Մարտի 8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմականացված ներկայացվեցին բանաստեղծուհի Աննե Մարիի ստեղծագործությունները: Հեղինակն ասաց, որ ստեղծագործելու ժամանակ ինքը պատկերացնում է, թե ինչպես կարելի է բեմադրել իր բանաստեղծությունները, այդ իսկ պատճառով ասմունքի երեկոն ուղեկցվում էր թատերականացված բեմադրությամբ, որի ռեժիսորը Դավիթ Բարխուդարյանն էր: Ըստ Դ. Բարխուդարյանի, ներկայումս մեր հասարակությունն այնքան է հեռացել պոեզիայից, որ այս միջոցառումը յուրօրինակ փորձ էր վերականգնելու հետաքրքրությունը դրա հանդեպ:
Բանաստեղծությունները կարդում էին ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Ռոստոմյանը եւ ասմունքող Աննա Հեքեքյանը: Ծրագրում ընդգրկված էին բանաստեղծություններ «Ուշացած ծաղիկներ» եւ «Լուսընծա» ժողովածուներից, ինչպես նաեւ նոր, դեռեւս չտպագրված աշխատանքներ: Հեղինակի փոխանցմամբ, ինքը բուռն գրական կյանքով ապրում է 5 տարի, չնայած ստեղծագործում է փոքր տարիքից, եւ «Ուշացած ծաղիկներ» գրքի վերնագիրը բացատրեց գրականություն՝ իր ուշ մուտք գործելու հանգամանքով: Բանաստեղծուհին նաեւ ընդգծեց, որ չնայած առաջին հայացքից իր բանաստեղծություններում թախիծը գերակշռող է, բայց յուրաքանչյուր տող ունի իր լուսավոր շարունակությունը:
Գագիկ Ռոստոմյանը խոստովանեց, որ իր համար անակնկալ էր նման նախագծում մասնակցելը, քանի որ այդքան էլ ճիշտ չի համարում բանաստեղծությունը բեմից հանդիսատեսին փոխանցելը. «Պոեզիան շատ քմահաճ բան է, եւ յուրաքանչյուր մարդ այն յուրովի է ընկալում»: Գ. Ռոստոմյանն ասաց, որ սկզբում իր համար դժվար էր, բայց ներգրավվելով աշխատանքի մեջ, արդարացել են իր սպասելիքները: