Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՆ Է

Մարտ 11,2011 00:00

\"\"ՀՅԴ եւ «Ժառանգության» պատգամավորները պատասխանում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողին:

«ՀՅԴ վերնախավը, ղեկավարությունն այսօր ամբողջովին սերտաճած է ներկա օլիգարխիկ-կլանային համակարգի հետ: Նրանք ունեն իրենց տեղը այդ համակարգի մեջ: Իսկ նրանց ղեկավարն ամեն շաբաթ գնում է նախագահական նստավայր եւ ինստրուկցիաներ ստանում, թե ինչպիսին պետք է լինի ՀՅԴ եւ նրա հեռուստատեսության վարվելակերպը»,- lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նաեւ հավելել էր. «Միակ գործառույթը, որ ՀՅԴ-ն կարող է անել, նախագահականից ընդդիմություն գործուղվելու եւ ընդդիմության պառակտվածության պատրանք ստեղծելու դերն է»: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով նրա այս պնդումներին՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ասաց. «Շատ կուզենայի, որ իրե՛ն հարցնեիք, թե ինչ հիմնավորումներով է այսպիսի բան ասել: Իհարկե, ցանկացած քաղաքական գործիչ կարող է զբաղվել պոպուլիզմով՝ ինչպես կոնկրետ այս պարագայում է, կարող է հազար ու մի հերյուրանքներ ասպարեզ նետել: Բայց ինձ համար քաղաքական գործչի խոսքը խոսք է, եթե այն հիմնված է լուրջ փաստերի եւ փաստարկների վրա: Կոնկրետ այս խոսքը ո՛չ փաստված է, ո՛չ էլ բերված են փաստարկներ ու հիմնավորումներ: Եվ որքանով չփաստարկված խոսք է՝ նույնքան եւ անհիմն ու չասեմ ստահոդ՝ գուցե խիստ կլինի: Քանի որ ՀՅԴ-ն միշտ՝ անկախ նրանից, թե կոալիցիայի մեջ է եղել կամ դուրս՝ գործել է բացարձա՛կ ինքնուրույն, մանավանդ, եթե դա վերաբերել է ժողովրդի, ազգային անվտանգության խնդիրներին, ազգային գերխնդիրներին: Բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ՀՅԴ համար առաջնահերթություններ են որպես մարտահրավերներ՝ որոշումները կայացվել են բացարձակապես ինքնուրույն, վերլուծումների արդյունքում: Մենք որեւէ մեկից գործելու առաջադրանք երբեք չենք ստացել: Ուստի սա զրպարտանքի նման մի բան է: Ուրիշ խնդիր է, որ նորմալ քաղաքական ուժը՝ եթե կոչված է երկիրը երկիր դարձնել եւ ժողովրդին փակուղի չտանել՝ ցանկացած իրավիճակում շատ կարեւոր է, որ գոնե իմանա, թե ինչ է մտածում իշխանությունը»:

Նույն հարցազրույցում Լեւոն Զուրաբյանն անդրադարձել էր նաեւ «Ժառանգությանը»՝ մասնավորապես նշելով. «Այդ կուսակցությունն այսօր չունի ռեալ քաղաքական քաշ, եւ մի քանի տասնյակ մարդկանցով է սահմանափակվում նրանց ռեալ անդամակցությունը: Դա հետեւանք է նրա, որ ինչ-որ պահի սահմանազատվեցին համատեղ պայքարից, ինչ-որ դիստանցիա պահեցին համաժողովրդական շարժումից»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այս կապակցությամբ ասաց. «Ես չեմ տեսնում այստեղ վերլուծական միտք: Ո՞րն է ցանկությունը, նպատակը ո՞րն է՝ ընդդիմադիր դաշտը թուլացնե՞լը, թե՞ ուժեղացնելը: Լեւոն Զուրաբյանի խոսքի մեջ կա ընդդիմադիր դաշտը թուլացնելու ուղերձ: Ես համոզված եմ, որ սխալ է Հայաստանում ներկա ժամանակահատվածում ընդդիմադիր դաշտում հանդես գալ միայն ՀԱԿ-ով՝ որքան էլ թվաքանակով հզոր կազմակերպություններ լինեն: Ես մնում եմ բազմազան ուժերի միասնական ծրագրի եւ խնդիրների շուրջ միավորվելու ջատագովը: Դա է խնդիրը: Եվ ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծման առումով ՀԱԿ-ն «էստի համեցեք» կոչերից այն կողմ չի անցնում: Համոզված եմ, որ եթե իրենք լավ վերլուծեն ստեղծված իրավիճակը՝ կտեսնեն, որ մեր բոլոր ուղերձներն ուղղված են ոչ թե ՀԱԿ-ը թուլացնելուն, այլ ընդդիմադիր դաշտն իր բազմազանությամբ ուժեղացնելուն եւ միասնական գործողություններն ակտիվացնելուն»:

Հ. Գ. Նախօրեին «Հայելի» ակումբում պրն Զուրաբյանի այս պնդմանն արձագանքել էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը. «Այդպիսի գնահատականներ մենք միշտ ենք լսում տարբեր դաշտերում, նույնպիսի քաշային կատեգորիաներ տերմիններով կարծեք թե ՀՀԿ-ն էր խոսում ԲՀԿ-ի հետ, ՕԵԿ-ը՝ մյուսների հետ»: Նաեւ հավելել էր. «Ես ստիպված եմ 2009 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ցուցանիշը վկայակոչել, երբ բոլոր կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, բացառությամբ «Ժառանգության», կարողացան իրենց հետեւից տանել 50% էլեկտորատ՝ քվեարկողներ, այսինքն՝ այդ բոլորի քաշը միասին վերցրած 50% է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել