Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՄԵՆ ՕՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ ՈՒ ՎԱՐԱԿԵԼ

Մարտ 10,2011 00:00

Վարչապետի որոշումից տուժում է փոքրիկների առողջությունը

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում դեկտեմբերին դժբախտ պատահար եղավ: Ինը անչափահաս երեխաներ, որոնք լողավազան էին գնացել՝ մարզվելու, սուր քլորային թունավորումով տեղափոխվեցին «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններ: Բարեբախտաբար, այդ 5-6 տարեկան փոքրիկների կյանքին վտանգ չէր սպառնում, եւ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նրանք հիվանդանոցից դուրս գրվեցին: Ինչպես պարզել էր ոստիկանության օպերատիվ խումբը, երեխաները թունավորվել էին քլորի արտահոսքի հետեւանքով: Տեխնիկական ինչ-ինչ խնդիրների պատճառով ֆիլտրի շարժիչները չէին աշխատել, քլորաջրից գոլորշի էր բարձրացել, իսկ այդ ժամանակ լողավազանի մոտ մարզվող երեխաները առողջական լուրջ խնդիրներ էին ստացել: Հիմա հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական եւ դատաքիմիական փորձաքննություն, որի արդյունքները ոստիկանությունից խոստացան տալ առաջիկայում: Սակայն այդ դեպքից հետո եւ հիմա էլ լողավազանն առաջվա պես շարունակում է իր բիզնեսը՝ երեխաների առողջության հաշվին եւ պետական վերահսկողությունից հեռու:
Բանն այն է, որ իբր փոքր եւ միջին բիզնեսի բեռը թեթեւացնելու համար նախատեսված՝ վարչապետի այն որոշումը, որ տեսչական մարմիններն իրավունք չունեն ստուգումներ իրականացնել մինչեւ 70 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ, տարածվում է նաեւ այս եւ մայրաքաղաքի այլ լողավազանների վրա: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի կենտրոնի եւ Նորք-Մարաշի տարածքային կենտրոնի պետ Մարիետա Հախվերդյանը, Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում իրենք վերջին անգամ ստուգումներ իրականացրել են 2009 թ. մարտին. «Այդ ժամանակ ստուգել ենք ջրի մեջ քլորի պարունակությունը, ընդհանուր հիգիենան եւ խախտումներ չենք հայտնաբերել, բայց թե դրանից հետո այնտեղ ինչ վիճակ է՝ մենք չգիտենք: Վարչապետի որոշումը խանգարում է, եւ մենք այլեւս չենք կարող հետեւել այդ ամենին»: Նշենք, որ վարչապետի թույլտվությունը ստանալու համար տեսչությունը պետք է ինքը հիմնավոր կասկածներ ունենա, որ այդ լողավազանում կա մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգ, գրավոր դիմի վարչապետին, սպասի պատասխանին, նոր կարողանա ստուգումներ իրականացնել: Եվ նույնիսկ այդ դեպքում, եթե ստուգումներ իրականացվեն էլ, պատասխանատվության միջոցներ, ըստ որոշման, չեն կարող կիրառվել:
Նշենք, որ լողավազանների հիգիենան եւ անվտանգությունը պահպանելու համար սահմանված են մի շարք նորմեր: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կոնկրետ այդ լողավազանում հենց քլորացման տեղամասի հետ կապված խախտումներ գտել էր, բայց թե ինչո՞ւ էր դրանից հետո դրական եզրակացություն տվել ու թույլ տվել աշխատեցնել լողավազանը՝ հարց է: Գուցե հարցերը լուծվել են «հայկական տարբերակով»: Ինչ վերաբերում է հիգիենային, որպես սովորական այցելու, երբ զանգեցինք մարզադպրոց եւ հետաքրքրվեցինք գնացուցակից, աշխատակիցը, ներկայացնելով աբոնեմենտի համար ժամերը եւ վարձավճարները՝ հորդորեց մեզ հետ բերել մեկ լուսանկար եւ բժշկից տեղեկանք՝ ավելացնելով. «Կարող եք առաջին մի քանի պարապմունքներին բժշկի թուղթը չբերել, այցելեք, հետո երկրորդ, երրորդ պարապմունքի ժամանակ, երբ հարմար լինի, սովորական թերապեւտից տեղեկանք կբերեք, որ առողջ եք»:
Լողավազանից մարդը կարող է աղիքային, մաշկային մի շարք լուրջ հիվանդություններ ձեռք բերել, վարակվել սնկային հիվանդություններով, մինչեւ անգամ հեպատիտով: Մենք գիտենք, թե ինչպես են մարդիկ պոլիկլինիկաների թերապեւտներից տեղեկանք վերցնում: Մարդը, եթե անգամ քոս էլ լինի, կասի բողոք չունեմ, թուղթը կվերցնի ու կգնա լողավազան: Թերապեւտը չի կարող տեղեկանք տալ, որ մարդը ճիճու չունի, իսկ ճիճվակրության դեպքում նա կարող է վարակել նաեւ լողավազանի մյուս այցելուներին:
Եթե վարչապետի որոշումը չլիներ՝ գոնե Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը կկարողանար վերահսկել լողավազանի աշխատանքը, ջրի ֆիլտրացումը, քլորամինի պարունակությունը, լողավազանի տարածքի ախտահարումը: Բայց քանի որ տեսչական ստուգում էլ չի իրականացվում՝ երեխաների առողջությունն ու կյանքը, այսպես ասած, լողավազանի տիրոջ խղճի վրա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել