Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆԱԽԱՂ՝ 5 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Մարտ 10,2011 00:00

Անվանի բեմադրիչ Ռ. Ջրբաշյանը Հարությունյան ընտանիքի՝ «Սայաթ-Նովայի» մասին

\"\"

«Առավոտը» 5 տարի առաջ «Վերջին հույսը վարչապետն է» խորագրով հրապարակման մեջ անդրադարձել էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության խնդրին: Հոդվածից հետո հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նպաստել էր, որ «Սայաթ-Նովայի» համար պետբյուջեից հատկացվի 50 մլն դրամ: 5 տարի պահանջվեց օպերայի նոր բեմադրության համար: Սկզբում՝ ճանաչված բեմադրիչներ Ռոբերտ Ստուրուայի եւ Գիզո Ջորդանիայի, շուրջ մեկ ամիս առաջ էլ՝ Արամ Սուքիասյանի ջանքերով վերջապես ավարտին հասցվեց այն: Առաջնախաղը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մարտի 6-ին:
Ազգային օպերային թատրոնում 1969 թ. մեծանուն Վարդան Աճեմյանի եւ Ռաֆայել Ջրբաշյանի, մասնագետների բնորոշմամբ՝ անզուգական բեմադրությունից հետո, «Սայաթ-Նովան» բուռն ծափերի է արժանացել նաեւ Մեծ թատրոնում: Շուրջ 10 տարի անց այն հանվել է խաղացանկից:
Մենք որոշեցինք ձեւավորել այն ժամանակի կապը, որ միավորում է առաջին եւ այս բեմադրությունները: Հետեւաբար դիմեցինք առաջին բեմադրիչին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանին: Նա քանիցս խուսափելով, այնուամենայնիվ, համաձայնեց զրուցել՝ իր «խուսափումը» բացատրելով երեւույթի բարոյական առումով: Բեմադրիչը հարմար չէր գտնում խոսել ներկայիս բեմադրության մասին, որտեղ վրաց բեմադրիչ Գ. Ջորդանիան ամեն կերպ աշխատել է, իր խոսքերով, աշուղ Սայաթ-Նովային վրացականացնել՝ դարձնել վրաց ժողովրդի սեփականությունը, հավանաբար, դրանով էր պայմանավորված նոր բեմադրության ձեւավորման ինքնանպատակ տպավորությունը: «Օպերայի ժանրային առանձնահատկությունները պարտավորեցնում են, որպեսզի բեմադրության բոլոր բաղկացուցիչները, հատկապես բեմանկարչական լուծումը, կայանա ոչ թե կենցաղային, այլ բանաստեղծական, ռոմանտիկ ռեալիզմի ոգով ու ոճով: Հին Թիֆլիսը՝ մեյդանն ու պալատը, ինչպես նաեւ Հաղպատը պետք է ներկայացնել ոչ թե այնպես, ինչպես սովորաբար է արվում՝ ծանրաբեռն ծավալով, այլ կյանքից պոկված ու գեղարվեստորեն, գեղանկարչորեն մշակված, ժամանակը, առարկայի ամբողջականությունը՝ տեսանելի, շոշափելի դարձնող, գործողության վայրը՝ հավաստիորեն բնութագրող կտավներով, ավելի ճիշտ՝ ոչ թե դեկորով, այլ նրա ֆրագմենտների կտավներով»,- նշեց բեմադրիչը: Ռեպլիկին, թե՝ դեկորներն ու զգեստները կոմպոզիտորի թոռնուհու՝ Արաքսիի «ձեռագիրն» են, Ջրբաշյանը հաստատակամորեն հայտնեց, որ դրանք Ջորդանիայի մտահղացման արդյունք են:
Ջրբաշյանի հոգում ցավ կար, նա հիշեց իր բեմադրության հետ կապված մի քանի «խաղեր», որոնք նորօրյա «Սայաթ-Նովայի» ժամանակ եւս ուղեկից եղան, ինչի արդյունքում էլ կոմպոզիտորի դստեր՝ Նարինե Հարությունյանի վարքագիծը տանել չկարողանալով, հեռացավ վրաց բեմադրիչ Ջորդանիան (տեղեկացնենք, որ Ալ. Հարությունյանը օպերայի բեմադրության հեղինակային իրավունքները փոխանցել էր դստերը.- Ս. Դ.): Բեմադրությունը ավարտին հասցրած շնորհալի բեմադրիչ Արամ Սուքիասյանին էլ տիկին Նարինեն թույլ չի տվել անգամ բեմադրության առաջնախաղից հետո դուրս գալ խոնարհման: Մեր զրուցակիցը զուգահեռներ անցկացրեց կոմպոզիտորի եւ նրա դստեր գործելաոճերի միջեւ, անուղղակիորեն ակնարկելով նրանց ցուցամոլությունը: Ժամանակին Հարությունյանը ցանկացել է, որ հայտագրում ոչ թե այդ տարիներին ոչ այնքան հայտնի Ջրբաշյանի, այլ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վ. Աճեմյանի անունը լինի: Ռ. Ջրբաշյանը հիշում է, որ այս «նախաձեռնության» արդյունքում էլ Վ. Աճեմյանը դարձել է բեմադրության գեղարվեստական ղեկավար. «Այն տեսարանում, երբ պալատականին բացատրում ու ցուցադրում եմ, թե երկու անհաջող փորձից հետո ինչպես պետք է մոտենա Աննայի ձեռքի օրինական հավակնորդ Իշխանին ու ականջին շշնջա նրա հարսնացուի ու Սայաթի գաղտնախորհուրդ սիրո մասին, դահլիճից մեկ էլ լսվեց Հարությունյանի հիստերիկ ձայնը՝ չեմ ուզում, չեմ ուզում, հասկանում ես, ինձ անուն է պետք, ՍՍՀՄ ժողարտիստ Աճեմյանի անունը…»: Պարոն Ջրբաշյանը նոր բեմադրության մասին ասաց միայն. «Շնորհալի Արամ Սուքիասյանը զուր էր խառնվել այս ընտանեկան խաղին»: Հիշելով ժամանակին «Սայաթ-Նովա» օպերայում ներգրավված հայ օպերային թատրոնի երախտավորներ՝ Տաթեւիկ Սազանդարյանի, Օլգա Գաբայանի, Գեղամ Գրիգորյանի, Արամ Քաթանյանի եւ մյուսների անունները, հիացմունքով խոսեց նոր բեմադրության բեմադրիչ-դիրիժոր Յուրի Դավթյանի, գլխավոր խորմայստեր Կարեն Սարգսյանի, Հովհաննես Այվազյանի (Սայաթ-Նովա), Գրետա Բագիյանի (Աննա), Միքայել Հայրապետյանի (Էրեկլե II), Հայկ Տիգրանյանի (Բազարբաշի), Գուրգեն Բավեյանի (պարսից աշուղ) մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել