Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Դինքը»՝ 3-րդ անգամ

Մարտ 10,2011 00:00

Արդեն 2 տարի է, ինչ սեպտեմբերի 15-ին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդյան օրը մրցանակներ են հանձնվում այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 2010-ի մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաեւ «Առավոտի» թղթակիցը, կայացավ Ստամբուլի «Ճեմալ Րէշիտ Րէյ» համերգասրահում: Հիշեցնենք, որ մրցանակներից մեկը ստացավ «Թուրքիա-ազնիվ պայքարողների շարժում» հակամիլիտարիստական կազմակերպությունը, երկրորդը՝ իսպանացի դատավոր Բալդասար Գարսոն Ռեալը: Ինչպես երեկ «Առավոտին» տեղեկացրին «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի գրասենյակից, նախկին մրցանակակիրների, մրցանակաբաշխության կարգի, հայտ ներկայացնելու եւ այլնի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.hrantdinkaward.org կայքէջ: Կայքում, որը ունի նաեւ արեւմտահայերեն տարբերակ, գրված է. «Մրցանակները ստանում են խտրականությունից, ցեղապաշտությունից, բռնությունից զերծ, ազատ ու արդար աշխարհի ձգտող, այս ուխտին հասնելու համար անհատական զոհողություններ արած, կանխակարծիքները խորտակող, այս պայքարի մեջ՝ հասարակությանը խրախուսողները»:
Միջազգային «Հրանտ Դինք» մրցանակը սպասում է նոր հայտերի: Հայտերը կարող են ընդունվել մինչեւ 2011 թ. ապրիլի 15-ը: Դրա համար բավական է, որպեսզի թեկնածուն այցելի www.hrantdinkaward.org, լրացնի հարցաթերթիկը եւ ուղարկի համապատասխան հասցեով: Միջազգային ժյուրիի կազմում են՝ Ռաքել Դինքը («Հրանտ Դինք» հիմնարկի նախագահ), Ջուդիթ Պաթլըրը (ֆեմինիստ մտավորական), Հասան Ջեմալը (լրագրող), ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել