Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է 1998-2000-ԻՆ»

Մարտ 10,2011 00:00

\"\"Պնդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

«Առավոտին» տված հարցազրույցում նախկին նախարար Գագիկ Շահբազյանը նշել էր, թե հայաստանյան ձեռնարկությունների պարտքի չափը ռուսաստանյան ձեռնարկություններին «զգալիորեն ուռճացված էր», եւ «ռուս տնտեսվարողների առաջարկներն անձնական շահագրգռության առարկա էին գործընկերների համար, որոնք կհամաձայնեին վերաձեւակերպել այդ պարտավորությունները միջպետական պարտքի»: Բայց այդ առաջարկները, ըստ նրա, մերժվում էին մինչեւ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելը, որը եւ ստորագրել էր արձանագրությունը: Մինչդեռ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հայտնել էր. «Պարտքի իրական չափը շատ ավելի մեծ էր: Որոշումը փոխզիջումային էր»: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին «Առավոտը» խնդրեց մանրամասնել, թե իրականում որքա՞ն է եղել պարտքի չափը, եւ ի՞նչ մոտեցում է ունեցել իր ղեկավարությամբ գործող կառավարությունն այս հարցի վերաբերյալ:
Ներկայացնում ենք պարոն Բագրատյանի պատասխանը. «Միանգամից ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի (թեկուզ եւ նրա գրասենյակի ղեկավարի միջոցով) պատասխանը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես ասում են նման դեպքերում՝ հաճախորդը նյարդայնանում է: Ես վարչապետի պաշտոնից հեռացել եմ 1996 թվականի նոյեմբերի 4-ին: Այդ ժամանակ Հայաստանը լուրջ պարտք չուներ Ռուսաստանին: Այն կարելի է գնահատել 100 մլրդ ռուսական ռուբլու չափով (60 մլրդ՝ ատոմակայանի վերականգնման համար եւ 20 մլրդ՝ որպես երկու երկրների կենտրոնական բանկերի թղթակցային հաշիվների տարբերություն): Ճշգրիտ թիվը ես չեմ հիշում: Բայց միանգամայն հաստատ գիտեմ, որ 1997 թվականի ամռանը պարտքի չափը կազմում էր 249 մլրդ ռուբլի: Այս պարտքի էական մասը կուտակվել է արդեն ինձնից հետո: Այսուհանդերձ, ոչ 100 միլիարդը, ոչ 249 միլիարդը մեծ գումարներ չեն, եթե նկատի ունենանք երկու երկրների տնտեսական քառամյա համագործակցությունը: Որպեսզի պարզ լինի դրա ներկա արժեքը դոլարով՝ պետք է բաժանել 5560-ի: Եվ ուրեմն, 1997 թվականի 100 մլրդ ռուբլին ընդամենը 17,9 մլն դոլար է: Այսպիսով, 1997 թվականի մարտի սկզբին Քոչարյանը ժառանգություն չի ստացել ոչ մի լուրջ պարտք: Որտեղի՞ց հայտնվեց շուրջ 100 մլն դոլար պարտքը, որը 2002 թվականին ձեւակերպվեց Քոչարյանի կողմից իբրեւ պարտք: 2002 թվականի համաձայնագրով Ռուսաստանին փոխանցվեց 4 ձեռնարկություն, իսկ հետագայում հենց այնպես՝ ձրի փոխանցվեց Սեւան-Հրազդանյան կասկադը՝ 560 մեգավատ հզորության 8 ՀԷԿ-երով: Վերջինիս արժեքը ես մամուլում գնահատել եմ 3 մլրդ դոլար: Եվ դա կասկադի ընթացիկ, լիկվիդային արժեքն է: Կասկադը միշտ պետք է նկատի ունենալ, երբ խոսում ենք «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին, քանի որ հատկապես այդ ակտիվը նկատի ուներ Ռուսաստանը, երբ պահանջում էր գույք պարտքի դիմաց: Մնացած 4 ձեռնարկություններն այդ պահին չունեին ոչ մի արժեք: Բայց դրանք հորինվեցին հայկական ղեկավարության կողմից (Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան՝ Հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի համանախագահ), որպեսզի շեղեն հայ հանրության ուշադրությունը: Հանրությունը քննարկում էր «Մարս» գործարանի փոխանցման նպատակահարմարությունը, երբ ձրի հանձնում էին Հայաստանի հիմնական հարստությունը (ավելին, քան մոլիբդենը կամ պղինձը)՝ Սեւան-Հրազդանյան կասկադը: Այն ի վիճակի է տարեկան արտադրել ոչ պակաս, քան 1, 5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (երկրի կարիքների 25%-ը) նվազագույն ինքնարժեքով: Դե, ո՞նց ռուսները «չսիրեին» Քոչարյանին կամ Սարգսյանին՝ ահա նման շռայլ նվերից հետո:
Այժմ անցնենք շուրջ 100 մլն դոլարի պարտքի առաջացման գործընթացի քննարկմանը: Դրա հիմնական մասն առաջացել է 1998-2000 թվականներին, հետեւյալ պատճառներով՝ հայկական ատոմակայանի համար վառելիքի ներմուծում (էլեկտրաէներգայի վաճառքի դիմաց գումարների հավաքագրման վատթարացման պատճառով ատոմակայանը, թերեւս, չէր ստանում անհրաժեշտ միջոցները), «ԱրՌոսկոնտրակտը» եւ ամենահիմնականը՝ ռուսական էժան գազի դիմաց Հայաստանում վարձերի հավաքագրման բացակայությունը: Այս վերջին հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Սա Քոչարյանի մեքենայությունների գագաթնակետն է: 1997 թվականի երկրորդ կեսին՝ օգոստոս-սեպտեմբերին, Հայաստանը եւ Ռուսաստանը («Գազպրոմ») ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին: Այդ համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը վաճառում էր «Գազպրոմին» իր գազային համակարգի 55%-ը: Ռուսական կողմը պետք է Հայաստանին վճարեր 140 մլն դոլարի չափ գազ: Այսինքն, մենք ստանում էինք ձրի գազ, բայց կանխիկի գեներացիայի արդյունքում (իսկ հատկապես՝ գազը վաճառվում է բնակչությանը, ձեռնարկություններին եւ էներգետիկ ընկերություններին ու վառելիք-գազի արժեքը կուտակվում է «ՀայՌուսգազարդի» հաշիվների վրա) կուտակում ենք այդ 140 մլն դոլարը: Պատկերացրեք՝ հատուկ հաշվին այդ գումարները մուտք չեն արվել: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե մեր գազային համակարգը վաճառեին կանխիկ միջոցների դիմաց: Թեեւ դա հայկական կողմի մեղքն է, նրա նախապայմանը: Էներգետիկները եւ Քոչարյանն այդ միջոցների մեծ մասը փոշիացրին, հորինվեցին դրանց շրջանառության հիմարագույն մեխանիզմներ: Ի վերջո, պարզվեց, որ դրանք հաշիվների վրա չկան: Դրանք «անհետացել» էին: Եթե տեղում լինեին՝ դրանց հաշվին կմարվեր վերոհիշյալ 100 մլն դոլարի պարտքը: Բայց՝ ավաղ: Քոչարյանի վարչակազմը ոգեշնչված էր: Այժմ էլ «անհետացած» գումարները ձեւակերպեցին իբրեւ միջպետական պարտք: Կարիք չկա շատ մեղադրել ռուսներին: Նրանք առանձնապես կապ չունեն: Նրանց գործը չէ հայկական կողմի արդյունավետության մասին մտածելը:
Այժմ գիտեք, թե որտեղից առաջացավ պարտքը եւ ինչպես լուծեց խնդիրը Քոչարյանը: Նա, իհարկե, հասկանում էր, որ որոշ մարդիկ կսկսեն քննել իր գործերը: Եվ որպեսզի ուշադրություն շեղի՝ Արշակ Սադոյանին պատվիրեց «մազութի գործը»: Տարօրինակ է, չէ՞, փոխանակ զբաղվեին Քոչարյանի էներգետիկ «արշավներով»՝ մարդիկ սկսեցին զբաղվել մազութով: Բավական է նշել, որ իմ կառավարությունը 1991-1995 թվականներին Թուրքմենստանից ստացել է ավելի քան 5 մլրդ խմ ծավալով գազ եւ պարտք մնացել ընդամենը 30 մլն դոլար: Քոչարյանը հաջողեց ընդամենը 1-2 տարում «չհավաքագրել» շուրջ 150 մլն դոլարի չափով գումար: Պատահական չէ, որ երբ 1999 թվականին ինձ հրավիրեցին դատախազություն (Քոչարյանից պատվեր կար՝ պատժել ինչ-որ մեկին) եւ իրենց համար պարզեցին պատկերը, այսպիսի հարց տվեցին՝ ինչո՞ւ դուք կանխիկ վճարեցիք 3 մլն դոլար Թուրքմենստանին: Ես նրանց պատասխանեցի՝ իսկ ինչ է, վա՞տ է, չէ՞ որ Հայաստանը պետք է վճարեր շուրջ 200 մլն դոլար: Այդ ժամանակ քննիչը հարցրեց՝ իսկ արդյոք չէի՞ք կարող այդ 3 մլն դոլարն էլ չվճարել: Իսկ ես նրան՝ դուք ի՞նչ է, ուզում եք ասել, թե արդյոք ես չէի՞ կարող քցել Թուրքմենստանին: Այսպիսով, կարծում եմ, պատասխանեցի նաեւ հարցի երկրորդ մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել