Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞…

Մարտ 10,2011 00:00

\"\"Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայկական, ռուսական եւ արեւմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության կամ անհավանականության վերաբերյալ նյութերով: Ոմանք փորձում են ապացուցել, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի՝ հայերի դեմ, վկայակոչում են այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն եւ Ադրբեջանի նախագահի ու տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել, որ Ալիեւը երբեք պատերազմ չի սկսի, Արեւմուտքը դա թույլ չի տա եւ այլն:
Վաղը պատերազմ կսկսվի, թե ոչ՝ հստակ չեն կարող ասել ոչ մեր կամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ոչ էլ աշխարհի բոլոր լրատվամիջոցները: Փաստն այն է միայն, որ Ալիեւ երկրորդն իր երկրում մեծ քանակությամբ զենք է կուտակում եւ այդ երկրի ռազմական բյուջեն անընդհատ աճում է: Հակառակորդն իրո՞ք պատերազմի է պատրաստվում, թե՞ պարզապես ժամանակակից զինտեխնիկայի հավաքածու է պահում եւ պարապ-սարապ հոխորտում պատերազմ սկսելու մասին՝ դժվար է ասել, բայց հանրահայտ մի արտահայտություն կա՝ «Եթե պատից հրացան է կախված, ապա այն մեկ անգամ կրակելու է»: Մի այլ հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»:
Վաղն Ադրբեջանի ֆյուրերն իրո՞ք ռազմական արշավ է ձեռնարկելու Արցախի դեմ, թե՞ ոչ, դա, հնարավոր է, անձամբ չմտահոգի շարքային արցախցուն, եթե նա հստակ իմանա, որ իր երկիրը հնարավոր ու անհնարին ամեն ինչ արել ու անում է, որպեսզի պաշտպանված լինի հակառակորդի ամեն կարգի ոտնձգությունից: Եթե մարդ նախապես պաշտպանված է ու պատրաստ է դիմագրավել ցանկացած հարձակում, ապա հնարավոր չէ նրան հաղթել:
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից 17 տարի հետո արդյո՞ք իրենց հնարավորինս պաշտպանված են զգում Արցախի շարքային քաղաքացիները, ասենք, մեր հանրապետության ամենախոշոր բնակավայրում՝ Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը: Տարբեր քաղաքագետներ, ռազմագետներ ու այլ մասնագետներ հաճախ են ակնարկել, որ նոր պատերազմն ամենեւին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու:
Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն: Մարդիկ են աշխատում այնտեղ, պարբերաբար աշխատավարձ են ստանում: Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի բազմահազարանոց քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները: Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից եւ օդից հրթիռակոծել ու ռմբակոծել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները: Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, որոնք աղբանոց են հիշեցնում եւ առնետներն են տերուտնօրինություն անում:
Արցախի մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «խրուշչովկաները», խորհրդային նախկին առաջնորդի ժամանակներում կառուցված շենքեր, որոնք նկուղներ չունեն: Դրան հավելենք նաեւ, որ շուկայական հարաբերությունների հաստատման եւ օրինական անօրինության վերջին մեկուկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայր:
Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա եւ որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք: Այս մասին պատասխանատու որեւէ չինովնիկ մտածե՞լ է: Այս մեկուկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»: Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը…
Ենթադրենք հակառակորդը կարողանում է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը: Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր «ջրային խնդիրը»: Տարրական ինքնապաշտպանական այս հարցերի մասին որեւէ պաշտոնյա մտածե՞լ է երբեւէ, որեւէ խորհրդական այս մասին երբեւէ հիշեցրե՞լ է իր տիրոջը:
Փոխարենը՝ արդեն ավանդույթ է դարձել շենքերին նոր մասնավոր շինություններ կցելը: Խնդիրը միայն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը: Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է, «ռեզոնանսի օրենքի» համաձայն, հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները: Նման ավերածության տեղիք կարող է տալ նաեւ շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը:
Մյուս կողմից, Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում: Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն եւ ամուր շենքերն են քանդում ու տեղը մի նոր «առեւտրի կենտրոն» կամ նման այլ անհեթեթություն կառուցում: Աղքատ կոչվող մեր երկրի մայրաքաղաքի կենտրոնն աջ ու ձախ պատում են մարմարե սալիկներով: Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի: Մարդիկ մինչեւ անգամ կատակում են՝ շուտով շենքերի տանիքներն էլ են սալիկապատելու…
Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը: Թե՞ «մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է» կարգախոսը վահանի պես բռնած՝ հետ ենք անդրադարձնելու մեր ուղղությամբ արձակած բոլոր հրթիռները, ականներն ու ռումբերը… Բանակն ուժեղ եւ մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը: Սա է ճշմարտությունը, մնացյալը դատարկ խոսքեր են, ինքնահանգստացման եւ ցանկալին ճշմարտության տեղ ընդունելու խաղեր:
«Եթե վաղը պատերազմ լինի… Չէ, չպիտի՛ լինի եւ չի՛ լինելու, որովհետեւ մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում»,- մեզանում մոտավորապես այսպես են մտածում խոշորագույն չինովնիկից մինչեւ շարքային քաղաքացին: 4-5 հազարամյակ շարունակ դասեր չենք քաղել մեր սխալներից: Անցյալ դարի ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանը գրել է. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին եւ դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրեւ անակնկալ, իբրեւ «անամպ երկնքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը. խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»:
Եվ, մի վերջին հարց էլ: Արդյո՞ք եւ իրո՞ք սա մեր երկիրն է, թե ընդամենը մի ցատկահարթակ է, որտեղից պիտի թռչենք ռուսաստաններ ու ամերիկաներ եւ այնտեղից ողբանք մեր կորուսյալ Հայրենիքի համար ու աշխարհից պահանջենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականից մինչեւ Սումգայիթ ու այսօր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել