Ստամբուլում գործող Սասունի հայերի սոցիալական օգնության միությունը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ թուրքական իշխանությունների, որոնք միությանը թույլ չեն տալիս հիմնադրամ բացել՝ հղում անելով քրդական Firat գործակալությանը, տեղեկացնում է HayNews.am կայքը: Սասունի հայերի սոցիալական օգնության միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, որ «իրենք ցանկանում են զարգացնել ազգային, կրոնական, մշակութային եւ լեզվական ինքնությունը, այդ պատճառով էլ նպատակ ունեն հիմնադրամ բացել»: Վերջինս նաեւ նշել է, որ թուրքական համապատասխան կառույցները թույլ չեն տալիս իրենց սեփական հիմնադրամն ունենալ, ինչի համար էլ իրենք որոշել են դիմել ՄԻԵԴ: Սասունցիների միությունն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է հիմնադրամ ունենալու համար, սակայն ամեն անգամ մերժումներ է ստանում Ստամբուլի վարչական դատարանի կողմից: «Սա խտրականության դրսեւորում է»,- նշել է Դաղջըն, ով հույս է հայտնել, որ ՄԻԵԴ-ի շնորհիվ իրենք կհասնեն իրենց նպատակին եւ սեփական հիմնադրամ կունենան: