Կոչ է անում իրավապաշտպանը
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ, Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը երեկ դիմել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին նամակով, որում, մասնավորապես, ասված է. «Մենք համոզված ենք, որ այս երեք տարիների ընթացքում, ԵԽԽՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարավորություններն արդյունավետ ու ամբողջապես չի օգտագործել: ԵԽ յուրաքանչյուր ներկայացուցչի կամ համազեկուցողների յուրաքանչյուր այցելության մեր երկիր՝ մարդիկ սպասել են մեծ հույսերով, սակայն այդ հույսերը չեն արդարացել: ՀՀ իշխանությունների վրա քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու հարցում վճռական ճնշումներ չեն գործադրվել: Չգիտես ինչու, ՀՀ իշխանություններին միշտ էլ խուսանավելու տեղ է թողնվել: Արդյունքում քաղբանտարկյալները շարունակել են մնալ բանտերում, իսկ երկրում շարունակվել են քաղաքական հետապնդումները: Վերջերս խոսվում է, որ համազեկուցողներն ու ԵԽ այլ ներկայացուցիչներ քաղաքական նկատառումներով դատապարտված բոլոր մարդկանց անհապաղ ազատ արձակելու աներկբա պահանջով հանդես գալու փոխարեն՝ համաձայնություն են ձեռք բերել ՀՀ իշխանությունների հետ, որ անմեղ ու անօրինական դատապարտված քաղբանտարկյալները պետք է բանտերում մնան այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց անօրինական դատապարտած իշխանությունը օրինական կերպով ազատ արձակելու հիմքեր կունենա: Սա արդեն սակարկություն է հիշեցնում: Սակարկություն, որի առարկան մարդն է, մարդկային կյանքն ու մարդու արժանապատվությունն են եւ եվրոպական հռչակված արժեքների ու չափանիշների հետ ոչ մի ընդհանրություն չեն կարող ունենալ:
Համազեկուցողների առաջնային խնդիրը ԵԽԽՎ-ին համապատասխան եզրահանգումներով ճշգրիտ ու անաչառ զեկույց ներկայացնելն է, իսկ ԵԽԽՎ-ն էլ, ելնելով իր մանդատից եւ հրաժարվելով երկակի չափանիշների կիրառման վերջին տարիների իր պրակտիկայից, պետք է իր ողջ ներուժը ներդնի, որպեսզի Հայաստանը դառնա առանց քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդումների երկիր: Քաղաքական ու դիվանագիտական առօրյա ու ժամանակավոր շահերը չպետք է մարդու իրավունքները եւ ազատությունները երկրորդ պլան մղելու առիթ հանդիսանան:
Մենք գիտակցում ենք, որ մեր երկրում ժողովրդավարության հաստատումը առաջին հերթին մեր ժողովրդի գործն է: Այդ պատճառով էլ կոչ չենք անում Ձեզ պայքարել կամ ջանքեր գործադրել մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարական արժեքների ներդրման համար: Այդ գործը կանի Հայաստանի ժողովուրդը եւ ժամանակի ընթացքում հաջողությամբ այն գլուխ կբերի: Բայց միաժամանակ վստահ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը երկրներ ու սահմաններ չի ճանաչում, այն բոլորիս գործն է, անկախ նրանից, թե որտեղ են այդ իրավունքները խախտվում եւ որտեղ ենք մենք ապրում: Մեր ակնկալիքը Ձեզանից եւ ԵԽԽՎ-ից՝ ընդամենը Ձեր մանդատին եւ ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձեւերի ոգուն հավատարիմ մնալն է: Ամեն ինչ հնարավոր է հանել դիվանագիտական սակարկման կամ դարձնել դիվանագիտական շահարկումների առարկա, բայց ոչ մարդու իրավունքները: Մարդու իրավունքը, մարդու արժանապատվությունը վեր են ամեն ինչից եւ բոլորս ենք պարտավոր մեզանից կախված ամեն ինչ անել, որպեսզի չլինեն քաղաքական բանտարկյալներ ու քաղաքական հետապնդումներ, լինի դա Բելառուսում, ՌԴ-ում, Իրանում, ՀՀ-ում, Կուբայում, թե այլուր:
Ցանկանում ենք հավատալ, որ Դուք Ձեզանից կախված ամեն ինչ կանեք, որպեսզի արդեն երեք տարի հայաստանյան բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն»: