Չվճարված գիշերավարձեր ունեցող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության նախկին աշխատակիցներն այսօր՝ մարտի 10-ին, պատրաստվում են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նրանք մտադիր են դատարանի միջոցով ստանալ ոչ միայն 2005 թվականից չվճարված գիշերավարձերը, այլեւ այն տուգանքավճարները (0.0015%-ները), որոնք առաջացել են այսքան ժամանակ գիշերավարձերի չվճարման արդյունքում: Ըստ նախկին աշխատողների՝ տուգանքների չափերը նույնիսկ գերազանցում են չվճարված գիշերավարձերը: «2007-2008թթ. «Դինո գոլդը» գիշերային հերթափոխի համար վճարել է միայն իր ներկայիս աշխատողներին, իսկ մեզ՝ նախկին աշխատողներիս, չի վճարել, բացի դա, մենք չենք ստացել նաեւ 2005-2007-ի գումարները»,- «Առավոտի» հետ զրույցում նշեցին նախկին աշխատողները: Ավելացնենք, որ դատարան դիմածներից շատերը ներկայումս գործազուրկ են եւ գտնվում են սոցիալական ծանր պայմաններում: Նախկին աշխատողներից եւս 30-ը պատրաստվում է առաջիկայում դիմել դատարան՝ նույն պահանջով: Հիշեցնենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության նախկին աշխատակիցներից 17-ն էլ 2010թ. գարնանն էին դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ընկերությունից 2005-2009 թթ. չվճարված գիշերային աշխատավարձերը: Նրանցից 15-ը համաձայնության էին եկել եւ ընկերության կողմից գիշերավարձերը ստացել էին առանց տուգանքավճարի, իսկ 2 աշխատակից հրաժարվել էր գումարը ստանալ առանց տուգանքավճարների: Նրանց դատական նիստերը դեռ շարունակվում են: Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը վերջերս իր պաշտոնական գրությունում տեղեկացրել էր, որ մինչեւ 2010թ. հուլիս ամիսը մարել էր 2007թ. մայիսից 2008թ. սեպտեմբերի գիշերային աշխատավարձերի գումարները, իսկ 2005-2007 թվականների չվճարված ամիսների գումարները ընկերության ներկայիս աշխատողներին կվճարվեն 2011թ. մարտ եւ ապրիլ ամիսներին, ինչպես նաեւ քայլեր են ձեռնարկվելու նախկին աշխատողների պարտքերի մարման ուղղությամբ: