Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսները շարունակում են իրենց իրավունքները պաշտպանել դատարանում:
Հայաստանի անկախացումից ի վեր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանում հանդես է գալիս մի շարք մարդասիրական, կրթական, առողջապահական, եկեղեցաշինական ու մշակութային ծրագրերով: «Հայաստանին ամենակարեւոր ուժերեն մեկը մշակույթն է: Մանավանդ անկախությունից հետո, երբ Հայաստանը դժվար օրեր կապրեր, բարեգործականը կարեւոր համարեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին աջակցելը, օգնություն հասցրեց, որպեսզի երաժիշտները Հայաստանը չլքեն, որովհետեւ օտար երկրներում նրանց դյուրին պետք է ընդունեին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական ժողովի անդամ, Միջին Արեւելքի ներկայացուցիչ Վազգեն Յակուբյանը: Նրա փոխանցմամբ, ՀԲԸՄ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ. «Ճատրակը (Սփյուռքում շախմատին ճատրակ են ասում) նորեն Հայաստանի զորավոր տվյալներեն մեկն է, որեւէ մեկ հայ, որ իմանա դուրսը հայկական օլիմպիական ճատրակին խումբի մասին, հպարտ կզգա»: Միությունն աջակցություն է ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի գյուղերին, կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլն: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, միության գերխնդիրը հայ մշակույթի եւ հայկական ինքնության պահպանումն է:
2004 թվականից միությունը համագործակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ, որի շրջանակում 2007 թվականից աջակցում է նաեւ այդ համալսարանում անվճար սովորող ուսանողներին՝ ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում: Երեկ էլ ՀԲԸՄ ներկայացուցիչները համալսարանի 22 լավագույն ուսանողների վկայագրեր շնորհեցին: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը 30 հազար ԱՄՆ դոլար է: Ըստ ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրեն Արթուն Համալյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմնորոշումն է՝ օժանդակել երիտասարդ սերնդի զարգացմանը եւ միջազգային ասպարեզում մրցունակ լինելուն: «Այս ծրագիրը գլխավորապես ուղղված է առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ոչ թե ուսումնական հաստատությանը»,- շեշտեց Ա. Համալյանը, ավելի ուշ հավելեց, որ չի բացառվում ժամանակի ընթացքում նաեւ այլ համալսարանների հետ համագործակցությունը:
Դեռ նախորդ տարվանից Ֆրանսիական համալսարանում ծագած սկանդալի պատճառով մինչ այսօր այդ հաստատության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ 2010 թվականին աշխատանքից ազատվեցին համալսարանի 29 դասախոսները, որոնցից 12-ը դատարանի միջոցով մինչ այսօր փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Աշխատանքից ազատված դասախոսները գտնում են, որ համալսարանի հիմքը հանդիսացող դասախոսներին աշխատանքից ազատելով Ֆրանսիական համալսարանը «գլխատվել» է եւ նախկին Ֆրանսիականից ոչինչ չի մնացել: Երեկվա հանդիպումից հետո փորձեցինք համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանից եւ ռեկտոր Ժոել Դե Մորզելեկից դատական ընթացքի եւ համալսարանում տիրող մթնոլորտի մասին որոշ մեկնաբանություններ իմանալ: Վերջիններս «այս մասով» հրաժարվեցին որեւէ բառ ասել: Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նախապատրաստական փուլն ավարտվել է, դատարանը կայացրել է որոշում դատաքննություն նշանակելու մասին: Ըստ Ա. Հակոբյանի, դասախոսները պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում, գումար բռնագանձել հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, ստանալ չվճարված արձակուրդային գումարները եւ պատշաճ կարգով լրացնել իրենց աշխատանքային գրքույկները: Պատասխանող կողմը գտնում է, որ իր ներկայացրած իրավական հիմնավորումները ճիշտ են, եւ կնքված աշխատանքային պայմանագիրը կարելի է լուծարել մեկ որոշումով: Հայցվոր կողմի փաստաբանի պնդմամբ. «Մեր աշխատանքային պայմանագրում գրված է, որ ցանկացած փոփոխություն կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ»: Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա հեռացված դասախոսների հերթական դատական նիստը: Դատարանը ավելի վաղ հայցվոր կողմի միջնորդությունը բավարարել էր եւ նշանակել դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ միայն դատարան դիմած 12 դասախոսներին չվճարված ամենամյա արձակուրդային գումարը, որը ենթակա է բռնագանձման, 4 մլն 154 հազար 58 դրամ է, իսկ պետբյուջե վճարվելիքը՝ 3 մլն: Փաստաբան Ա. Հակոբյանը վստահ է, որ դատարանը, փորձագետի եզրակացության հիման վրա վճիռ կայացնելով, կբավարարի իրենց պահանջը: