Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հետեւյալ նամակով. «Մենք՝ ներքոստորագրյալներս, ճանաչում ենք երեւանյան Նոր Արաբկիր համայնքի հիմնադիրներից Փոստանջյան գերդաստանին՝ որպես ազգասեր, մարդասեր եւ նվիրյալ հայրենասերների: Օրերս հաղորդագրություն տարածեցին, ըստ որի՝ Արաբկիր համայնքի շարքային ծառայող, ոչ պաշտոնական դիրք ունեցող Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են՝ իբր 2010 թ. սեպտեմբերին ոմն քաղաքացուց 100000 դրամ պահանջելու եւ ստանալու համար: «Կատարված դեպքից» կես տարի անց գործ է հարուցվում, որը քննում է ՀՀ ԱԱԾ հատուկ քննիչներից կազմված խումբը: Հիրավի զարմանք է պատում՝ պետական անվտանգությանը սպառնացող ի՞նչ վտանգ է պարունակում իր մեջ այդ գործը, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, որի պատճառով երկու ամսով արգելափակվելու է բարեպաշտ ընտանիքի զավակը եւ հայրը, ով ունի երկու մանկահասակ երեխա, չաշխատող կին եւ ծնողներ: Փոստանջյանների ձեռքերով հիմնած Նոր Արաբկիրի հյուրընկալ տանը եւ ծառաստան այգում պարբերաբար հյուրընկալվել են մեր ազգի շատ ու շատ մեծեր՝ Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Վահագն Դավթյան, Գեւորգ Դեվրիկյան, Գեւորգ Ղարիբջանյան, Սիլվա Կապուտիկյան, Հրանտ Շահինյան, Գառնիկ Ստեփանյան, Խաչատուր Վեմյան եւ բազում արժանավոր այլ հայորդիք, որոնցից շատերին տեսել, նրանց գիրկը նստել, նրանց զրույցները լսել է փոքրիկ Տիգրանը: Նա մեծացել է որպես հայրենասեր եւ օրինապաշտ մարդ: Մենք համոզված ենք, որ որոշ չար ուժեր շահադիտական նպատակներով Տ. Փոստանջյանի նկատմամբ որոգայթ ստեղծելով՝ կատարում են անբարո արարք, որով ավելի են սրում երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը: Դատապարտում ենք նման գործելաոճը: Համոզված ենք, որ պատկան մարմինները կցուցաբերեն ողջամտություն եւ անհապաղ ազատ կարձակեն Տիգրան Փոստանջյանին»:
Նամակը ստորագրել են արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, գրող Ռոբերտ Կարայանը, քանդակագործ Տարիել Հակոբյանը, բանաստեղծ Սասուն Գրիգորյանը, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, սպորտի վաստակավոր գործիչ Նորայր Մուշեղյանը: