Արմեն Մկրտչյանի մրցակիցներն ուժեղ էին, բայց նա առաջին տեղը գրավեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով բոուլինգի առաջին մրցաշարում: Մրցաշարը երեկ էր, «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում, նվիրված էր կանանց միջազգային օրվան, եւ մասնակցում էին հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարդիկ: «Շատ հաճախ չեմ զբաղվել այս սպորտով: Ինձ թվում է՝ հաղթելու համար մեծ նախապայման էր այստեղ տիրող մթնոլորտը՝ մրցում էին հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարդիկ: Այսպիսի նախաձեռնությունները շատ կարեւոր են»,- ասում է առաջին մրցանակը ստացող «Սկարպ» հ/կ-ն ներկայացնող Արմեն Մկրտչյանը: Մրցաշարին մասնակցում էր նաեւ Արա Գեւորգյանը: Նա զբաղեցրեց երկրորդ տեղը: «Այսպիսի միջոցառումներն օգնում են բոլորիս, նաեւ՝ հաշմանդամ մարդկանց ինտեգրմանը հասարակության մեջ: Պետք է բոլոր պայմաններն ստեղծվեն նաեւ նրանց մշակութային կյանք ընդգրկելու համար»,- ասում է Արա Գեւորգյանը: Նշենք, որ մրցաշարի նախաձեռնողներն էին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները, իրականացվում էր Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հաղթողներին մրցանակներ էին սահմանել նաեւ «Ակվատեկ» սպորտաառողջարանային համալիրը եւ «Նեմո» երեւանյան դելֆինարիումը: