հիշեց, որ խորհրդային տարիներին գոյություն ուներ գները կարգավորող հատուկ պետական կոմիտե, որի կայացրած որոշումները երկարատեւ հատվածի համար էին եւ ոչ «մեկանգամյա օգտագործման»: ՀԿԿ-ում գտնում են, որ եթե կառավարությունը ցանկանում է լավ բան անել, ապա ավելի ճիշտ եւ արժանահավատ կլինի, որ ընդօրինակի նախորդ փորձը: Ընկեր Թովմասյանը նաեւ նկատում է, որ գնաճը Հայաստանում երեկ կամ այսօր չի սկսվել, եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները վաղուց գերազանցել են կառավարության որոշմամբ մատնանշված 30 տոկոսը, մանավանդ, եթե դրանք համեմատենք թոշակների եւ աշխատավարձերի չափի հետ: Այնպես որ. «Այս որոշումը խիստ ձեւական բնույթ ունի եւ կոչված է ժողովրդի աչքին թոզ փչելու: Դեմագոգիա են անում՝ թե իբր իրենց էլ է գները հետաքրքրում»,- ասում է ընկեր Թովմասյանը՝ տարակուսելով, թե ի՞նչ նկատի ունեն վարչապետը, նախարարներն ու կառավարության մյուս չինովնիկները «առաջին անհրաժեշտության ապրանք» գրելով. «Դա հացամթե՞րքն է, էլեկտրաէներգիա՞ն, գա՞զը, քաղաքային տրանսպո՞րտը, կարա՞գը, շաքա՞րը, թե վիլլանե՞րը, շքեղ քոթեջները, մեքենաները: Եթե վերջինները նկատի ունեն, ապա միանգամայն հասկանալի է նրանց վրդովմունքն ու այս որոշման իմաստը: Թե չէ՝ ուխտը նստել՝ կուզեկուզ են ման գալիս, որովհետեւ իրենք չեն զգում այն ծանրությունը, որը կրում են թոշակառուները եւ մնացյալ սոցիալապես անապահով խավերը: Մանավանդ, որ ոչ մի անգամ ոչ ոք հաշվետու չի լինում, թե երբ եւ ինչքան, ինչի արդյունքում գները բարձրացան եւ ինչպես կարգավորվեցին: Դա սառույցի վրա գրված հերթական որոշումն է. հիմա էլ ապրիլն է մոտենում՝ կհալվի ու կգնա»:
Ընկեր Թովմասյանը նաեւ բժշկական տերմինալոգիայով համեմատություններ արեց. «Գնագոյացման եւ մեր երկրի ընդհանուր քաղաքականության կարդիոգրաման ցույց է տալիս, որ երկրի սիրտն աշխատում է ընդհատումներով: Աճող օրգանիզմի համար դա լավ եզրակացություն չէ, իսկ երկրի ընդհանուր ռենտգենն ապացուցում է այս կարգերի փտախտով հիվանդ լինելը: Այնպես որ, թող իրենց որոշումները մեր աչքը մտցնելու փոխարեն՝ համապատասխան հետեւություններ անեն»: