Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայերի շահագործումն օրինականացրին»

Մարտ 10,2011 00:00

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունները, որոնցով 6-օրյա աշխատանքային շաբաթ է սահմանվում, գնահատեցին օրենսդիրները:

Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք, իրենց արտադրության բնույթով պայմանավորված, ստիպված են աշխատել շաբաթը 6 օր, կարող են 5-օրյա աշխատանքային ռեժիմից անցնել 6-օրյա ռեժիմի: ԱԺ-ն ամբողջությամբ հաստատել է աշխատանքային շաբաթը 6-օրյա սահմանելու մասին օրենսդրական նախագիծը: «Աշխատանքային օրենսգրքի» այս փոփոխությունները՝ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի համոզմամբ, անորոշ են. «Պարզ չէ՝ որ դեպքերում եւ ովքեր կարող են ընտրել 6-օրյա աշխատանքային շաբաթը՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր կառույցները: Օրենքի փաթեթում առկա հիմնավորումներում չկան մի շարք հարցերի պատասխաններ: Իսկ դրանց բացակայությունը մատնանշում է կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը»: Պատգամավորի խոսքով, «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված 40-ժամյա աշխատանքային շաբաթը ոչ պետական, ոչ էլ մասնավոր կառույցներում չի պահպանվում, ու այս դեպքում արդեն էական չէ աշխատանքային շաբաթը 5, թե՞ 6 օր կլինի: Նրա խոսքով, մասնավոր հատվածում վիճակն ավելի վատ է, հատկապես սպասարկման ոլորտում մարդիկ աշխատում են օրական 10-12 ժամ՝ առանց հանգստյան օրերի. «Երբ աշխատողների իրավունքների պաշտպանության մասով ունենք այսպիսի խայտառակ վիճակ, չպետք է օրենքում փոփոխություններ արվեին: 5-օրյա աշխատանքային շաբաթը փոխարինելով 6-օրյա ռեժիմով՝ գործատուին հնարավորություն ենք տալիս օրինական ճանապարհով շահագործել աշխատակիցներին: Առանց այն էլ 5 օրում մարդիկ աշխատում են ավելի քան 50 ժամ, 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում նրանց աշխատաժամանակը շատ ավելի մեծ է լինելու»: Պարոն Նռանյանը խնդիրներ չի տեսնում աշխատանքային 6-օրյա ռեժիմի մեջ, եթե պահպանվի օրենքով սահմանված 40-ժամյա աշխատանքային շաբաթը. «Կառավարությունը միշտ էլ Ազգային ժողով է ուղարկում օրենսդրական նախագծեր՝ առանց մտածելու դրանց հետեւանքների մասին, ինչի արդյունքում ընդունվում են նման օրենքներ»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մինչեւ այդ օրինագծի ընդունումը՝ բազմաթիվ ահազանգեր են ստացել աշխատավորներից: Նրանք հիմնականում ԱԺ գործարար պատգամավորների բիզնես-կառույցների աշխատակիցներ էին, ովքեր դժգոհել են, որ իրենց աշխատեցնում են արտաժամյա, շաբաթ-կիրակի օրերին՝ չվճարելով աշխատավարձերը: Պարոն Սաֆարյանը չցանկացավ նշել այդ պատգամավորների անունները, բայց վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ էր բոլոր բողոքների հետքերով գնալ, սակայն աշխատակիցները վախեցան՝ պնդելով, որ այդ դեպքում կզրկվեն իրենց աշխատանքից: «Պատահական չենք համարում այս օրինագծի հայտնվելը ԱԺ-ում, որով փաստացի օրինականացվում է արտաժամյա ու 6-օրյա աշխատանքը: Առաջին հայացքից թվում է, թե օրինագիծը բացառությունների մասին է խոսում, բայց ձեւակերպումներն այնպես են կազմված, որ յուրաքանչյուր գործարար կարող է իրեն հարմար իրավիճակում 6-օրյա աշխատանքային շաբաթ պարտադրել իր կոլեկտիվին: Եթե աշխատանքային շաբաթը 6-օրյա է դառնում, խոսքը չի գնում 40 ժամը շաբաթների վրա բաշխելուն, խոսքը, իմ իմանալով, 40 ժամը ավելացնելու մասին է»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում բացատրեց, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը հասարակության պահանջն էր. «Մարդը իր ընտանիքում ժամանակը ծախսելու ամենօրյա կարիք ունի: Իսկ 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու ժամանակ ստիպված էր օրական 8 ժամ աշխատել, գումարած սրան 1 ժամ ընդմիջումը եւ մոտ 1 ժամ էլ աշխատանքի գնալն ու գալը: Այս դեպքում աշխատավորը քիչ ժամանակ է ունենում ընտանիքի հետ անցկացնելու համար: Դրա համար որոշեցինք անցնել փորձված տարբերակին՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկին, որը գործում էր մինչեւ 2010 թվականը: 6-օրյա աշխատանքային շաբաթը պարտադիր չէ, այն կարող են ընտրել այն ձեռնարկությունները, որոնք ունեն համաձայնություն արհմիությունների ու կոլեկտիվի ներկայացուցիչների հետ»: Պատգամավորը մտավախություն չունի, որ այս դեպքում գործատուն առանց համաձայնության էլ կարող է աշխատակիցներին պարտադրել 6 օր աշխատել, իսկ աշխատակիցների շահագործման հնարավորության մասին պատգամավորը չի ցանկանում մտածել: Նրա կարծիքով, նման բան հնարավոր չէ: Պարոն Հակոբյանը ընդգծեց, որ ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում աշխատանքային ժամերը չեն գերազանցելու շաբաթական 40 ժամը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն էլ է օրենքի փոփոխությունները համարում անհիմն՝ նշելով, թե անհասկանալի է, ինչու 2010 թվականին 6-օրյա աշխատանքային շաբաթը դարձրին 5-օրյա, ու այս տարի նորից վերադարձան 6-օրյա ռեժիմին. «Ինչ-որ անտրամաբանական խաղեր են»: Պարոն Խառատյանը, սակայն, չի կարծում, որ նոր աշխատանքային ռեժիմով աշխատավորների իրավունքներն ավելի կոտնահարվեն կամ էլ ավելի շատ կշահագործվեն. «Շահագործողն այն ժամանակ էլ էր շահագործում (նկատի ունի 5-օրյա ռեժիմը), աշխատավորի իրավունքները ոտնահարողը այն ժամանակ էլ էր ոտնահարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել