Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՑԱՔՈՒՑՐԻՎ»

Մարտ 10,2011 00:00

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտահետազոտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Արեգ Միքայելյանի համոզմամբ, ցանկալի կլիներ ունենալ աստղագիտության հեռանկարային զարգացման ծրագիր:

– Հայաստանը միշտ ունեցել է աստղագիտական լավ դպրոց, այսօրվա հայ մասնագետները որքանո՞վ են մրցունակ «դրսի» մասնագետների հետ:
– Մեր նախկին հաջողությունները եւ փառքը կապված էին 20-րդ դարի խոշորագույն գիտնական եւ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի անվան հետ: Ավանդաբար, մեր աստղագետները զբաղվել եւ շատերը մինչ այժմ էլ զբաղվում են նրա կողմից առաջ քաշված թեմաներով եւ հասել են լավ արդյունքների: Սակայն գիտությունը տեղում չի մնում: Ի հայտ են եկել նոր ուղղություններ եւ անհրաժեշտ է լուծել միանգամայն նոր խնդիրներ: Դեռեւս 1990-ականների կեսերից մենք սկսեցինք աշխատել այդ նոր ուղղություններով, մասնավորապես՝ Բյուրականում զարգացնել ենթակարմիր աստղագիտությունը, որը հատկապես կարեւոր է աստղերի եւ գալակտիկաների էվոլյուցիայի ուսումնասիրման համար: Հետագայում, արդեն 2000-ականներին, նման հետազոտությունները դարձան բազմալիքային, այն է՝ Տիեզերքն ուսումնասիրվում է էլեկտրամագնիսական ալիքների ողջ տիրույթում՝ գամմայից մինչեւ ռադիո: Բազմալիքային ուսումնասիրություններն էլ սկիզբ դրեցին հայկական վիրտուալ աստղագիտությանը, եւ Հայաստանը մտավ միջազգային ալյանսի շարքերը: Այս առումով, այսինքն՝ համընթաց քայլելով գիտության զարգացման հետ, կարողանում ենք մրցունակ մնալ միջազգային ասպարեզում: Կարեւոր դեր են խաղում նաեւ Բյուրականում միջազգային գիտաժողովների եւ ամառային դպրոցների կազմակերպումը, ինչպես նաեւ մեր գիտնականների ակտիվ միջազգային կապերը: Սակայն աստղագիտական տեխնիկայի հնությունը եւ գիտնականների ցածր վարձատրությունը խիստ բացասական է ազդում հայ աստղագիտության ներկայիս մակարդակի վրա:
– Հայաստանում աստղագիտության բնագավառում կա՞, արդյոք, համապատասխան պետական քաղաքականություն:
– Ցավոք՝ ոչ: Մեր պետական այրերը լավ չեն հասկանում գիտության առաջընթացի սկզբունքները: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մշակել են տասնամյակային ծրագրեր (Decadal Survey՝ ԱՄՆ-ում եւ ASTRONET ծրագիրը՝ Եվրոպայում), որոնց շրջանակներում ողջ հասանելի ֆինանսավորման սահմաններում որոշվում է, թե որոնք են գիտական եւ տեխնիկական զարգացման լավագույն տարբերակները, գտնվում են լուծումներ առաջ եկած խնդիրների վերաբերյալ: Ըստ դրա էլ խրախուսվում են այն ուղղությունները, որոնք տվյալ ժամանակաշրջանում ամենախոստումնալիցն են: Մեզ մոտ գիտությունը զարգանում է ցաքուցրիվ, շատ գիտնականներ զբաղվում են այնպիսի գիտական թեմաներով, որոնք վաղուց արդեն արդիական չեն: Ցանկալի կլիներ ունենալ աստղագիտության զարգացման հեռանկարային ծրագիր, որը, հաշվի առնելով մեր բոլոր ռեսուրսները, լավագույնս կհամապատասխաներ մեր պայմաններին ու կապահովեր մեր առավելագույն ներդրումը համաշխարհային աստղագիտության մեջ: Մինչդեռ, ասենք, նույնիսկ աստղադիտարանի խոշորագույն՝ 2.6 մ տրամագծով աստղադիտակի համար չկա որեւէ ծրագիր, ըստ որի՝ այն կկարողանար մրցակցել կամ համագործակցել ներկայիս այլ աստղադիտակների հետ:
– Ինչպե՞ս եք պատկերացնում աստղագիտության ոլորտի ճակատագիրը: Ինչպիսի՞ պայմաններ կան մեր երկրում երիտասարդ աստղագետների աշխատանքի ու նրանց կայացման համար:
– Անկախ ամեն ինչից, մեր երկրում աստղագիտությունը մնում եւ մնալու է ամենազարգացած գիտական ոլորտներից մեկը: Հենց Ձեր հարցի երկրորդ կեսը հուշում է, թե ինչպես ենք փորձում դա իրականացնել. մեծ կարեւորություն ենք տալիս եւ միշտ խրախուսում ենք երիտասարդ աստղագետներին: Ցավոք, պետությունը պայմաններ չի ստեղծում գիտության մեջ նրանց ներգրավելու համար, քանի որ բոլոր մյուս ոլորտներն ավելի շահութաբեր են եւ երիտասարդի համար ավելի գայթակղիչ: Մնում է հույսը դնել մեր նախաձեռնությունների վրա, քանի որ երիտասարդ տարիքում, դեռեւս չունենալով գիտական աշխատանքի եւ համագործակցության փորձ, շատ դժվար է միանգամից դուրս գալ միջազգային ասպարեզ: Այդ պատճառով նրանց ներգրավում եմ միջազգային ծրագրերի մեջ, մասնակից դարձնում արտասահմանյան ամառային դպրոցների եւ գիտաժողովների, գիտական համագործակցության, դրամաշնորհների: Օրինակ, վերջին 10 տարիների ընթացքում իմ գիտական խումբն ակտիվ կապերի մեջ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ մի քանի այլ երկրների գիտնականների հետ, կատարել է մեծ թվով հայտնագործություններ, արժանացել 8 դրամաշնորհի, խմբի անդամները հրատարակել են ավելի քան 70 գիտական աշխատանք, մոտ 40 անգամ գործուղվել են հետազոտական աշխատանքի, գիտաժողովների կամ ամառային դպրոցների մասնակցելու, երեքն արժանացել է երիտասարդ աստղագետների համար սահմանված Հայկական աստղագիտական ընկերության տարեկան մրցանակներին: Այս ամենը, իհարկե, նրանց խրախուսում է, եւ եթե երիտասարդը խելացի է, շուտով իրեն գտնում է եւ կարող է ինքնուրույն շարունակել նման գործունեությունը: Խումբը, ի դեպ, միակն է Բյուրականում (եւ հազվագյուտ գիտական խմբերից մեկը Հայաստանում), որ ունի համացանցային կայք-էջ, որտեղ ներկայացված է մեր ողջ գործունեությունը. https://www.aras.am/Arvo_group/index.htm: Այսօր խմբում աշխատում է 5 երիտասարդ, եւ բնական է, որ ոգեւորված եւ հպարտ են այն բանով, որ աստղագետ են: Մինչդեռ նրանց պետական աշխատավարձն 35000 ՀՀ դրամ է: Ահա թե ինչպիսին է պետության վերաբերմունքը:
– Ձեզ բավարարո՞ւմ է հայաստանյան դպրոցներում ու բուհերում աստղագիտություն առարկայի ուսուցման որակը, ժամաքանակը եւ այլն:
– Ցանկացած աստղագետ էլ, իհարկե, կուզեր տեսնել աստղագիտության նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք: Վերջին տարիներին աստղագիտությունը որպես առանձին առարկա հանվեց դպրոցական ծրագրից եւ մտցվեց ֆիզիկայի դասընթացի մեջ՝ որպես մեկ բաժին: Նման վերաբերմունքի արժանացավ նաեւ ԵՊՀ-ում աստղաֆիզիկայի ամբիոնը, որը միացվեց ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի հետ: Որքան ինձ հայտնի է, դպրոցներում ոչ բոլոր ուսուցիչներն են հետեւում ծրագրին եւ հաճախ աստղագիտությանը հատկացված ժամերը փոխարինում են ֆիզիկայի դասերով: Շատ բան կա անելու ԵՊՀ-ում աստղաֆիզիկայի դասավանդման որակի բարձրացման համար, մասնավորապես կարելի է փոխառնել այլ երկրների փորձը: Ցանկալի կլիներ սերտ կապեր ստեղծել տարբեր բուհերի եւ մասնագիտացված դպրոցների աստղագիտական կառույցների միջեւ: Այստեղ հարցին պետք է նայել հարաբերական իմաստով։ Գուցե կան երկրներ, որտեղ աստղագիտություն բոլորովին չի դասավանդվում: Սակայն Հայաստանում այս գիտությունը ավանդաբար բարձր մակարդակի վրա է, եւ վերաբերմունքն էլ պետք է համապատասխան լինի: Բացի այդ, մեր պատանիները՝ շահելով միջազգային օլիմպիադաների մրցանակներ, տարեցտարի ապացուցում են, որ հայերը աստղագիտական գիտելիքներով գերազանցում են մյուս բոլորին: Ի դեպ, շատ ճիշտ եմ համարում դպրոցներում շախմատային դասեր ներմուծելու գաղափարը, քանի որ հայ ժողովրդին իսկապես հատուկ է մտքի խորաթափանցությունը եւ ճկունությունը, ինչի լավագույն դրսեւորման համար պետք է պայմաններ ստեղծել: Չեմ ուզում պատասխանս քաղաքականացնել, բայց գտնում եմ, որ իսկական հայրենասիրությունը միջազգային ասպարեզում հայրենիքի հեղինակությունն առավելագույնս բարձրացնելն է, ոչ թե միայն հայրենասիրության մասին խոսելը: Մասնավորապես, իմ կարծիքով, այսօր ամենահայրենասիրական քայլը Հայաստանում գիտության եւ արվեստի զարգացումն է:
– Ըստ մայաների հնագույն օրացույցի, հաջորդ տարվա դեկտեմբերի 21-ին, այսպես ասած, աշխարհի վերջն է գալու, նույնիսկ այս թեմաներով ասուլիսներ են կայանում Հայաստանում, ոմանք հուսադրում են մարդկանց, ոմանք՝ հակառակը, Դո՞ւք ինչ կասեք:
– Որպես աստղագետ կարող եմ հայտարարել, որ այդ ամենն ավելորդ ինտրիգ է մտցնում, եթե չասենք՝ լարվածություն կամ նույնիսկ վտանգ: Դա պարզապես մայաների օրացույցի հերթական պարբերաշրջանի ավարտն է, որին հետեւելու է հաջորդը, այսինքն՝ այդ վերջին կհաջորդի մեկ այլ սկիզբ: 2012թ. հետ կապված շատ է խոսվում նաեւ Երկրի հետ Նիբիրուի բախման, մոլորակների շքերթի, Երկրի մագնիսական առանցքների փոփոխման, Արեգակի աննախադեպ ակտիվության հետ կապված մագնիսական փոթորիկների եւ այլ բնական աղետների՝ ցունամիների, տորնադոների, թայֆունների եւ այլնի մասին, որոնցից մի մասը հորինված է, իսկ մնացածն էլ՝ չափազանցված: Այնպես որ, կարող ենք շարունակել հանգիստ ապրել: Օրինակ, 2012թ. Երկրի հետ ոչ մի բախում, մոլորակների շքերթ կամ Երկրի առանցքների փոփոխություն էլ չի սպասվում, իսկ Արեգակի ակտիվությունը լինելու է նորմայի սահմաններում, եւ բնական աղետներն էլ կարող են լինել՝ ինչպես ցանկացած տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել