Հայ սատանիստները սիրում են արյուն խմել, երակներ կտրել եւ «Աստվածաշունչը» վառել, սակայն երբեք չեն մտածել սպանության մասին
Մոսկվաբնակ սատանիստ ԹսՈՊ խՈ-Թպռ-ը (սա զրուցակցիս ծածկանունն է facebook սոցիալական ցանցում) ինձ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն 2 տարվա Սատանայի եկեղեցու անդամ է. «Ես 17 տարեկան էի, ապրում էի ծնողներիս հետ: Համերգներից մեկի ժամանակ ծանոթացա իմ տարիքի մի քանի երիտասարդների հետ: Նրանք ինձ առաջարկեցին գնալ իրենց տուն՝ գարեջուր խմելու: Մի քանի նման հանդիպումներից հետո ինձ խորհուրդ տվեցին մտնել իրենց շարքերը»:
Երեք ամիս անց Վլադին որոշում են «օծել» որպես Սատանայի հետեւորդ: Երիտասարդը միանում է մյուս սատանիստներին, սկզբում պարզապես սեւ հագուստ էր կրում, կարդում Հիտլերի ելույթները եւ իրենց առաջնորդ Լա Վեյի «Սատանիստական բիբլիան», իսկ ընտանիքի անդամներին խաբում էր՝ ասելով, որ ինքը սպորտով է զբաղվում: Այժմ Վլադը շարունակում է հավատարիմ մնալ ռոք համերգներից մեկի ժամանակ հարբած վիճակում ընտրած իր ուղուն, ասում է, որ սատանիստ դառնալով գտել է «ճշմարիտ» ճանապարհը: Այն հարցին, թե մարդկային զոհեր տրվո՞ւմ են, Վլադը դրական արձագանքեց. «Բայց դրանք արվում են շատ հազվադեպ, եւ անողներից մի քանիսին ձերբակալել են: Իսկ կատուների եւ այլ կենդանիների սպանություն ամեն շաբաթ մի քանի անգամ լինում են»: Դրանք կոչվում են սեւ պատարագներ:
Հայաստանում էլ
կան սատանիստներ, բա՞
Պարզվում է՝ հայ սատանիստներն ավելի համեստ են. այո՛, արյուն խմել են, մի անգամ էլ իրենց երակներն են կտրել, երկու անգամ «Աստվածաշունչը» վառել կամ էլ տարօրինակ ծեսեր կատարել, սակայն երբեք չեն մտածել մարդասպանության մասին, կենդանիներին էլ սիրում են:
«Ոչ մի անուն, ոչ էլ բնակության հասցե». այսպես ինձ դիմավորեցին սատանիստ հերոսներս: Երիտասարդ զույգը (տղան՝ 23 տարեկան, աղջիկը՝ 20, պայմանականորեն տղային անվանենք Կարեն) այս ուղին ընտրել է մեկ տարի առաջ՝ նորից այդ «չարաբաստիկ» ռոք համերգներից մեկի ժամանակ: Նրանց նկարագրած սցենարը գրեթե նույնն էր, ինչ սիբիրյան երկրամասի սատանիստ Վլադինը: Սատանիստ զրուցակիցներս ընդհանրապես չեն խուսափում շրջապատից. «Մենք այնպիսին ենք, ինչպիսին, որ կանք, ով մեզ այսպիսին չի ընդունում, էդ արդեն իրանց խնդիրն ա»,- ասում է Կարենի ընկերուհին (հետաքրքիր է, որ այս անվախ զույգը սարսափում էր մեզ որեւէ անուն կամ հասցե տալ, նույնիսկ հանդիպման վայրը որոշել ենք սոցիալական ցանցի միջոցով, լավ է, որ դիմակներով չեկան):
Կարենին եւ նրա ընկերուհուն անգամ անտեսում են ծնողները։ «Դե, ասում են՝ էս մի հագի, խի՞ ես գիշերը ուշ գալիս, կամ էլ ջղայնանում, որ ռոք համերգների եմ գնում, բայց ես իրանց չեմ լսում: Նրանք սկի սատանիզմը չգիտեն ինչ ա, էլ ոնց բացատրեմ, խի՞ եմ ռոք համերգի գնում»,- ժպիտով խոստովանում էր Կարենի ընկերուհին:
Ա՛խ, այդ սատանիստները
Սատանիստների մասին զրուցեցինք Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սարկավագ Գեղամ Ավետիսյանի հետ: Նրա խոսքով՝ հոգեւորականությունը պայքարում է սատանիստների դեմ, միջոցը՝ հակաքարոզն է. «Հասարակությանը տեղեկացնում ենք սատանիստների վնասակարության մասին, զգուշացնում հեռու մնալ նրանցից: Սատանիզմն ամենասարսափելի երեւույթներից մեկն է, սակայն նրանք գրանցված չեն. ընդհատակյա են գործում, այդ իսկ պատճառով պայքարը բարդանում է»:
Իմ մյուս զրուցակիցը՝ Աշոտ Մանուչարյանը, աղանդների թեմայով դասախոսություններ է կարդում Մայր բուհում: Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի այս դասախոսն ասում է, որ աղանդները բաժանվում են երկու խմբի՝ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական. «Սատանիզմը մտնում է ոչ քրիստոնեական աղանդների մեջ, նրանք փակ կազմակերպություն են: Պատմականորեն եղել են այնպիսի աղանդներ, որոնք իբր թե երկրպագել են չարին, որպեսզի այն իրենց չվնասի, բայց այս դեպքում չարը ընկալվում է որպես հատուկ պաշտամունքի առարկա, որն անընդունելի է»:
Ա. Մանուչարյանի խոսքով՝ սատանիստներն իրենց շարքերը համալրող երիտասարդների առջեւ միանգամից չեն բացվում, այլ անցկացնում են մանրազնին ուղեղների լվացում. «Նրանք իրենց անդամ են դարձնում երկարատեւ ուսումնասիրված մարդկանց, այդ անմիջապես չի լինում: Ամենը սկսվում է լավ ապրելու, աշխատանք ունենալու, ամեն ինչով ապահովված լինելու խոստումներով»: