Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ

Մարտ 10,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մալթայի Տա Կալի քաղաքի «Սենտենարի» ստադիոնում ընթացած Եվրոպայի 2013 թ. առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի վերջին տուրում ինքն իրեն լավագույն նվերն է մատուցել:
Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի սանուհիները տանտիրուհիների հետ եզրափակիչ խաղում կամային ոչ-ոքի են արել (1:1) եւ գրավելով առաջին տեղը՝ տիրել խմբային մրցաշարի իրավունք տվող միակ ուղեգրին: ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն, հաշիվն առաջին խաղակեսի սկզբնամասում բացել է մալթացիներից Ռեյչել Կուշյերին: Իսկ պատասխան գնդակը հանդիպման 64-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարվածով խփել է Քրիստինե Մանգասարյանը: Նույն օրը Վրաստանի ընտրանին նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության է հասել Ֆարերյան կղզիների նկատմամբ, որից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել:
1. Հայաստան 3 1 2 0 2-1 5
2. Մալթա 3 1 1 1 2-3 4
3. Վրաստան 3 1 1 1 1-1 4
4. Ֆարերյան կղ. 3 1 0 2 2-3 3
Այժմ վիճակահանությամբ կազմավորվելու է յոթ խումբ, որոնցում հանդիպումները կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Որակավորման փուլի խմբային մրցաշարը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերի 11-ին եւ եզրագիծը հատելու է 2012 թվականի սեպտեմբերի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել