Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցաշրջանը մեկնարկել է

Մարտ 10,2011 00:00

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 20-րդ առաջնությունն արդեն մեկնարկել է, բայց միայն 6 թիմերի համար: Մեկնարկն էլ բավական սակավագոլ է ստացվել՝ երեք խաղերից միայն մեկն է ավարտվել կողմերից մեկի հաղթանակով, այն էլ՝ նվազագույն հաշվի առավելությամբ: Մյուս երկու հանդիպումները խաղաղ ելք ունեցան, ընդ որում՝ «Միկա»-«Շիրակ» խաղում այդպես էլ հաշիվը չբացվեց:
Առաջին տուրի «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումն էլ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հետաձգվել է եւ կկայանա մարտի 24-ին: Դրանից ընդամենը հինգ օր առաջ էլ կմեկնարկի երկրորդ տուրը, իսկ մինչ այդ՝ մեր թիմերը պատրաստվում են գավաթի խաղարկության քառորդ եզրափակչին:
Արդեն այսօր եւ վաղը տեղի կունենան գավաթային հանդիպումները:
«Հրազդան» մարզադաշտում «Ուլիսը» մրցելու է «Արարատի» հետ: Հետաքրքիր է, որ այս երկու թիմերը վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ են հանդիպում գավաթի քառորդ եզրափակչում: Ու առայսօր առավելությունն «Արարատի» կողմն է: Սակայն այս խաղարկությանն «Արարատը» լուրջ խնդիրներով է մոտեցել ու, ի տարբերություն «Ուլիսի», որ մի քանի արտասահմանյան հավաք է անցկացրել, Արկադի Անդրեասյանի թիմն անգամ Հայաստանում հավաք չի կազմակերպել: Ինչպես հենց Անդրեասյանը նշեց մեկնարկային տուրում «Բանանցի» հետ հանդիպումից հետո, այդ խաղում ոչ-ոքիի հարցում մեծ դեր խաղաց բախտի գործոնը: Արդյո՞ք նույն գործոնը երկրորդ անգամ կօգնի արարատցիներին: Դժվար է կանխագուշակել: Դժվար է լինելու նաեւ «Ուլիսին», որի համար այս հանդիպումը, փաստորեն, մեկնարկային է մրցաշրջանում: Իսկ, ինչպես հայտնի է, մեկնարկային հանդիպումները միշտ էլ լարված են ու հաճախ անկանխատեսելի:
Մեկնարկային կլինի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը նաեւ «Գանձասարի» համար, որի մրցակիցը «Բանանցն» է: Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությունում հիանալի ելույթ ունեցած թիմը, բնականաբար, գտնվում է ոգեւորության ալիքի վրա ու բոլոր շանսերն ունի՝ արժանի մրցել կրկնակի գավաթակրի հետ: Իսկ «Բանանցն» էլ իր հերթին մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո կարիք ունի «ռեաբիլիտացման»: Ի դեպ, գավաթի խաղարկության շրջանակներում այս թիմերն առաջին անգամ են հանդիպելու: Խաղը կայանալու է «Բանանց» մարզադաշտում:
Այսօրվա երրորդ խաղում կմրցեն նախորդ առաջնության աղյուսակը գլխավորող ու եզրափակող թիմերը՝ «Փյունիկն» ու «Շիրակը»: Սակայն չեմպիոնատի առաջին տուրը, ինչպես նաեւ նախապատրաստական շրջանը, արդեն թույլ են տալիս եզրակացնել, որ չեմպիոն ու գավաթակիր թիմին հեշտ հանդիպում չի սպասվում պատվախնդիր գյումրեցիների հետ: Ի դեպ, «Շիրակը» միակ թիմն է, որ մասնակցել է գավաթի բոլոր 19 խաղարկություններին: Գավաթի մրցաշարերում այս ակումբների ճանապարհները չորրորդ անգամ են հատվում: Ուշագրավ է, որ գավաթային հանդիպումներում առավելությունը «Շիրակի» կողմն է. երկու անգամ շիրակցիներին հաջողվել է հաղթահարել «Փյունիկի» դիմադրությունը ու մտնել հաջորդ փուլ: Փորձառու մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ գյումրեցիներն այս անգամ էլ բոլոր շանսերն ունեն՝ արժանի դիմադրելու ավելի տիտղոսակիր մրցակցին, մանավանդ որ, մոտիվացիան ուժեղ է. մինչ օրս «Փյունիկն» արդեն հինգ անգամ նվաճել է գավաթը, մինչդեռ «Շիրակը», երեք անգամ հայտնվելով եզրափակչում, այդպես էլ չի հասել բաղձալի հաղթանակին: Այս երկու թիմերը կմրցեն Իջեւանի «Արնար» մարզադաշտում:
Չորրորդ գավաթային հանդիպումը տեղի կունենա վաղը՝ «Միկա» մարզադաշտում: Դաշտի տերերը կմրցեն Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Այս թիմերի ճանապարհներն առաջին անգամ են հատվում գավաթային մրցաշարերում: Ինչ վերաբերում է մրցաշրջանի մեկնարկին, ապա երկու թիմերի համար էլ այն անհաջող կարելի է համարել. «Իմպուլսը» պարտություն է կրել «Փյունիկից», «Միկան» էլ հարազատ հարկի տակ չի կարողացել հաղթահարել «Շիրակի» դիմադրությունը:
Մեզ մնում է ակնկալել, որ գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ կտեսնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել