Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները կանգնել են փաստի առաջ

Մարտ 10,2011 00:00

ԿԳ նախարարությունը կասեցրել է որոշ ոչ պետական բուհերի լիցենզիաները

ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի՝ օրերս կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները: Արդյունքում ամբողջովին կասեցվել է Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիայի, Հայաստանում Գերմանական համալսարանի կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունը: Մասնակի կասեցվել են «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» եւ «Հրաչյա Աճառյան» համալսարանների որոշակի մասնագիտությունների գծով լիցենզիաները: «Առավոտի» հետ զրույցում, օրինակ՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի կիրառական մաթեմատիկա բաժնի ուսանողները սրտնեղեցին, որ տարիներ շարունակ վարձ են վճարել ու միայն հիմա են տեղեկանում, թե իրենց բաժինը պետական լիցենզիա չունի, մինչդեռ բուհ ընդունվելիս իրենց այլ բան են ասել: «Փաստի առաջ ենք կանգնել՝ հիմա ավարտելուց հետո պետական դիպլոմ տալո՞ւ են, թե՞ ոչ, որ կարողանանք աշխատանք գտնել»,- բողոքեց նրանցից մեկը:
«Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Արամ Խաչատրյանը «Առավոտին» հայտնեց. «Լիցենզիան կասեցվել է կիրառական մաթեմատիկա եւ աշխարհագրություն մասնագիտությունների գծով: Նախարարության կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ ուսումնական պլանները թարմացման կարիք ունեն: Սկզբունքորեն օբյեկտիվ եմ համարում կասեցումը»: Մեր դիտարկմանը, եթե կասեցումն օբյեկտիվ են համարում, նշանակում է՝ տեղյակ էին, որ իրենց բուհի ուսումնական պլանների վերանայման անհրաժեշտություն կա, այդ դեպքում ինչո՞ւ շտկումներ չէին կատարում, ռեկտորը պատասխանեց. «Միշտ ստուգումից հետո են էական բաները պարզվում: Մեզ տեղեկացրել են, որ թերությունների շտկումից հետո կարող ենք վերականգնել լիցենզիան»: Ինչպե՞ս է որոշվելու այն ուսանողների ճակատագիրը, որոնք սովորում են լիցենզիան կասեցված մասնագիտությունների գծով: Այս մասին էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Թերությունները շտկելուց հետո իրենք կշարունակեն սովորել այդ մասնագիտությամբ, հակառակ դեպքում կտեղափոխվեն ուրիշ բաժին կամ ուրիշ բուհ»:
Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիայի տնօրեն Հովհաննես Ահմառանյանից եւս պարզաբանումներ ստացանք: «ԿԳՆ ստուգումներից հետո պարզվեց, որ ունենք որոշ թերություններ՝ կապված փաստաթղթերի ձեւակերպման, ուսումնական պլանների եւ հարկային վճարումների հետ: Որոշ խախտումների հետ համամիտ էինք, սակայն կային այնպիսիք, որոնք կախված էին ոչ թե ակադեմիայից, այլ երկրի ընդհանուր պետական կառուցվածքից, վարչարարության կազմակերպումից»,- ասաց նա: Ակադեմիայի տնօրենը մտահոգված է այս տարվա 12 շրջանավարտների ճակատագրով՝ ի՞նչ նմուշի դիպլոմ պետք է տան նրանց. «Շտկելով խախտումները, պետք է վերաներկայանանք նախարարությանը: Փաստը մնում է փաստ, որ զուտ մեր տված վկայականով մեր շրջանավարտները աշխատանք գտնել չեն կարող: Կուզեինք, որ նախարարությունը, շտկումները վերացնելուց հետո, թույլատրեր շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմներ հանձնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել