Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ, ՆՈՐ «ՔՆՆՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 10,2011 00:00

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեց շուրջ 130 ըմբիշ, այդ թվում՝ նաեւ Արցախից ու Ջավախքից: Մրցագորգերում ծավալված պայքարի արդյունքում այդ տարիքային խմբի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին միայն Հայաստանի ներկայացուցիչները՝ Արտակ Հովհաննիսյանը (50 կգ), Մաթեւոս Սարոյանը (55), Վոլոդjա Ֆրանգուլյանը (60), Գրիգոր Գրիգորյանը (66), Գեւորգ Համբարձումյանը (74), Էդիկ Մկոյանը (84), Աշոտ Աշոտյանը (96) եւ Սպարտակ Մկրտչյանը (120):
Հանրապետության առաջնության արդյունքներով կազմավորվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական կորիզը, որը մոտ օրերս մեր ազգային հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Հավաքականների կենտրոնում»: Հավաքին հրավիրվել են առանձին քաշային կարգերում հաղթողներն ու երկրորդ մրցանակակիրները: Դրանց ավարտին մեր երիտասարդների ընտրանին Վրաստանում կմասնակցի միջազգային մրցաշարի, այնուհետեւ կվերադառնա Հայաստան, կշարունակի հավաքները, որոնք հետագայում կշարունակի Դաղստանում ու հենց տեղում՝ Խասավյուրտ քաղաքում հանդես կգա «Խաղաղություն Կովկասին» անունը կրող միջազգային մրցաշարին:
Այս ծրագիրը, ըստ էության, հունիսի 27-30-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի եւ օգոստոսի սկզբներին Բուդապեշտում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությունների նախապատրաստության կարեւորագույն փուլ է կազմում:
Մեր երիտասարդ ու խոստումնալից ըմբիշներն իրենց ինչպե՞ս կդրսեւորեն մրցաշրջան 2011-ում: Մարզասերները, իհարկե, արդյունքներ են սպասում: Սակայն ֆեդերացիայի եւ մասնագետների համար տվյալ ժամանակահատվածն ավելի շատ կարեւորվում է այլ բանով: Այս տարի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի ղեկը վստահվել է երիտասարդ մասնագետ, սպորտի վարպետ Ավետիք Վարդանյանին: Նա շուրջ 11 տարի աշխատել է հավաքականի հետ, որից հինգում կատարել է երկրորդ մարզչի պարտականությունները: Հասկանալի է, որ միջազգային մրցագորգերում մինչեւ այժմ գրանցված արդյունքները միանգամից բազմապատկել հնարավոր չէ՝ դրա համար ժամանակ է հարկավոր: Բայց որ առաջին իսկ մեկնարկներն Ավետիք Վարդանյանի համար լուրջ քննություն են լինելու՝ հաստատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել