Կոսովոյի եւ Սերբիայի իշխանությունների միջեւ ուղիղ բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին մարտի 8-ին-ին՝ չեն կայացել: Այն, որ դրանք չեղյալ են հայտարարվել՝ հաստատել է Կոսովոյի վարչապետի տեղակալ Միմոզա Կուսարի-Լիլը: Panarmenian.net-ի փոխանցմամբ, Կոսովոյի պատվիրակությունը չի մեկնել Բրյուսել, քանի որ, Կուսարի-Լիլի մատուցմամբ՝ «կառավարությունը որոշել է սպասել, թե խորհրդարանը երբ կմշակի ու բանաձեւ կընդունի առաջիկա երկխոսության մասին»: Ինչպես հայտնել է Կուսարի-Լիլը, դա տեղի կունենա մարտի 10-ից ոչ շուտ, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է քվեարկել իշխանությունների առաջարկած բանաձեւի օգտին: Պատգամավորները մտադիր են ճշտել բանակցողների լիազորությունները:
Մինչդեռ Կոսովոյի «Ինքնորոշում» շարժման ներկայացուցիչներն ընդհանրապես կոչ են արել հրաժարվել Բելգրադի հետ երկխոսությունից: Սերբիայի կառավարությունը կամ ԵՄ-ն տեղի ունեցածին դեռ չեն արձագանքել:
Ինչպես արդեն ասվել էր, կողմերը բանակցություններում պետք է քննարկեին տեխնիկական հարցեր՝ մաքսակետերի ստեղծում, ավիահաղորդակցություն, Կոսովոյում սերբական փոքրամասնության կյանքին առնչվող հարցեր: