Մարտի 8-ի երեկոյան Թեհրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Այլ աղբյուրների մատուցմամբ, ընդդիմադիր ցուցարարները, որոնք նախապես կոչ էին արել իրենց համակիրներին դուրս գալ փողոց՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, պահանջում էին ազատ արձակել ընդդիմության ձերբակալված երկու առաջնորդներին՝ Մեհդի Քարուբիին եւ Միր Հոսեյն Մուսավիին: Սակայն ոստիկանությունն ու կառավարական կիսառազմական ուժերը, որոնք ավելի վաղ էին տեղակայվել Թեհրանի փողոցներում, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ՝ նպատակ ունենալով կանխել մայրաքաղաքի Էնքելաբ (Հեղափոխության) հրապարակում մարդկանց մեծաթիվ կուտակումը:
Իրանի իշխանությունները, հակառակ ականատեսների եւ ընդդիմադիր գործիչների հարազատների պնդումների, շարունակում են հայտարարել, թե Քարուբին եւ Մուսավին ոչ թե բանտում են, այլ իրենց տանը. պարզապես նրանց շփումներն արտաքին աշխարհի հետ սահմանափակված են: