80-ամյա Հովհաննես Չեքիջյանն այսօր էլ ստեղծագործում է իրեն հատուկ եռանդով
Անցյալ դարի վաթսունական թվականներին ապրում էի Տալլինում եւ սովորում տեղի կոնսերվատորիայում: Մի օր ինձ հրավիրեցին աշխարհահռչակ խմբավար, կոմպոզիտոր Գուստավ Էռնեսաքսի մոտ: Նա խնդրեց օգնել՝ մի հայկական երգի հայերեն տեքստ սովորեցնել Էստոնիայի տղամարդկանց ակադեմիական երգչախմբին, որը պատրաստվում էր հյուրախաղերով գալ Հայաստան: Խոսքը մեր ժողովրդական «Հինգալա» երգի մասին էր (մշակել էր ինքը՝ Գուստավ Էռնեսաքսը): Մենք դեռ հիշում էինք «Ծիծեռնակ» երգի կատարումը, որ ժամանակին մատուցվել է էստոներեն: Այս անգամ Էռնեսաքսը ուզում էր անակնկալ մատուցել հայերիս եւ երգը կատարել հայերեն: Երգը շատ արագ յուրացվեց երգչախմբի կողմից եւ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում:
Մի առիթով ես հարցրի մաեստրո Էռնեսաքսին, թե ինչո՞ւ որոշեց «Ծիծեռնակից» հետո Հայաստան գալ նոր երգով, որը բավական բարդ է երգչախմբի համար: Նա ժպիտը դեմքին պատասխանեց, որ Հայաստան գալը առանց Հովհաննես Չեքիջյանին անակնկալ մատուցելու, գեղեցիկ չի լինի եւ ինձ ցույց տվեց իր հոդվածը Տալլինի «Ռահվա հայել» թերթում. «Էստոնիա» համերգային դահլիճի հանդիսատեսը ականատես եղավ մեծ անակնկալի, ես կասեի՝ համերգային ռումբի: Ելույթ էր ունենում Հայաստանի ակադեմիական երգչախումբը՝ մեծատաղանդ, ինքնատիպ խմբավար Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Տիեզերք է դուրս եկել մի նոր նավ, որի անձնակազմը եւ նավապետը Աստծո օրհնությամբ լի են եռանդով, բարձր ճաշակով եւ հանճարեղ պոռթկումներով»:
Այդ խոսքերը ցնցեցին ինձ: Չեքիջյանի մասին այսպիսի գնահատական էր տալիս մի մարդ, ով իր անհասանելի մեծությամբ հավասարը չուներ:
Տարիներ հետո տեղափոխվեցի Երեւան եւ աշխատանքի անցա Հայաստանի ռադիոյում՝ որպես հնչյունային ռեժիսոր եւ աշխատանքի բերումով շատ հաճախ առիթ եմ ունեցել աշխատակցել եւ ձայնագրել մեր ակադեմիական երգչախմբին՝ Չեքիջյանի ղեկավարությամբ եւ Ազգային ձայնադարանի ֆոնդին հանձնել մեծ թվով ձայնագրություններ Կոմիտասի, Եկմալյանի, Կանաչյանի, Գերշվինի, Բախի, Մոցարտի, Գունոյի, Վերդիի, Բեթհովենի, Շուբերտի, Չայկովսկու եւ ժամանակակից հայ շատ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Լուսահոգի կաթողիկոս Վազգեն Առաջինի առաջարկությամբ Հովհաննես Չեքիջյանի հետ առաջին անգամ ձեռնարկեցինք Մակար Եկմալյանի Պատարագի ձայնագրությունը՝ պրոֆեսիոնալ կատարմամբ, հետագայում նաեւ՝ Կոմիտասի, որոնք սփռվեցին ողջ աշխարհում եւ ապացուցեցինք, որ Բախից, Հայդնից, Հենդելից բացի, առաջինը քրիստոնեությունն ընդունած հայ ազգը ունի հոգեւոր երաժշտության մեծ արժեքներ:
Մաեստրո Չեքիջյանը ակադեմիական երգչախումբը հասցրել է համաշխարհային երաժշտության կատարողական մեծ բարձրության: Նրա մասին դրվատանքի խոսքեր են ասել շատ ու շատ ականավոր գործիչներ՝ Եվգենի Մրավինսկին, Արամ Խաչատրյանը, Նիկոլայ Տիխոնովը, Դմիտրի Կաբալեւսկին, Նաթան Ռախլինը, Բորիս Պիատրովսկին, Մարիետա Շահինյանը եւ շատ ուրիշներ:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում երգչախմբի համերգի ավարտին նույնիսկ բեմահարթակ բարձրացավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, ողջունեց Չեքիջյանին, ողջագուրվեց նրա հետ:
Կարծում ենք, Չեքիջյանը Աստծո ուղարկածն է մեր ժողովրդին: Աստված միշտ մեր ժողովրդին է պարգեւել անհատների, ինչպես Նարեկացին, Կոմիտասը, Սարյանը, Թամանյանը, Մյասնիկյանը, Չարենցը, Սեւակը, Վազգեն Առաջին կաթողիկոսը, Կարեն Դեմիրճյանը: Դա օրինաչափ է, երբ մեր ազգը նման միջնորդության կարիք է ունենում, բարձրյալը միշտ իր առաքելությունը կատարում է: Ակամայից մեջբերեմ Գուստավ Էռնեսաքսի խոսքը… Մեծ երկնակամար է դուրս եկել մի նոր նավ, որի նավապետը Աստծո օրհնությամբ լի է եռանդով, բարձր ճաշակով եւ հանճարեղ պոռթկումներով: Հովհաննես Չեքիջյանը, չնայած ութսունամյա տարիքին, այսօր էլ աշխատում եւ ստեղծագործում է իրեն հատուկ անսպառ մեծ եռանդով: Թող Աստված իր ձեռքը երկար պահի նրա վրա: Նա իր հուշարձանն արդեն կանգնեցրել է մեր մշակույթի անդաստանում, վկան՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղադրված նրա բրոնզաձույլ կիսանդրին: