«Քանի որ ես ճանաչում եմ կոնկրետ այդ անձնավորություններին՝ չեմ բացառում, որ ագրեսիան երկկողմանի է եղել»,- երեկ «Հայելի» ակումբում անդրադառնալով մարտի 3-ին Հանրապետության հրապարակում ոստիկանների եւ «Ժառանգության» միջեւ բախմանը՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, թեեւ նաեւ նշեց. «Երեւույթը շատ տհաճ է եւ անցանկալի»: Բանավեճի մյուս մասնակիցը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հակադարձեց, թե նրանք, ովքեր «դիտել են կադրերը, չեն կարող խոսել երկկողմ ագրեսիայի մասին»:
Համլետ Հարությունյանի մյուս փաստարկն էր, թե «Ժառանգության» բողոքները միշտ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով. «Տեղի են ունենում ընդդիմության բազմահազարանոց միտինգներ, որտեղ նմանատիպ միջադեպեր չեն լինում»: Ու թեեւ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքում էլ հրմշտոց էր եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ (տե՛ս https://www.youtube.
com/watch?feature=player_embedded&v=sn9xHpqV0CM), Համլետ Հարությունյանը պնդեց, թե այդ վերջին հանրահավաքում «ոչ մի այդպիսի միջադեպ չեղավ»: Եվ սրան հավելեց. «Այն կարծիքին եմ, որ «Ժառանգության» ներկայացուցիչների ստեղծած այդ լոկալ բախումները բավականին լավ կազմակերպված եւ որոշակի կենտրոններից ղեկավարվող են»: «Ռադիո Հայ»-ի խնդրանքին՝ նշել, թե հատկապես ո՞ր կենտրոններից՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, համենայնդեպս՝ ոչ Հայաստանի»: Լրագրողները հետաքրքրվեցին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթի՝ «Ժառանգության» գործունեության վրա հնարավոր ազդեցությամբ եւ Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ փետրվարի 28-ին, երբ տիկին դեսպանը ելույթ էր ունենում ԵՊՀ-ում՝ հենց այդ նույն ժամին քաղաքապետարանի մոտ տեղի էր ունենում բախում ցուցարարների ու ոստիկանների միջեւ. «Այնպես որ, եթե Մարի Յովանովիչի ելույթից ինչ-որ մեկը տեղյակ էր, ապա դա Ռոբերտ Մելքոնյանն ու Խաչիկ Ավետիսյանն էին»: