Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-7

Մարտ 10,2011 00:00

«Երեւան» հեռուստաընկերության մրցութային առաջարկում
հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ նշված
երկու տարբեր թվերից ՀՌԱՀ-ը հիմք է ընդունել այն մեկը, որը նրան առավելություն էր տալիս մրցակցի նկատմամբ:

\"\"

\"\"

\"\"

Մինչ այժմ բոլոր հեռուստաընկերությունները, որոնց առաջարկները ներկայացրել ենք՝ միայնակ էին մասնակցել մրցույթներին: Երիտասարդական ուղղվածության թիվ 8 մրցույթն առաջինն է, որի մասնակիցները երկուսն էին՝ «Երեւանն» ու ԱԼՄ-ն: Դիտարկենք, թե ինչ առավելություններ ուներ «Երեւան»-ի առաջարկը:
Իր «բիզնես ծրագիր» անվանված մրցութային առաջարկում «Երեւանը» հիշատակելուց հետո, թե իրենց հեռուստաալիքը հեռարձակվելու է Երեւանի տարածքում՝ շարադրել է նման տվյալներ. «Մայրաքաղաքը զբաղեցնում է 227 քառակուսի կմ տարածք եւ գտնվում է ծովի մակերեւույթից 900-1200 մետր բարձրության վրա»: Հավելվածներում անգամ Երեւանի մի քանի լուսանկարներ են ներառել՝ մասնավորապես ՀՀ նախագահի նստավայրի եւ ԱԺ պատկերները, Հանրապետության հրապարակը եւ այլն: Ծրագրի հիմնական մասում նշել են, թե Երեւանի բնակչությունը 1,1 մլն մարդ է (հավելվածում մանրամասնել են բնակչության թվաքանակն ըստ Երեւանի վարչական շրջանների եւ ներկայացրել հիմնական ժողովրդագրական ցուցանիշները), 286 հազարը երիտասարդներ են: Շարադրված է նաեւ կանանց տոկոսը, ամուսնության եւ ամուսնալուծության ընդհանուր գործակիցները եւ այլն: Կարելի է ենթադրել, թե ինչու են Երեւանում գրանցված ամուսնալուծությունների քանակի մասին տվյալներ տեղադրել իրենց մրցութային առաջարկում՝ «Երեւան» հեռուստաընկերությունը չէր վարանում իր ամեն օր 3 ժամ տեւողությամբ «SMS-Chat» ծրագրում տեսահոլովակներին զուգահեռ տեղադրել «Կկատարեմ ամուսնալուծված կանանց բոլոր ցանկությունները» կարգի հայտարարություններ: Իսկ մրցութային այս առաջարկում էլ նշել են, թե այդ ծրագիրը «բովանդակային քննարկում է ծավալում երիտասարդներին հետաքրքրող բազում հարցերի շուրջ եւ հնարավորություն է ընձեռում անմիջական շփում հաստատել հեռուստադիտողների միջեւ, օգնում է տարբեր բարդույթներով անձանց անկաշկանդ շփման»: Մեր դիտարկումներով՝ հիմնականում ոչ թե տարբեր, այլ մեն մի՝ սեռական բարդույթներով անձանց միջեւ էր ծավալվում այդ «բովանդակային քննարկումը»:
Ծրագրում ներկայացրել են մայրաքաղաքի 44 երիտասարդների՝ պատահական հեռախոսազանգերի միջոցով արված հարցման արդյունքները: Եվ քանի որ նրանցից 2-ն ասել էին, թե նախընտրում են դիտել «թոլկ-շոու», թերեւս այդ պատճառով էր «Երեւան» հեռուստաընկերության պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը վերջերս media.am-ին տված հարցազրույցում հայտնել. «Կունենանք առնվազն երկու թոք՝ հանրությանը հետաքրքրող թեմաներով»: Երկու մեջբերման դեպքում էլ պահպանել ենք բնագրի անաղարտությունը:
Նույն հարցման արդյունքներից դատելով՝ երիտասարդներին ընդհանրապես չի հետաքրքրում քաղաքականությունը՝ միայն ժամանցային, երաժշտական եւ նման այլ հաղորդումներ: Եվ այդ պատճառով էլ ե՛ւ մրցութային առաջարկում է նշված, թե նման հաղորդումները կազմում են իրենց հեռուստածրագրի «ծանրակշիռ մասը», ե՛ւ Արտյոմ Հակոբյանն էր ասել. «Ուզենք, թե չուզենք՝ քաղաքականությունն այսօր մարդկանց վրա բացասաբար է անդրադառնում: Մենք կփորձենք հնարավորինս զերծ մնալ քաղաքական քննարկումներից, թող երիտասարդությունը մեզ մոտ միայն դրական լիցքերով լի հեռուստանախագծեր տեսնի»: Սակայն դժվար է գուշակել, թե ինչպես են հաջողելու ե՛ւ «միայն դրական լիցքերով լի» նախագծեր իրականացնել, ե՛ւ կատարել մրցութային առաջարկում ներառված խոստումները, թե պարբերաբար պատրաստելու են հաղորդումներ, ասենք, «Մայրաքաղաքի մաքրության եւ այգիների պահպանության վերաբերյալ»:
Եվս մի դժվար բացատրելի հանգամանք կա այս մրցութային առաջարկում: Արշակունյաց 2ա հասցեում գտնվող Մամուլի շենքում տեղակայված բոլոր այլ խմբագրություններին չեն սեփականաշնորհվել իրենց տարածքները, որոնք նրանք զբաղեցնում են տարիներ շարունակ: Բայց այ, «Երեւան» հեռուստաընկերության միակ բաժնետեր եւ նախագահ Վարշամ Ղարիբյանին, որպես բացառություն, սեփականաշնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության տնօրինման ներքո գտնվող Մամուլի շենքի 983,7 քառակուսի մետր տարածք: Նա էլ այն անհատույց տրամադրել է «Երեւանին», սակայն վարձակալության զիջված գումարը՝ 10 տարվա համար 592 մլն դրամ, ներառված է բիզնես ծրագրում որպես հիմնադրի ներդրում:
Այսպիսով չի սպառվում հանելուկների շարքը: Ծրագրի 13-րդ էջում «Երեւանը» նշել է, թե ամսական ընդհանուր եթերաժամում իր հայրենական արտադրության հաղորդումները կազմելու են նվազագույնը 55%: Իսկ 15-րդ էջում մի աղյուսակ է ներկայացրել հաղորդումների նախատեսվող բաշխվածության մասին, որտեղ հայրենական հաղորդումները 2011-2020 թվականներին կազմել են արդեն 86-88%: Եվ հենց այս երկրորդ ցուցանիշն է հիմք ընդունել ՀՌԱՀ-ը՝ իր թիվ 93-Ա որոշման մեջ նշելով. «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է 87,2% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր»՝ էջ 15 )»: Հիշեցնենք, որ «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի հայրենական արտադրության հաղորդումների ծավալը կազմել էր 80,5%: Եվ հայրենական հաղորդումների ծավալը հենց այն 2 չափանիշներից մեկն է, որով «Երեւանի» առաջարկը համարվեց ԱԼՄ-ին գերազանցող:
Իր ծրագրում «Երեւանը» հանգամանալից նշել է, թե ինչպես է լուսաբանելու Երեւանի թատերական ու մշակութային այլ օջախների անցուդարձը, «Հին ու նոր Երեւան» հաղորդմամբ պատմելու «քաղաքի լույսի եւ ստվերի, հմայքի ու պերճանքի, երեւանցու տագնապի, հույզի ու հույսի» մասին, սակայն գրեթե շրջանցել այն ծրագիրը, որը մեծ տեղ ունի այս հեռուստաընկերության եթերում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունները: «Գրեթե» վերապահումը վերաբերում է նրան, որ այս ծրագիրը հիշատակել են հավելվածներում, թե շաբաթական 21 անգամ եթեր ունի՝ ամեն անգամ 45 րոպե միջին տեւողությամբ, ու նաեւ «ֆինանսական կանխատեսումներ եւ վերլուծություններ» բաժնում են որպես իրենց եկամտի աղբյուրներից մեկը նշել «Ավտոշուկայում հայտարարությունների դիմաց վճարը»:
«Երեւանը» նշել է, թե կանխատեսում են 1,704 միլիոն դրամի ընդհանուր եկամուտներ, ընդ որում՝ «գովազդից եւ այլ ծառայություններից եկամուտը կանխատեսվել է 1,097 միլիոն դրամ»: Անհրաժեշտ սկզբնական ֆինանսական միջոցները հիմնականում ապահովելու են «3 կազմակերպությունների 10 տարվա գովազդային ծառայության դիմաց սկզբնական վճարումով՝ ընդամենը 400 մլն դրամ գումարի չափով»: Այդ 3 կազմակերպություններն են «Էլիտ Շանթ», «Էկո Ֆուդ» եւ «Ապարանք Շանթ» ՍՊԸ-ները, որոնք էլի Վարշամ Ղարիբյանի սեփականությունն են՝ բիզնես ծրագրում նշված է. «Դրանք վերահսկվում են հեռուստաընկերության հիմնադրի կողմից»: Այսինքն՝ նույն սեփականատիրոջը պատկանող մի ընկերություն թուղթ է տվել մյուսին, որ պատրաստվում է գովազդների դիմաց վճարել նրան: ՀՌԱՀ թիվ 93-Ա որոշման մեջ սա այսպես է մատուցվել. «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության միակ բաժնետերը ներկայացրել է հավաստող փաստաթղթեր, ըստ որոնց՝ լիցենզիայի գործողության ողջ ժամկետում պարտավորվում է 400 000 000 ՀՀ դրամ ներդրում կատարել»: Այո, բիզնես ծրագրին կցվել են այդ ընկերությունների հետ նախնական համաձայնագրերը: Եվ զարմանալի է, բայց փաստ՝ գովազդի տեղադրման եւ նկարահանման վերաբերյալ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի հետ համաձայնագրում կա միայն մի կողմի՝ «Երեւան» հեռուստաընկերության կնիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031