Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է երեք աստիճան եւ հայտնվել 65-րդ հորիզոնականում:
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Իրենց տեղերում են մնացել նաեւ լավագույն եռյակի մյուս երկրները՝ երկրորդ տեղում ընթացող Հոլանդիան եւ նրան հաջորդող Գերմանիան: Իսկ ահա Արգենտիան այս ամիս շրջանցել է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային՝ 4-րդ տեղ: Առաջատարների տասնյակում հաջորդականությամբ դասավորվել են. 5. Բրազիլիա, 6. Անգլիա, 7. Ուրուգվայ, 8. Խորվաթիա, 9. Պորտուգալիա (սրանք տեղերը փոխել են), 10. Հունաստան: Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 13. Ռուսաստան, 22. Սլովակիա, 34. Իռլանդիա, 83. Մակեդոնիա, 202. Անդորրա: