Հայրենի ոստիկանությունը սկսել է «գողական» գնալ. նա մարդկանց հա՛մ կանչում է բաժիններ, հա՛մ վախեցած հերքում այդ փաստը
Հայ ազգային կոնգրեսը ահազանգում է, որ ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքից հետո տասնյակ քաղաքացիներ կանչվել կամ տարվել են ոստիկանության բաժիններ, որտեղ «իրավապահները» փորձել են պարզել, թե ինչու են վերջիններս մասնակցել հանրահավաքին: Այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Կոնգրեսին ահազանգել են հենց այն մարդիկ, որոնցով ոստիկանությունը «հետաքրքրվել» է: Բռնություններ գործադրելու մասին տեղեկություններ չկան, ըստ քաղաքացիների, ոստիկաններն իրենց հետ հանգիստ զրուցում են: Աղբյուրի մատուցմամբ, ՀԱԿ-ին դիմածներից մեկը՝ Համբարձում Հարությունյանը, ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե մարտի 7-ին ոստիկանության Էջմիածնի բաժնից մի կապիտան իրեն զանգել եւ տեղեկացրել է, որ ցանկանում է հետը զրուցել: Ըստ Հարությունյանի, ինքը գնացել է ոստիկանության բաժին, որտեղ իրեն իր ավտոմեքենայի մասին հարցեր են տվել՝ մասնավորապես, թե ո՞վ է վարում տվյալ համարանիշով ավտոմեքենան եւ ինչո՞ւ է մարտի 1-ին կայանված եղել «պոնչիկանոց» կոչվող սրճարանից մի քանի մետր վերեւ: Հանրահավաքին մասնակցած Հարությունյանն ասել է, թե ինքը ոչ մի օրենք չի խախտել, եւ ոչ ոք իրավունք չունի «կոպտորեն ոտնահարել իր սահմանադրական իրավունքը»:
Ընդդիմությանն ահազանգած մեծ այլ քաղաքացի՝ Վեդիից Գարիկ անունով մի երիտասարդ էլ պատմել է, որ իրեն շաբաթ օրը եկել, տանից տարել են ոստիկանության Վեդիի բաժին ու փորձել են ճշտել, թե մարտի 1-ին ինչո՞ւ է եկել Երեւան: «Ասացի, որ ցույցին չեմ եղել, հիվանդանոցում եմ եղել: Դե, էդ ցույցի օրերին, դուրս է գալիս, որ իրավունք չունենք Երեւան գալու: Անկապ մի 2 ժամ մնացել եմ, հետո թողել են»,- պատմել է Գարիկը:
ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն էլ փոխանցել է, որ այս օրերին 4-5 հոգու էլ կանչել են Հրազդանի ոստիկանություն:
«Վերջին միտինգից հետո մեր մի քանի ակտիվիստների՝ Խաչատրյան Խաչիկին, Փիլիպոսյան Աշոտին, Գրիգորյան Մանվելին, Ներսիսյան Արշակին կանչել են ոստիկանության բաժանմունք եւ փորձել են «մտերմիկ», ինչպես իրենք են բնութագրում, զրույց ունենալ: Հարցերը հետեւյալ բնույթի են եղել՝ ինչո՞ւ եք գնում միտինգի, ինչի՞ց եք դժգոհ, մի՛ գնացեք եւ այլն»,- ներկայացրել է Մեսրոպյանը, ում ասելով, քաղաքացիներն ապօրինի՝ առանց ծանուցագրի են կանչվում ոստիկանության բաժիններ:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ կարծիք է հայտնել, թե իշխանությունները հոգեբանական եւ ինֆորմացիոն պատերազմ են սկսել սեփական ժողովրդի դեմ ու «վերջին հուսահատական ճիգերն են անում, փորձում են ռեպրեսիվ ապարատը գործադրել, որ աճող ընդվզման, դեմոկրատական այս ալիքի դեմն առնեն»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, իհարկե, հերքել են ընդդիմադիրների եւ քաղաքացիների բոլոր այդ պնդումներն ու փոխանցել, որ հանրահավաքի առիթով քաղաքացիներին ոստիկանության բաժիններ հրավիրելու դեպքեր չեն եղել: Ինչ վերաբերում է իրենց հրավիրելու փաստը բարձրաձայնած անձանց, ապա՝ ըստ ոստիկանության, Համբարձում Հարությունյանը Էջմիածնի ոստիկանություն հրավիրվել է ավտոմեքենայի հետ կապված խնդիրների առնչությամբ, Գարիկ անունով անձը ոստիկանության Վեդիի բաժին չի կանչվել, ինչպես ոստիկանության Հրազդանի բաժին չեն կանչվել Մեսրոպ Մեսրոպյանի հրապարակած անուն-ազգանուններով անձինք:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքից առաջ էլ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանն էր հայտարարել իրեն ոստիկանության Դավիթաշենի բաժին «հրավիրելու» եւ հանրահավաքին չմասնակցելու իրեն ուղղված հորդորի մասին: Ոստիկանությունը խոստացել էր ճշտել այդ տեղեկությունը, ինչը մինչ օրս էլ կամ չի արել, կամ ճշտել է ու փաստը հերքելու տարբերակ չունի, ուստիեւ՝ դրա մասին լռում է: