Մարտի 9-ին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու Լիբիայում շարունակվող արյունահեղության հարցը, նաեւ նախապատրաստելու Բարաք Օբամայի այցը Ռուսաստան, որը ենթադրաբար տեղի կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախագահության վերջին տարում: Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահը Մոսկվայում մտադիր է քննարկել նաեւ ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին Միացյալ Նահանգների եւ ՌԴ-ի միջեւ ստորագրված նոր պայմանագրի հարցը, որը շարունակում է մնալ երկու երկրների միջեւ «բեռնաթափման» առանցքային թեման:
Բացի այդ, քննարկման առարկա կլինի նաեւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները Իրանի վրա՝ կապված վերջինիս միջուկային ծրագրերի հետ, նաեւ Ռուսաստանի աջակցությունը Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերին:
Նկատի ունենալով, որ Մոսկվան թուլացրել է փորձերը Ղրղըզստանում ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի հենակետերը փակելու հարցում, վերլուծաբանները ենթադրում են, որ, ի պատասխան այդ քայլին, ԱՄՆ-ն կարող է պատրաստակամություն հայտնել վերանայելու Լեհաստանում եւ Չեխիայում միջուկային սպառազինություններ տեղակայելու իր ծրագրերը:
Բայդենի այցի շրջանակներում քննարկման առանցքային թեմաներից մեկն էլ լինելու է ՌԴ-ի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հարցը, որի համար ՌԴ-ն հայտ էր ներկայացրել դեռեւս 1993թ.-ին: ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը լրջորեն կարող է խոչընդոտել Վրաստանը, որն արդեն հայտարարել է այդ հարցը արգելափակելու իր մտադրության մասին, ուստի՝ ակնկալվում է, որ Բայդեն-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահը կարող է առաջարկել՝ Վրաստանին համոզելու դիմաց՝ ստանալ Ռուսաստանի աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի վերաբերյալ քննարկվելիք բանաձեւի օգտին: