Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հակաթուրքական պահվածքը եւ 6 ժամանոց այցը Թուրքիա՝ սկսել է անդրադառնալ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների վրա:
Սարկոզիի հակաթուրքական պահվածքը մասնավորապես ստիպել է թուրքական իշխանություններին՝ խզել ֆրանսիական Alcatel ընկերության հետ 18-ամյա համագործակցությունը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Աղբյուրի մատուցմամբ, Alcatel-ը երկար տարիներ Թուրքիայի համար արբանյակներ է արտադրել եւ ուղարկել տիեզերք՝ ապահովելու Turksat համակարգը:
Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիայի համար նոր արբանյակներ կպատրաստի ճապոնական Mitsubishi ընկերությունը:
Հայտնի է դարձել, որ 571 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն Alcatel-ին չհանձնելու պատճառը եղել է Ֆրանսիայի նախագահի 6 ժամանոց այցը Թուրքիա՝ G-20 երկրների ղեկավարի կարգավիճակով եւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ Սարկոզիի վերաբերմունքը: