Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի մասնավոր ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Եգիպտոս: Այդ մասին երեկ հաղորդել է France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, թե մարտի 9-ին ինքնաթիռը երկրի սահմանը հատել է հարավ-արեւմուտքում՝ Կրետե կղզում: Թե ովքե՞ր կարող են լինել այդ ինքնաթիռի ուղեւորները՝ չի հաղորդվում:
Հունաստանի ռազմաօդային ուժերում, գործակալության աղբյուրների տվյալներով, լիբիական ավիաուղիներին պատկանող Falcon-900 ինքնաթիռը Տրիպոլիից ուղղվել է Կահիրե: Որպես կանոն, այդ ինքնաթիռը փոխադրում է հատուկ կարեւորության անձանց, բայց օդաչուն չի հաստատել ինքնաթիռում պաշտոնատար անձանց առկայությունը: Ընդսմին, ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը՝ հաղորդել է, որ խոսքը Learjet ինքնաթիռի մասին է, որը մինչեւ Հունաստանի օդային տարածքը հատելն անցել է Մալթայի վրայով: Ինչպես հաղորդում է BBC-ն, Քադդաֆին ջերմ հարաբերություններ ունի Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի հետ: Մարտի 8-ին Լիբիայի առաջնորդը վերջինիս հետ հեռախոսազրույցում քննարկել է Լիբիայում հակամարտության կարգավորման հեռանկարը: Աղբյուրի մատուցմամբ, ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Կահիրեում: Ինքնաթիռում եղել է Լիբիայի մի պետպաշտոնյա, որը հանձնարարություն ունի Մուամմար Քադդաֆիի ուղերձը փոխանցել Արաբական պետությունների լիգային, որի կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում:
Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցների մատուցմամբ, մինչեւ այս շաբաթավերջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Լիբիայի օդային տարածքը փակելու վերաբերյալ բանաձեւ: Եթե այն ընդունվի, ապա Քադդաֆին կզրկվի ապստամբների դեմ օդուժ կիրառելու հնարավորությունից: Ենթադրվում է, որ այդ արգելքը կտարածվի նաեւ Քադդաֆիի եւ նրա մերձավորների թռիչքների վրա: