Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բիզնեսը ձեռքից կառնե՞ն

Մարտ 10,2011 00:00

\"\"Տարիներ առաջ Ադրբեջանից Հայաստան արտագաղթած տիկնոջը ճնշում են

«Առավոտի» (01.03.2001)՝ «Հարազատի՞ց էլ են 100 հազարներ պահանջում» հրապարակումից հետո, օրերս Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հանդիպում էր կազմակերպել Երեւանի մետրոպոլիտենի իրավաբանի եւ մեր խմբագրություն դիմած քաղաքացի Ս. Մ.-ի հետ: Հրապարակումն այն մասին էր, որ Մետրոպոլիտենի տնօրինությունը խոչընդոտում է քաղաքացու բիզնեսին: Հրապարակման մեջ մասնավորապես նշել էինք, որ Ս. Մ.-ն Մետրոպոլիտենին պատկանող Բաղրամյան 76 հասցեում մի փոքր տարածք է վարձակալել եւ սննդի սպասարկման համար կրպակ տեղադրել: Երկար տարիներ աշխատելով եւ բոլոր հարկերը կանոնավոր վճարելուց հետո, վերջին 2 տարում Մետրոպոլիտենի տնօրինությունն անընդհատ փորձել է տիկնոջը զրկել այդ տարածքից, այն իր մտերիմներից մեկին տրամադրելու նպատակով: 2011 թվականին Մետրոպոլիտենը հրաժարվել է Ս. Մ.-ին պատկանող «Կաղզվան» կոոպերատիվի հետ հողի վարձակալության պայմանագիր կնքել, մինչեւ Մետրոպոլիտենին չվճարվի մոտ 1 մլն դրամ՝ 2010 թվականի համար, ինչն էլ տիկինը հրաժարվել է անել, պատճառաբանելով, որ ինքը ոչ մի կառույցի հետ չուներ պայմանագիր, կրպակը չի աշխատել, ուստի իրենից գումար պահանջելու իրավունք էլ չկա:
Եվ քանի որ Երեւանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի վերահսկողության տակ, ուստի տիկինը դիմել էր նաեւ քաղաքապետարան: Քաղաքապետարանը նրա դիմումը մակագրել էր Մետրոպոլիտենին, սակայն խնդիրն այդպես էլ ոչ մի լուծում չէր ստացել: Կողմերի հանդիպումը կազմակերպել էր քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, որին ներկա էր նաեւ «Առավոտը»: Մետրոպոլիտենի իրավաբանը պնդում էր, որ իրենց պահանջն օրինական է, քանի որ կոոպերատիվը տեղ է զբաղեցրել, իսկ կոոպերատիվի տնօրենն էլ պնդում էր, որ ինքը պատրաստ էր պայմանագիր կնքել եւ այդ գումարը վճարել, սակայն խնդրում էր գոնե 5 տարով կատարվի այդ գործարքը եւ սանհանգույց կառուցելու համար մի փոքր էլ տարածք տրամադրվի: Ըստ կոոպերատիվի տնօրենի, ինքն այդ 5 տարին խնդրում էր որպես երաշխիք, որպեսզի ներդրումներ կատարելուց հետո այդ տարիների ընթացքում գոնե կարողանա շահույթ ստանալ: Տիկնոջ այս խնդրանքը Մետրոպոլիտենի իրավաբանը որակեց որպես հրաման եւ նշեց, որ պարտավոր չեն նրա պահանջները կատարել: Հարկ է նկատել, որ իրավաբանն այնքան հմուտ եւ ճարպիկ էր ներկայացնում իրավիճակը, որ տրանսպորտի վարչության պետն էլ համաձայնեց նրանց հետ՝ թե ինչո՞ւ քաղաքացին պետք է 5 տարվա համար պայմանագիր պահանջի: Կոոպերատիվի տնօրենը ներկայացել էր առանց իրավաբանի եւ այդպես էլ չկարողացավ պետական պաշտոնյաներին համոզել, որ ինքը ճիշտ է: Ուստի հարցին վերջնական լուծում տալու համար՝ բոլոր կողմերը նրան առաջարկեցին պարզապես դիմել դատարան: Իսկ Մետրոպոլիտենի իրավաբանն էլ վստահեցրեց, որ իրենք էլ են դիմելու դատարան՝ կոոպերատիվին պատկանող կրպակն իրենց տարածքից ապամոնտաժելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել