Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տպագրվել է լուսանկարչական ալբոմ

Մարտ 10,2011 00:00

«Մեր Առաջին տարրը»՝ նվիրված ջրին

Դեռեւս 2009-ի հոկտեմբերին՝ «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում, Հոլանդիայի «Արքայազն Կլաուս» մշակութային եւ զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել էր «Մեր Առաջին տարրը. Կովկասյան ջուր» խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթը: Վերջինիս արդյունքները ամփոփվել են մեկ գրքի մեջ՝ նույն խորագրով:
Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ «Մեր Առաջին տարրը. Կովկասյան ջուր» գրքի շնորհանդեսը:
Ինչպես նշեց «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» նախագահ Ռուբեն Խաչատրյանը, հայտարարված մրցույթի ծրագիրը նպատակ ուներ ուշադրությունը սեւեռել ջրի խնդիրներին, բարձրաձայնել դրանց մասին ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել հանրությանը՝ ծանոթանալու աստվածային պարգեւի՝ ջրի զարմանահրաշ գեղեցկությանը:
Մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից: Ռ. Խաչատրյանի խոսքով, յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է տրվել ներկայացնել մինչեւ 4 աշխատանք ներառող լուսանկարների շարք:
«Անսպասելի էր, բայց ստացանք լուսանկարներ՝ ինչպես Վրաստանից, այնպես էլ Թուրքիայից: Իսկ մրցույթի վերջում արդեն գրքի հրատարակմանը մեզ միացավ ադրբեջանցի մասնակից: «Մեր Առաջին տարրը» գիրքն էլ մրցույթի տրամաբանական շարունակությունն է»,- ասաց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, որ գրքի լույսընծայմանը աջակցել է Հայաստանում ԳԴՀ դեսպանությունը՝ դեսպան Հանս Յոհեն Շմիդթի գլխավորությամբ:
Հիմնադրամի նախագահի փոխանցմամբ, մրցույթի ժյուրիի կազմում ոլորտի պրոֆեսիոնալներ էին՝ տարածաշրջանի 5 երկրներից. Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, Բաթումի «Արտ Հաուս» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն, «Թուրքիշմուն Ֆիլմ Յապինիի» տնօրեն, ռեժիսոր Այիդ Քուդուն, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան եւ ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջովան: Գրքում ներկայացված է ոչ միայն մրցույթին մասնակցած լուսանկարների ընտրանին, այլեւ զետեղված են Կովկասյան տարածաշրջանի՝ ջրին նվիրված բանաստեղծություններ ու առասպելներ:
Ռ. Խաչատրյանը գրքի շնորհանդեսի բացմանն ասաց, որ մրցույթը քաղաքական որեւէ ենթատեքստ չի ունեցել, մասնավորապես ջուրը քաղաքականության մեջ դեր չունի: Նրա այս մտքին չհամաձայնեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը. «Ես համամիտ չեմ, որ ջուրը դեր չունի քաղաքականության մեջ: Օրինակ՝ ասիական երկրներում ջուրը քաղաքական նշանակություն ունի: Այն մեծ դեր է խաղացել Թուրքիայի եւ Իրաքի պարագայում: Այդ շնորհից կախված՝ հնարավոր կլինի լուծել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հարցեր»:
Հավելենք, որ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» ծրագրում է իրականացնել մրցույթում հաղթած լուսանկարների ցուցադրությունների շարք՝ Կովկասյան տարածաշրջանի երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել