«Տեսանելի ապագայում մենք կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների՝ սկզբունքների շուրջ»,- Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքի մասին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահը:
Երեկ ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետությունում: Այցի վերջին օրը նախագահը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Ամենից շատ մարդիկ հետաքրքրված էին Ղարաբաղին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերով: ՀՀ նախագահը տեղեկացրեց. «Հայ-թուրքական հարաբերությունների առումով որեւէ նորություն չկա: Ինչպես գիտեք, թուրքերը ստորագրելով արձանագրությունները՝ մեր անցած բանակցությունների արդյունքում ծնված արձանագրությունները, այնուհետեւ հրաժարվեցին այդ արձանագրությունները վավերացնել իրենց խորհրդարանում՝ փորձելով ինչ-որ նախապայմաններ առաջադրել: Բայց մեզ համար որեւէ նախապայման ընդունելի չէ, մանավանդ այն նախապայմանները, որոնք թուրքերն են փորձում առաջադրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, Ցեղասպանության խնդրի հետ: Եվ այս պահին մենք նրանց հետ խոսելիք ու անելիք չունենք: Շատերն ասում են, որ եթե այսպես էր լինելու, ինչու նախաձեռնեցիք այս քաղաքականությունը: Ուզում եմ ասել, որ սա այն դեպքն է, երբ բացասական արդյունքն էլ արդյունք է: Մեր շատ ու շատ բարեկամներ մեզ մշտապես կշտամբում էին եւ ասում էին, որ դուք չեք ուզում թուրքերի հետ հարաբերվել, որովհետեւ դուք ղեկավարվում եք միայն ձեր ցավով, ձեր հույզերով, որ Ցեղասպանությունը ձեզ կոմպլեքսավորել է, բարդույթներ է հարուցել, եւ դրա համար հարաբերություններ չկան: Բայց փառք Աստծո, հիմա բոլորն էլ համոզվեցին, որ մեր հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք: Չզիջելով մեր ազգային խնդիրներում նույնիսկ մեկ միլիմետր՝ մենք հասանք որոշակի արդյունքի: Իհարկե, լավ կլիներ, որ լիներ նաեւ դրական. ճանապարհները բացվեին, եւ փորձեինք թուրքերի հետ խոսել այդ հարցերի շուրջ:
Երկրորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Սկսեմ նրանից, որ այսօր առավոտյան, երբ հանդիպում էինք Լատվիայի վարչապետի հետ, նրա հարցին, թե ինչ առաջընթաց կա Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ես պատասխանեցի, որ եթե այս հարցը տրվեր մեկ շաբաթ առաջ, ապա ես կասեի, որ որեւէ արդյունք, որեւէ դրական ելք չեմ ակնկալում: Բայց մարտի 5-ին Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ որոշակի տեղաշարժ կա ադրբեջանցիների դիրքորոշման մեջ: Եվ ես համարում եմ, որ մենք տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների՝ սկզբունքների շուրջ: Գիտեք՝ այդ սկզբունքները որոնք են. ուժի եւ դրա սպառնալիքի բացառումը, ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո կարող է սկսվել բանակցությունների մի նոր փուլ, եւ այդ ժամանակ շատ հարցեր մանրամասնվելու են: Ուզում եմ ասել, որ սկզբունքների շուրջ համաձայնության գալը դեռեւս սկիզբն է, դա ավարտ չէ: Պատրաստվեք պաշտպանելու մեր ազգային շահերը: Պատրաստվեք մեզ սատար կանգնելու: Մեզ համար սա չափազանց կարեւոր է»:
Վերջում կարճ ներկայացնենք այն իրավիճակը, որում այսօր ապրում են լատվիացիները եւ, մասնավորապես, հայերը՝ Լատվիայում: Այս երկրին համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարծես ամենից դաժանն է հարվածել, կիսով չափ կրճատվել են աշխատավարձերը, կենսաթոշակները, եւ երկրից արտագաղթը հասնում է անհանգստացնող չափերի: Թեպետ Լատվիան ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ է 2004-ից, սակայն մարդիկ իրենց դեռեւս սոցիալապես ապահովված չեն զգում: Լատիշ գործարարները մերոնց համեմատ բավականին տխուր վիճակում են գտնվում, այստեղ միջին բիզնես ասվածը հիշեցնում է մեր 90-ականների կեսերի վիճակը: Էլեկտրաէներգիայի գինը գնալով ավելի ու ավելի է բարձրանում, խանութներում թանկություն է, աշխատատեղեր չկան, շատ մեծ չափերի կրճատումներ են կատարվում բյուջետային հիմնարկներում:
Լատվիական բոլոր առաջատար թերթերը եւ հեռուստաընկերությունները առավոտից իրիկուն խոսում եւ գրում են այս երկրին սպառնացող կենսաթոշակային ցնցման հավանականության մասին: Խնդիրն այն է, որ կենսաթոշակային հիմնադրամը օրեցօր ավելի ու ավելի է դատարկվում, համապատասխան վճարումները չեն կատարվում, եւ ըստ մեր զրուցակից լատիշի, ամենաշատը երկու տարվա ընթացքում պետությունը մարդկանց չի կարողանա կենսաթոշակ վճարել:
Հայկական համայնքը Լատվիայում ձեւավորվել է հիմնականում շուրջ քսան տարի առաջ Հայաստանից արտագաղթածների շնորհիվ, սակայն սոցիալական պայմանների անհեռանկարային վիճակը հայերին կրկին ստիպում է վերցնել «պանդխտության ցուպը» եւ հիմա էլ գաղթել այլ երկրներ, ասենք՝ այստեղից մեկնում են Անգլիա՝ ուսանելու գնացածները մնում են այնտեղ եւ իրենց հետ տանում են եւ ծնողներին: Սակայն անգամ այս պայմաններում հայերը հասցրել են մի մեծ եկեղեցի կառուցել Ռիգայի կենտրոնում, ունեն կիրակնօրյա դպրոց՝ տասներկու աշակերտով: Երեխաներ այստեղ ծնվում են, բայց արդեն խառն ամուսնություններից եւ շեկլիկ:
Լատվիայում հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ նախագահին մոտեցավ մի տարեց լատիշ՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը ձեռքին, եւ խնդրեց, որ նախագահը ստորագրի այդ լուսանկարի տակ: Պապիկն ասաց, թե ինքը դեռ խորհրդային տարիներից է համակրում հայերին: